Հոռոմոսի վանքը եւ ճարտարապետական առանձնահատկությունները

Գեղարվեստի պետակադեմիայի Հետազոտական կենտրոնի «Հանդիպումներ»  շարքի  հյուրը անցած հինգշաբթի Մատենադարանի գիտաշխատող, արվեստաբան Էդդա Վարդանյանն էր, որ դասախոսություն կարդաց «Հոռոմոսի վանքի ժամատան քանդակազարդ գմբեթը» թեմայով:  Մեկ ու կես ժամ տեւողությամբ, հետաքրքրական տեղեկություններ եւ հանգամանալի մեկնաբանություններ պարունակող ելույթը իսկապես տպավորիչ էր. բանախոսը նյութը լրացնում էր հընթացս ցուցադրվող լուսապատկերներով: Առիթը Ֆրանսիայում, Բյուզանդական կենտրոնի գիտական շարքերի շրջանակում, Էդդա Վարդանյանի խմբագրությամբ լույս տեսած «Horomos Monastery: Art and History» (Paris, 2015) գիրքն էր, որի հրատարակությունը իրականացնել հնարավոր է եղել 2008 թ.- ից հետո միայն, երբ մի խումբ գիտնականներ եւ լուսանկարիչներ  կարողացան այցելել մինչ այդ արգելված միջնադարի հայկական այդ կառույցը եւ նոր տեղեկություններով համալրել  եղած պատմական նյութը:

99

Գրքի առանձին բաժիններում անդրադարձներ են արված Հոռոմոսի վանքին ՝ տարբեր ասպեկտներով. հեղինակներ՝ Կարեն Մաթեւոսյան, պատմության բաժին,  Արմեն Ղազարյան՝ ճարտարապետություն, Ժան Պիեռ Մահե, Սամվել Կարապետյան՝ վիմագրություն, Էդդա Վարդանյան՝ քանդակ, Կարեն Մաթեւոսյան եւ Սոնա Բալոյան՝ մանրանկարչություն:  Վանքի՝ միջնադարյան Հայաստանում հայտնի գրչության կենտրոնը գործել է Բագրատունիների անկման շրջանում նաեւ, 13 – 14 – րդ դարերում վերելք է ապրել եւ  գործել է մինչեւ 1918 թվականը. այստեղ ստեղծվել են արժեքավոր շատ ձեռագրեր:

Գրքում զետեղված են անցյալում եւ ներկայում արված՝ սեւ – սպիտակ եւ գունավոր բազմաթիվ լուսանկարներ: Նոր ժամանակների՝ 2008 – ի լուսանկարների հեղինակներն են Արմեն Ղազարյանը եւ Հրայր Բազե – Խաչերյանը: Լուսանկարների հիման վրա ստեղծված գրչանկարների հեղինակը Սամվել Կարապետյանն է:

Էդդա Վարդանյանը անդրադարձավ վանքի պատմությանը, հանգամանալից՝ ճարտարապետության առանձնահատկություններին եւ նորամուծություններին: Հոռոմոսի վանքը հիմնվել է 10-րդ դարում, որի նշանակությունը հատկապես աճել է Անին Հայաստանի մայրաքաղաք դառնալուց հետո, քանի որ Բագրատունիներն այն վերածել էին տոհմական հանգստարանի, իրենց թագավորական դամբարանավայրի: 11- րդ դարի առաջին կեսին Հովհաննես Սմբատ թագավորը կառուցել է Սբ Հովհաննես եկեղեցին, որի արեւմտյան կողմում, մուտքի մոտ՝ ժամատուն. այն իր ձեւով մինչ այդ եղած եկեղեցաշինության մեջ նորություն էր՝ հավասարակողմ մեծ սրահով,  կենտրոնական մասում տեղադրված չորս խոշոր սյուների վրա ծածկով: Կենտրոնակազմ գավիթի ճարտարապետական այս ձեւը՝ առաջին անգամ ներմուծվել է Հոռոմոսի վանքում, հետագայում տարածվել Հայաստանի բազմաթիվ վանքերում, ինչպես Գեղարդավանքն է, Հաղարծինը: Ժամատունն ունեցել է թաղումային գործառույթ, համարվել թագավորաց հանգստավայր, չնայած փաստերի բացակայությանը (որովհետեւ դեռ պեղումներ չեն արվել), սակայն տարբեր նշաններից, գրություններից, ենթադրվում է, որ մտահղացումը հենց այդպիսին է եղել: Դասախոսության հիմնական թեման ժամատան՝ ութ մոնոլիտ, քանդակազարդ սալիկներից բաղկացած առաստաղի նկարագրությունը, դրա ճարտարապետական ձեւերի առանձնահատկությունները, մեկնաբանություններն ու կատարված բացահայտումներն էին:

