Կենսահաստատ վրձնումներ

Արփենիկ Նալբանդյանի հոբելյանական ցուցահանդեսում

 

«Արփենիկ Նալբանդյանը անհունորեն սիրում էր կյանքն իր բազմազանությամբ, զգացմունքներով եւ երազներով, անքակտելիորեն կապված էր մարդկանց ու բնության հետ: Նա փնտրում էր վեհը, իմաստային լավն ու գեղեցիկը»: 1967-ին Նկարիչների տանը Արփենիկ Նալբանդյանի հետմահու ցուցահանդեսի առիթով Արա Սարգսյանի այս խոսքերի ճշմարտացիությունը մեկ անգամ եւս հաստատում է Ազգային պատկերասրահում նկարչուհու 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը՝ բացված անցած ուրբաթ, հոկտեմբերի 28-ին: Հիրավի կյանքն իր լայն թեւերով սփռված է Արփենիկ Նալբանդյանի կտավներում՝ առատորեն բաշխվող: Անգամ մեկ հայացքով ընդգրկելով երեք սրահներում ներկայացված 70-ից  ավելի աշխատանքներ,  դժվար չէ տեսնել կյանքի հանդեպ կրքի հասնող բուռն սերը գույների շնչառության տաք արձագանքներում: Ինչպես ցուցահանդեսի բացմանը նկարչուհու որդին՝ Արամ Իսաբեկյանն ասաց՝  նրա շռայլ, լայն վրձնահարվածները  ներքին ուժ, ինչ – որ տեղ առնականություն են հաղորդում կտավներին, ինչը վկայում է հեղինակի կամային հատկանիշների, ամուր խառնվածքի մասին: Ցուցադրված գործերի զգալի մասը Ազգային պատկերասրահի հավաքածուից են ընտրված, մնացածը՝ ընտանիքը եւ մասնավոր հավաքածուորդներն են տրամադրել: Գունային լայն գամմա, բաց տարածություններ, պինդ վրձնահարվածներով քսվածքներ, որ նկարներին հաղորդում են կենսահաստատ լավատեսություն՝ լինի դիմանկար, բնանկար, թե նատյուրմորտ:

 

 

 

 

Դիմանկարների շարքում, իսկ դրանք բավականին են, կինը առաջնային է կարծես: Նա ստեղծում է կանացի ընդհանրական կերպար եւ կարելի է ասել, ամբողջացնում դա ինքնադիմանկարներում, որտեղ խիստ արտահայտված խառնվածքային գծեր կան եւ դրանք բազմազան են՝ կանացի քնքշության հետ մեկտեղ ուժի արտահայտություն, մեղմության հետ կամք ու դիմադրություն, խոնարհության հետ պայքարի ձգտում:  «Մերկ կինը»,  «Սեւամորթ կինը»,  ահա երկու շատ տպավորիչ պորտրետ, որպես բնության ձայնի արձագանք՝ կնոջ ֆիզիկական, երկրային բնույթի մեջ թրթռացող՝ կյանքով լեցուն, ուժեղ: Սովորաբար նման դեպքերում խոսում են հոգեբանական նրբերանգների արտահայտությունների մասին, սակայն նկարչուհին կարծես այդ  պահը չէ, որ արձանագրում է. նա փնտրում – գտնում է խառնվածքի ամենաբնորոշ գծերը, նրանք ոչ այնքան խորհող՝ որքան ապրող, արարող, կյանքին արձագանքող կերպարներ են: Այդպիսին է ինքն իր դիմանկարներում՝ կամային, խառնվածքի հաստատակամությամբ, միաժամանակ փխրուն կանացի բնէությամբ,  ինչպես դա տեսնում ենք յասամանի թափանցիկ բույրով հագեցած «Ինքնանկար հայելու մեջ» նկարում, իսկ «Աշնան ծաղիկներ», «Աղբյուրի մոտ», «Մեր բակը» գործերում եւ մի շարք նատյուրմորտներում գույնը անմիջականորեն սնվում է կյանքի ավիշներից: Իհարկե, կան նաեւ հոգեկան, ներքին վիճակների վերապրումային արտահայտություններ, ինչպես՝ Մհեր Մկրտչյանի դիմանկարն է, որի մասին Մարտին Միքայելյանն ասում է, որ հայ բեմի վարպետին, ոչ ոք այդպես չի տեսել, ինչպես Արփենիկ Նալբանդյանը:

Ճակատագիրը նրան ընտրել էր գեղանկարչության համար, նրա եղբայրը՝ Դմիտրի Նալբանդյանը նույնպես նշանավոր նկարիչ էր: Հետագայում նա կյանքը կապում է հայ ժամանակակից նկարչության երեւելի վարպետ Էդուարդ Իսաբեկյանի հետ, ում հետ ծանոթանում է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում սովորելու տարիներին, որտեղ էլ աշակերտել է Ալեքսանդր Բաժբեուկ – Մելիքյանին:  «Նա խորհրդային ոչ մի նկարչի նման չէ, ասում է Մարտին Միքայելյանը, թեեւ մի փոքր ազդեցություններ ունեցել է իր ուսուցչից՝ վաղ շրջանի գործերում նկատելի,  եւ Էդուարդ Իսաբեկյանից մեկ – երկու տարի՝ համատեղ կյանքի անխուսափելիությունից, բայց այն, ինչ տեսնում ենք այս ցուցահանդեսում, միայն նրարչության խնդիր չէ: Այս արդյունքին հասնելու համար պետք է լինել շատ լավ մարդ, խորը անհատականություն, որպիսին Արփենիկ Նալբանդյանն էր: Հենց իր ժամանակին էլ եղան մարդիկ  եւ կռահեցին, որ նա սովորական  նկարչուհի չէ, ինչպես՝ Արա Սարգսյանը, Արա Բեքարյանը»:

Վերադառնալով Երեւան՝ Արփենիկ Նալբանդյանը դասախոսական աշխատանքի է անցնում Գեղարվեստի ակադեմիայում: Այստեղ է, որ լավագույնս բացվում են նրա մանկավարժական եւ մարդկային բարձր հատկանիշները, որի մասին դեռ հուզմունքով են շարունակում խոսել իր աշակերտները, թե՝ բախտավորություն էր ունենալ այդպիսի  ուսուցիչ, որ շրջապատում էր սաներին մայրական հոգատարությամբ ու սիրով: Այդ մասին ցուցահանդեսի բացմանը խոսեց Արամ Իսաբեկյանը: Շնորհակալությամբ դիմելով ներկաներին, ցուցահանդեսի կազմակերպիչներին՝ Ազգային պատկերասրահի աշխատակիցներին ու ղեկավարությանը, Մշակույթի նախարարությանը, բոլոր նրանց, ովքեր հիշում են Արփենիկ Նալբանդյանին նա ասաց, որ այն ջերմությունը, որ մայրը տվել է ուսանողներին, կյանքի ընթացքում զգացել է իր հանդեպ, «նրա շռայլ բարությունը, տաղանդը ուսանողների հետ կիսելու շնորհն իմ վրա էլ է անդրադարձել»:

Ցավոք, կյանքից վաղաժամ հեռացավ նկարչուհին, ստեղծագործական ուժերի ծաղկուն շրջանում, սակայն թողած պատկառելի ժառանգությամբ նա ուրույն, պատվավոր տեղ է զբաղեցնում հայ կերպարվեստի պատմության էջերում: Կյանքի օրոք ունեցավ ընդամենը երկու ցուցահանդես, եւս մեկը՝ 1967-ին, հետմահու, եւ 2001-ին, երբ Գեղակադեմիայի  «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահի բացումը նշանավորվեց տաղանդավոր նկարչուհու աշխատանքների ցուցադրությամբ: Ազգային պատկերասրահի հոբելյանական այս ցուցադրությունը հնարավորինս ընդլայնված է, թեեւ որդին ափսոսանք է հայտնում, որ նկարչուհու շուրջ 400 –ի հասնող գործերից հնարավոր չեղավ առավել քանակություն ապահովել: Այդուհանդերձ, ընտրված գործերը, լինելով հեղինակի ստեղծագործական տարբեր շրջանների արտահայտություններ, թե՛ ժամանակային, թե՛ ժանրային առումներով, ամբողջական պատկերացում տալիս են նրա արվեստի մասին, ինչը լրացվում է այս առիթով տպագրված պատկերագրքի էջերում:

Ցուցահանդեսի բացման խոսքում ազգային պատկերասրահի տնօրեն  Արման Ծատուրյանը եւ  ցուցահանդեսի համակարգող  Հասմիկ Բադալյանը համառոտ անդրադարձան Արփենիկ Նալբանդյանի կյանքի ուղուն,  արվեստի հիմնական առանձնահատկություններին, ցուցահանդեսի բնույթին: Հոբելյանական ցուցահանդեսին ներկա Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը. շնորհավորելով արվեստասեր հանրությանը, ակնկալեց, որ հաջորդ օրերին եւս սրահը լեցուն կլինի այցելուներով՝  գրավելով հատկապես երիտասարդների ուշադրությունն ու հետաքրքրությունը:

Մեր կարճ զրույցի ընթացքում Մարտին Միքայելյանը հիշեց Պաբլո Պիկասոյի խոսքերը. «Արվեստը չունի անցյալ, արվեստը չունի ապագա, արվեստը ունի ներկա եւ ամբողջովին ներկայի մեջ է: Եվ ահա մենք դա տեսնում ենք այս ցուցահանդեսում՝ ինչպես է  շնորհաշատ նկարչուհին նորովի երեւում մեզ, այսօր ՝ ներկայում … »:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply