Անկաշկանդ մտածողությամբ

«Երկխոսություն»` այսպես է խորագրել իր անհատական ցուցահանդեսը Գեղակադեմիայի քանդակի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Մանվել Մաթեւոսյանը, որի թվով 14 գործ այս օրերին ցուցադրվում է «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Բազմանշանակ խորագիր, որ ներառում է ամենատարբեր երեւույթներ, դրանց տարբեր ասպեկտներ, քանի որ զրույց կամ երկխոսություն կարող է ծավալվել ամեն ինչի շուրջ: Օգտագործված նյութը մետաղն է, մտածողությունը՝ խորհրդապատկերային, ենթատեքստային է, արտահայտության ձեւը՝ նույնպես: Վերացարկման ոճը ամենաբարդը քանդակագործության մեջ է, երբ արվեստագետին հարկ է լինում հաղթահարել կարծր նյութի դիմադրությունը՝ առաջադրելու որոշակի գաղափար, միտք՝ առարկայական նախատիպից հեռանալով:  Արդիական քանդակագործության գեղարվեստական լեզուն վաղուց այսպիսին է, որն անշուշտ մտածողական տարբեր որակ եւ երեւակայություն է պահանջում:

Ներկայացված գրեթե բոլոր գործերը այս տարվա աշխատանքներ են՝ «Երկխոսություն» եւ «Ընտանիք» շարքերից` բավական հետաքրքրական մտահղացումներ եւ իրագործումներ, որոնք դիտողից պահանջում են ակտիվ կապ, որովհետեւ հարցեր են առաջադրում, մտքեր ծնում, տրամադրություն ստեղծում: Այս առումով բավական ինքնատիպ մեկնաբանություն է նրա «Խորհրդավոր ընթիրք»-ը: Երիտասարդ արվեստագետի հայացքը արտաքին աշխարհին, նրա որոնումների գիծը կարծես ուրվագծվում է: Գարեգին Դավթյանը այն կարծիքին է, որ այս փուլում նա փորձում է ճանաչել, այն ինֆորմացիան, որ ունի,  դեռ զարգանալու է եւ  կփոխվի:  Նրա առաջին ուսուցիչը՝ Աշոտ Ավագյանը ասում է, թե առաջին քայլերից զգացել է, որ նա «մի տեղ կհասնի, քանի որ ներքին լուրջ պոտենցիալ ունի»:

«Մենք ակադեմիական կրթություն ենք տալիս, բայց եւ խրախուսում ենք ոչ ստանդարտ մտածողությունը: Սա այդ երեւույթներից մեկն է, շատ հետաքրքիր մտածողություն ենք տեսնում այս գործերում՝ փիլիսոփայական հակվածությամբ. նրա այս զրույցը ընտանիքի, կին – տղամարդու, կյանքի, տիեզերքի մասին է». – քանդակի ամբիոնի վարիչ Գետիկ Բաղդասարյանը ակնկալում է, որ այսօրինակ գործերը կյանքի կոչվեն քաղաքային միջավայրում, վստահ, որ այսպիսի արվեստը ավելի աշխույժ կապ է ստեղծում դիտողի հետ:

Երիտասարդ ստեղծագործողի աշխատանքների դինամիկ, ինտերակտիվ բնույթը ընդգծելով` Գարեգին Դավթյանը նշեց յուրաքանչյուր գործի նպատակայնությունն ու իմաստավորումը՝ որպես ստեղծագործողի վառ երեւակայության արդյունք: Ըստ նրա, ժամանակակից քանդակագործության եւ առհասարակ արվեստի ընդհանուր միտումների համատեքստում, մենք բավական ետ մնացած ենք, չնայած մեզանում այսօր եղած գաղափարական ազատությանը,  բացակայում է արվեստային մթնոլորտը: Կղզիացած այն վիճակը, փակ շղթան, որտեղ կայանում է հայ արվեստն այսօր, անբարենպաստ է, հատկապես՝ երիտասարդների համար: «Երիտասարդը ինչ ուզում, անում է այստեղ, ազատ է մտածողությամբ, բայց նա բաց, մեծ տարածք պետք է դուրս գա: Նա փորձեց սա անել մի ճյուղի մեջ, որ կոչվում է poor art: Քանդակագործության մի տեսակ, որ սկիզբ առավ Իտալիայում, պատերազմից հետո, երբ մարդիկ հնարավորություն չունեին մարմարե, բրոնզե քանդակներ գնելու, եւ քանդակագործները մտան սվալկաների մեջ ու սկսեցին օգտագործել հին, անպետքական իրեր, մեքենաների մասեր եւ այլն: Հետագայում այս արվեստը մուտք գործեց պատկերասրահներ: Այս ոճի մեջ կարելի է ամեն ինչ ասել. սա մտածելակերպ է եւ իր մոտ ստացվում է ՝ առանց ավելորդ հարդարանքների, գեղեցկացնելու հետաքրքիր գործեր է անում: Մեր միջավայրում այսպիսի մտածողություն կրողների համար դժվար է իհարկե, այսպես կոչված էլիտար մասսան չունի այդպիսի հետաքրքրություն՝ նա սիրուն, փայլեցրած բաներ է սիրում՝ այն գլամուր կոչվածը, որը հակաարվեստային բան է միանգամայն: Իսկ եթե նա հայտնվի համապատասխան միջավայրում, իր տեղը կգտնի անշուշտ»:

Մանվել Մաթեւոսյանը «Պատասխան 100 տարի անց» նախագծի մրցանակակիր է, «Ավրորա» մրցանակի հաղթողներին շնորհվող «Դեպի հավերժություն» արձանիկի հեղինակը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.