Լուսապատկերների ուղեկցությամբ, առանձին – առանձին տրվեց յուրաքանչյուրի նկարագրությունը. դրանցից չորսը ձեւավորված է դեկորատիվ զարդաքանդակներով, որոնց հիմնական տարրը՝ սվաստիկան, համադրված է տարբեր զարդաձեւերով եւ կենաց ծառը՝ խաղողի խոշոր ողկույզներով: Բանախոսը անդրադարձավ դրանց կիրառությանն ու խորհրդին (սվաստիկան, ինչպես բոլոր  հին քաղաքակրթություններում, այնպես էլ հայկականում գոյություն է ունեցել որպես նորի, վերածննդի խորհրդանիշ), ներկայացրեց բոլոր պատկերները, դետալներն իրենց նշանակությամբ, անդրադարձավ խաչքարերի նմանությամբ երկփեղկյա դռներին՝ որպես երկնային դռների, երկնային արքայության խորհրդանիշ: Հանգամանորեն կանգ առավ արեւելյան կողմում տեղադրված ֆիգուրատիվ քանդակներ պարունակող սալիկի նկարագրությանը եւ երկու շարքով պատկերված քանդակներին՝  Թորոս Թորոմանյանի եւ ֆրանսիացի գիտնական Ժան Պիեռ Մահեի հետազոտությունների, կատարած աշխատանքների՝ վանքի չափագրումների, գծագրումների, մակագրությունների վերծանման եւ գնահատականների համեմատության հիման վրա:  Թորոմանյանի՝ ավելի վաղ արված գծանկարներում  (երբ քանդակները վնասված չէին, դեռեւս ամբողջական էին)  պատկերները առավել հստակ են երեւում, որից ենթադրվում է, թե ովքեր են պատկերվածները, ինչի բացահայտմանը նպաստել է պահպանված  արձանագրությունների, դրանց բնույթի ուսումնասիրությունն ու վերծանումը եւս: Բանախոսը հատուկ կարեւորեց այդ շրջանում ներմուծված նորարարությունները՝ չորեքկերպյան աթոռի պատկերումը՝ որպես նորամուծություն մանրանկարչության մեջ եւ կերպարային արտահայտությունները: Յուրաքանչյուր մեկնաբանություն զուգորդվում էր սուրբգրային համապատասխան տեքստի բովանդակության հետ: Ներկայացվեց նաեւ Հոռոմոսի վանքի եւ Անիի կես ճանապարհին՝ հատուկ նշանակությամբ կառուցված հաղթական կամարը, որը եզակի է եղել վանական ճարտարապետության մեջ. այն հանդիսացել է որպես թագավորական թաղման թափորի անցման կամար: Բանախոսը անդրադարձավ նաեւ պատմական այն ժամանակաշրջանին, որտեղ ապրել է կառույցի պատվիրատուն՝ Հովհաննես Սմբատ թագավորը, նկարագրելով Հայաստանի համար բարդ այդ ժամանակաշրջանը, նրա ներանձնական ապրումներն ու պայքարները, երբ փլուզվում էր Բագրատունյանց թագավորությունը, փաստորեն  վաճառքի էր հանվել Անին, համարելով, որ  կառույցի ճարտարապետական շատ ձեւեր, դեկորներ, խորհրդապատկերներ կատարվող իրողությունների  արտահայտիչներն էին, որոնք որոշակի գաղափարներ են կրում, արտահայտում երազանքներ, ինչպես օրինակ, առաստաղի՝ հատուկ ութ սալիկներով ձեւավորումը. թվի ընտրությունը պայմանավորված էր դրա խորհրդաբանական նշանակությամբ՝ որպես նորոգության, նոր կյանքի, Երկնային Երուսաղեմի խորհրդանիշ:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.