Շարունակվող բացահայտումներ՝ վարպետը եւ իր ուսանողները

Թվով՝ չորրորդը

 

Արդեն քանի տարի է ավանդույթի են  վերածվել Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 8-ին իր անվան ցուցասրահում կայացող արվեստագետ, արվեստասերների հավաք – հանդիպումները: Ցուցասրահում, որի երկրորդ հարկը մշտական ցուցադրության է տրամադրված  նկարչի շուրջ 30 աշխատանքների, ի թիվս որոնց, «Հոգեհանգիստ Իգդիրում»՝ պատմական նշանակությամբ վերջին անավարտ մեծ կտավը, կազմակերպվում են  տարբեր միջոցառումներ,  առաջին հարկում՝ ցուցահանդեսներ:

«Էդուարդ Իսաբեկյանը եւ իր ուսանողները» շարքը, որ տարիներ առաջ մտահղացավ ցուցասրահի պատասխանատու Իրինա Իսաբեկյանը եւ առաջին ցուցահանդեսի բացմանը խոստացավ, որ այն լինելու է շարունակական, իսկապես հաջողությամբ իրագործվում է: Այս նոյեմբերին թվով չորրորդն էր, որի բացմանը ներկա էին Իսաբեկյանի արվեստը գնահատող մարդիկ, արվեստագետներ, Վարպետի նախկին ուսանողներ: Իր տեսակի մեջ, նաեւ շարունակականության առումով, եզակի այս ցուցադրությունը, ինչպես Իրինա Իսաբեկյանն է ասում. «Նպատակ ունի ավելի ակտիվացնել, ջերմացնել Վարպետի նախկին սաների հանդիպումները միմյանց հետ, եւ իհարկե՝ ներկայացնել նրան որպես ուսուցիչ, քանի որ նա տաղանդավոր մարդ էր ամեն ինչում, նաեւ՝ դասավանդելու մեջ»:

Հայ ժամանակակից գեղանկարչության երեւելի վարպետը ոչ միայն նկարչության մեջ է խորը հետք թողել բազմաժանր ու բազմաբովանդակ իր ստեղծագործությամբ, այլեւ՝ որպես արձակագիր, էսսեագիր, հրապարակագիր նա նույնքան տաղանդավոր է եւ շատ հետաքրքիր: Նրա «Իգդիր» վեպը կենդանի, թրթռացող պատում է՝ գրված իր նկարչության պես թանձրաշերտ, կոլորիտային, գունեղ ոճով ՝սիրելի  ծննդավայրի ու մեր լեզվի շքեղության ողջ փայլով:

Իսաբեկյանը նմանապես բացառիկ է եղել որպես դասախոս, ոչ միայն գիտելիք փոխանցող, տեխնիկա, գրագիտություն սովորեցնող մանկավարժ միայն, այլեւ եղել է ուսանողի  լավագույն խորհրդատուն, բարեկամն ու ընկերը: Իսաբեկյանի լայնախոհ մտածողությունը միշտ կարեւորել է արվեստագետին անհրաժեշտ ստեղծագործական ազատությունը՝ որպես անհատական ձեռագրի կայացման նախապայման:

Որդին՝ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իաբեկյանը, որը նույնպես աշակերտել է հորը, հիշում է նրան պատկառանքով ու  միշտ ընդգծում այն հանգամանքը, որ նա երբեք չի սահմանափակել ուսանողի որեւէ գաղափար ու մտահղացում: «Անկախ նախասիրություններից աշխատել է զարգացնել նրանց պրոֆեսիոնալ ունակությունները, նպաստել ստեղծագործական հետագա հաջողություններին: Այս ցուցահանդեսում տեսնում ենք դրա արդյունքները. ներկայացված են աշխատանքներ ամենատարբեր ուղղությունների՝ ռեալիստականից մոդեռն եւ անգամ պոպարվեստ, գուցե համաձայն չլիներ, բայց տաղանդավոր մարդուն միշտ խրախուսում էր եւ աշխատում օգտակար լինել»:

Ներկա ցուցահանդեսի մասնակիցների՝ տարբեր տարիների Վարպետի սաների, – շատերն այսօր ճանաչված նկարիչներ՝ Գրիգոր Խանջյան, Սարգիս Մուրադյան, Սամվել Խաթլամաջյան, Վրույր Գալստյան, Անատոլի Պապյան, Արեւ Պետրոսյան, Լեւոն Բաղդասարյան, աշխատանքները  ներկայացնում են ամենատարբեր ուղղություններ ու ոճեր:

Արվեստի ասպարեզում սովորող ուսանողների համար հատկապես շատ կարեւոր, երբեմն անգամ որոշիչ կարող է լինել կողքին ունենալ այնպիսի ուսուցիչ, որ նրա ամենաբնորոշ, ինդիվիդուալ հատկանիշն ու առանձնահատկությունը տեսնելով ու խրախուսելով հանդերձ, միաժամանակ կարող է դառնալ այդ ճանապարհի ուղեկիցն ու խորհրդատուն: Այդպիսի ուսուցիչ- ընկեր է եղել ուսանողների համար Էդուարդ Իսաբեկյանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.