Նվիրված երկրի անկախության 25 – ամյակին

Արվեսագետը, նրա ստեղծագործությունը սուբյեկտիվության մեջ է գրավիչ ու հետաքրքիր: Նկարչի համար աշխարհը ոչ միայն սեփական գույների ու ձեւերի վերածելն է կարեւոր, կտավի մակերեսներին ու դրանց խորքում զգացմունքի հետքերը թողնելը, այլեւ որոշակի երեւույթների հանդեպ վերաբերմունքի անհատականությունը:

Պատերազմական օրերին ավերածություններ ու դժբախտ դեմքեր նկարելուց բացի ավելի տպավորիչը ծաղիկների բյուր բազմությունն էր՝ խոնարհված կամ լուռ սպասումով… Ճշմարիտ արվեստագետը երեւույթին արձագանքում է ներաշխարհի իրական ձայներից… որով նա մշտական հաղորդակցության մեջ է մնում արտաքին աշխարհի հետ:

 Ստեղծագործական ազատությունը արվեստագետի համար լավագույն վիճակն է՝ առանց թեմատիկ ինչ – ինչ սահմանափակումների (եւ պատվերային քաղաքականությունը նույնպես չպետք է կաշկանդի նրա ազատ մտածողությունը): Այդպիսին էր տպավորությունը Գեղարվեստի ակադեմիայի “Ալբերտ եւ Թովէ Բոյաջեան” սրահում օրերս բացված ցուցահանդեսից՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 -ամյակին: Ներկայացված էին ակադեմիայի գեղանկարչության ամբիոնի դասախոսների աշխատանքները՝ ազատ ընտրությամբ: Յուրաքանչյուր գործի հեղինակային անհատական մտածողությունն ու ոճը բազմազանություն էր ապահովում, վերաբերմունք արտահայտում՝ անկախ թե ինչ է պատկերված կտավին, քանի որ դրանք մեր կյանքի, մեր միջավայրի, մեր առօրյայի ու մշակույթի արձագանքներն են, այն ինչ ապրել եւ ապրում ենք մենք անկախության այս 25 տարիներին: Ահավասիկ Էդվարդ Վարդանյանի անրջող գույների բանաստեղծական ապրումները, կտավներն ասես ընկղմված խորհրդավոր սպասման լոււյսի հովիտներում: Անատոլի Գրիգորյանի մի քիչ ավելի թանձր գույներում դարձյալ սպասում ու մի տեսակ կարոտի այրող շունչ կա: Արամ Իսաբեկյանի նկարներից մեկը գաղտնիքներ է առաջադրում, որն աշխուժություն է առաջացնում, տարբեր կարծիքների, քննարկումների առիթ տալիս: Նկարի կենտրոնում պատկերված տարօրինակ արտաքինով մարդը՝ հավերժական հանելուկ խնձորի ու զանգակների միջեւ, տարատեսակ մտքեր է ծնում: Տպավորիչ են Վիլիկ Զաքարյանի աշխատանքները, Փարավոն Միրզոյանի անդիմագիծ կնոջ դիմանկարը:

Ակադեմիայի ցուցասրահում բացվող դասախոս-նկարիչների աշխատանքների յուրաքանչյուր ցուցադրություն, ինչպես բացման խոսքում ռեկտոր Արամ Իսաբեկյանն ասաց, հիմնական մեկ նպատակ ունի՝ յուրատեսակ հաշվետվություն է ուսանողների առաջ, ինչպե՞ս են աշխատում եւ ի՞նչ են ստեղծում այն մարդիկ, ովքեր իրենց են ուսուցանում: Իսկ վերջինը վերաբերմունքի արտահայտություն է երկրի համար կարեւոր այս երեւույթին՝ անկախության 25 – ամյա պատմությանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply