Երբ հարազատ ես ինքդ քեզ

Տպավորությոիններ Գրիգոր Գեղամյանի ցուցահանդեսից

 

Ջերմ, գեղեցիկ մթնոլորտ կար ցուցասրահում. նկարներից էր, հեղինակից, մարդկանց վերաբերմունքից,- ամենը՝ մեկ տեղում: «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան»   ցուցասրահում գեղակադեմիայի երկար տարիների դասախոս Գրիգոր Գեղամյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումն էր: Կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանը  ցուցահանդեսը համարում է նկարչի դեմքը՝ նրա զգացումների, ապրումների, ապրված օրերի արտահայտությունը:  «Ինչ գեղեցկություն, բարություն ունի հոգում, փոխանցել է կտավներին: Իր ամենամեծ արժեքը հավակնությունից դուրս լինեն է, դա նրա էությունն է»:

Ցուցադրված աշխատանքների մեծ մասը բնանկարներ են, նաեւ դիմանկարներ, նատյուրմորտներ՝ անկեղծ, բնական վերաբերմունք դեպի մարդն ու աշխարհը: Երբ նա խոսեց, իհարկե շատ բան կար հիշելու, սակայն պահի մեջ ընտրեց աշխատանքային մի դրվագ, որտեղ պատմում էր գեղակադեմիայի մի աշխատակցի մասին, որին հաճախ էր տեսնում Սուրբ գիրքն ընթերցելիս: Եվ մի օր հարցնում է ՝ Աստծուց պիտի վախենա՞լ, թե՞ պիտի սիրել նրան: Ինքը համոզված է Սիրո արարչագործ զորության մեջ: Կյանքը դա հաստատում է ամեն քայլափոխի, պարզապես հարկավոր է զգալ դա, տեսնել, շոշափել: Նրա նկարները սիրո վերապրումներ են՝  միջավայրի, կյանքի, մարդու, գոյության բոլոր ձեւերի հանդեպ:

Գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը զարմանալի մի հատկություն ունի. յուրաքանչյուր անգամ իր խոսքը լսելիս՝ անդրադառնում եմ այն հանգամանքին, թե որքան գոհունակություն, բավարարություն է նա ապրում իր կոլեգաների, ընկերների, ուսանողների ստեղծագործական հաջողություններով, երբ այս ցուցասրահում լավ աշխատանքներ են ներկայացվում եւ առանձնացնում, ընդգծում է հենց այն որակը, այն հատկանիշը, որ  տվյալ հեղինակի համար ամենաբնորոշն է, ամենաէականը: «Գեղակադեմիայում մի քանի մարդ ունենք, որ ձեւավորում են մեր կոլորիտը, այս տարիների ընթացքում ստեղծվել է այդ մթնոլորտը: Գրիշա Գեղամյանը այն մարդկանցից մեկն է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ակադեմիայի այսօրվա առօրյան: Դժվար ուղի է նա ընտրել: Ռեալիստական արվեստը ամենադժվարն է, որովհետեւ այդ ուղղության մեջ հեշտ չէ այլեւս նոր, որակով բան ստեղծել: Շատերը դիմում են զանազան ձեւափոխությունների, որովհետեւ այս ասպարեզում իսկապես դժվար է արժեքավոր գործ ստեղծել: Գրիշա Գեղամյանը ընտրել է այս ճանապարհը, համառորեն շարունակում է եւ բավականին հաջողության է հասել»: Նա հատկապես ընդգծեց ակադեմիայի դասախոսների դիմանկարների շարքը՝ սանգինայով, մատիտով, ածուխով արված՝ գտնելով որ դրանք ավելի շատ պետք է ներկայացված լինեին:

Նկարչի վաղեմի ընկերը՝ Փարավոն Միրզոյանը հիշեց ակադեմիայի 90-ականների միջավայրը, երբ նոր ժամանակների մեջ նոր մթնոլորտ, նոր որակներ էին ձեւավորվում՝ անդրադառնալով գեղանկարի ամբիոնի դասախոս, տեխնոլոգիայի, ընդօրինակման մեծ վարպետ Արմեն Վարդանյանին, որի գործի արժանավոր փոխարինող նա տեսել է Գրիգոր Գեղամյանի մեջ, որ տարիների ընթացքում կատարելագործելով այդ արվեստը, հասել է վարպետության: Գեղակադեմիայի սրահի պատերին ներկայացված ընդօրինակումային աշխատանքների ղեկավարը Գրիգոր Գեղամյանն է: Եվ կարեւորեց, որ մանկավարժական  աշխատանքը նա կարողանում է զուգահեռել ստեղծագործական անհատական աշխարհին՝ ստեղծելով այսօրերի համար իսկապես որոնվող մարդկային արվեստ՝  ազնվությամբ ու մաքրությամբ հագեցած:

Արամ Իսաբեկյանը նմանապես անդրադարձավ այն դասընթացներին, որ վարում է Գրիգոր Գեղամյանը, համարելով դրանք անփոխարինելի, նույնպես եւ՝  ռեստավրացիայի, ընդօրինակման ասպարեզում կատարվող աշխատանքները՝ նկատելով, որ այսօր Հայաստանում ունենք հրաշալի ռեստավրատոր՝ Պատերբուրգի ակադեմիայի պրոֆեսիոնալ կրթությամբ:

Հիրավի տաք մթնոլորտ էր ցուցասրահում՝ նկարների պես անկեղծացած, որն ավելի ջերմացավ նկարչի հարեւանուհու՝ նրա մարդկային նկարագրի, ապրելակերպի մասին անկեղծ խոսքից. –  մարդը, արվեստագետը իր ամենօրյա կյանքի մեջ… այնպես, ինչպես նկարներում է:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.