Իտալական մթնոլորտ` գեղարվեստի ակադեմիայում

Համաշխարհային մշակութային ժառանգության մեջ Իտալիան ակնհայտորեն գերակշիռ մաս ունի: Որեւէ ժողովրդի մշակույթը նրա ազգային հիմնինքնության՝ լեզվի արտահայտության դրսեւորումն է տարբեր ձեւերի մեջ. այդ պատճառով աշխարհում կարեւոր երեւույթ է նկատվում մայրենի լեզվի շաբաթի անցկացումը: Իտալերեն լեզվի շաբաթը, որ անց է կացվում 2001 թվականից, այս տարի մեկնարկեց հոկտեմբերի 18 –ից 24-ը: Հայ – իտալական վաղեմի առնչություններն ու մեր հետաքրքրությունները իտալական մշակութի հանդեպ մեզ անմասն չեն թողնում ամբողջ աշխարհում նշվող այս իրադարձությունից: Այս տարի «Իտալերեն լեզվի շաբաթը» («Իտալերեն լեզուն եւ ստեղծագործական առանձնահատկությունները, ապրանքանիշեր, ավանդական հագուստներ, նորաձեւություն եւ դիզայն») նշվեց Երեւանի պետական համալսարանում, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայում, որտեղ վաղուց կապեր են հաստատվել Իտալիայի գեղարվեստի մի քանի ուսումնական հաստատությունների հետ, իսկ վերջին չորս տարիներին բուհում ուսուցանվում է իտալերեն, ուսանողները մեկնում են Իտալիա, ամառային մեկամսյա դասընթացների մասնակցում Պերուջայի մշակույթի եւ լեզվի համալսարանում՝ դեսպանատան կողմից ստանալով կրթաթոշակ:

Հայաստանում Իտալիայի դեսպանատնից ստանալով «Աշխարհում իտալերեն լեզվի 16-րդ շաբաթը» ծրագրի մասնակցության առաջարկ՝ Գեղարվեստի ակադեմիան՝ միջազգային կապերի բաժինը ակտիվորեն արձագանքեց՝ օրվա ծրագիրը հագեցնելով բովանդակալից միջոցառումներով: Ակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում Սարո Գալենցի՝ արդեն ընթացող ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվեց իտալերեն սովորող ուսանողների աշխատանքների ցուցադրություն՝ իտալական մոտիվների, տրամադրությունների արտահայտություններով: Միջոցառմանը հյուրընկալվել էր ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, ներկա էր Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը: Ողջունելով հյուրերին՝ ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ցուցասրահը ներկայացրեց՝ որպես նախեւառաջ ուսանողական աշխատանքների ցուցադրության վայր, դրվատանքով խոսեց իտալերենի եւ այլ օտար լեզուների ուսուցումն ակադեմիական դասընթացներում ընդգրկելու մասին: Անդրադառնալով հայ-իտալական մշակութային կապերին՝ նա ասաց. «Իտալիան, ինչպես աշխարհի թերեւս բոլոր երկրների, այնպես էլ մեր երկրի համար, արվեստի մի հավաքական կենտրոն է, որ ոգեւորության, ներշնչման աղբյուր է հանդիսանում աշխարհի արվեստասեր հանրության եւ մեզ համար մասնավորապես: Իտալական մշակույթը առանձնահատուկ կարեւորություն ունի. նա Վերածննդի հայրենիքն է»:

Դեսպան Ջովաննի Ռիչուլլիին գոհունակություն հայտնեց գեղակադեմիայում արվեստի հետ կապված բոլոր առարկաների ուսուցման առիթով, խոսեց իտալերենի եւ իտալական մշակույթի հանդեպ հայաստանյան բուհերի ակտիվ հետաքրքրության մասին: Ըստ վիճակագրության, աշխարհում 2 մլն. երիտասարդ ուսումնասիրում է իտալերեն լեզուն. նրանց մի մասը ճակատագրի անհրաժեշտությամբ է դա անում: Նա նկատի ուներ աշխարհում այսօր լայնորեն տարածված էմիգրացիան, բայց աճում է մշակութային եւ այլ հետաքրքրություններով պայմանավորված իտալերենն ուսումնասիրող երիտասարդների քանակը, ինչպես դա նկատվում է Երեւանի գեղարվեստի ակադեմիայում:

Իտալերեն լեզվի դասախոս Անահիտ Մկրյանը ներկայացրեց իտալերենն ուսումնասիրող ուսանողների գործերը, սրահում երկու ուսանողի կողմից հընթացս կատարվող նկարչական աշխատանքը, երբ կտավի ճերմակը աստիճանաբար ծածկվում էր Մուրանոյի հայտնի գույներով՝ դրան մասնակից դարձնելով ներկաներին, դեսպանին, հյուրերին: Ջովաննի Ռիչուլլիի տպավորությամբ երիտասարդների նկարներում կյանք կա, հետաքրքրություն: Նա տպավորված էր Սարո Գալենցի աշխատանքներով, պատկերների ծավալային խորքայնությամբ, դրանց իմաստային շարժերով:

Միջոցառման երկրորդ մասում Ֆլորենցիայից հրավիրված արվեստաբան Լեոնարդո Ֆիլաստոն դասախոսություն կարդաց «Իտալական ավանդական հագուստների համառոտ պատմությունը նկարների միջոցով» թեմայով: Անդրադառնալով իտալական միջնադարի եւ Վերածննդի նորաձեւության առանձնահատկություններին՝ հագուստի յուրաքանչյուր դետալ, դրա նկարագրությունը, նշանակությունը, կրելու անհրաժեշտությունը, ներկայացրեց Վերածննդի իտալացի վարպետների նկարների օրինակներով (Ռաֆայել Սանտի, Սանդրո Բոտիչչելի, Լեոնարդո դա Վինչի եւ ուրիշներ)
:

Միջոցառման ընթացքում հնչող իտալական երաժշտությունը, ճաշակով ձեւավորված, համեղ հյուրասիրությունը՝ «Կոնգրես» հյուրանոցի «Ռաֆաելլո» ռեստորանի կողմից կազմակերպված, ավելի հյուրընկալ էին դարձնում սրահի մթնոլորտը: Հյուրանոցի ուտեստեղենի եւ խմիչքի մենեջեր Կառլո Բենեֆորտին համառոտ ներկայացրեց իրենց համագործակցությունը՝ ինչպես Իտալիայի դեսպանատան, այնպես էլ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա մյուս դեսպանատների եւ միջազգային կառույցների հետ: Իտալիայի դեսպանատան հետ համագործակցության՝ հինգերորդ եւ հյուրասիրություն կազմակերպելու երկրորդ տարին է՝ Իտալիայի ազգային տոնի եւ «Աշխարհում իտալերեն լեզվի 16-րդ շաբաթվա» առիթներով: Խոհանոցը բազմատեսակ է, հարուստ՝ իտալական, նաեւ տարբեր ազգերի կերակրատեսակների ու համերի յուրահատուկ համադրումով. իհարկե եւ՝ հայկականի:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.