Դիլիջան

Արդեն բարի ավանդույթ է դարձել, որ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներն իրենց ամառային պրակտիկայի աշխատանքները ներկայացնում են ցուցահանդեսով։ Եվ այս տարին ևս բացառություն չէր։

Սեպտեմբերի 9-ին, Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ ԵԳՊԱ-ի գեղանկարի բաժնի առաջին կուրսի ուսանողների՝ Դիլիջանում անցկացրած պրակտիկայի ընթացքում կատարած աշխատանքների ցուցահանդեսի բացումը։ Ներկայացված էին շուրջ 50 աշխատանքներ։

Աշխատանքները, ինչպես խորագիրն է հուշում, արված էին Դիլիջանում՝ բացօթյա պայմաններում։ Դրանք կատարված են յուղաներկով, մատիտով, գրիչով։ Մարդիկ, ովքեր չեն եղել այնտեղ և չեն տեսել այդ հրաշալի բնությունը, ցուցահանդեսից լիովին կներշնչվեն և ամբողջական պատկեր կստանան Դիլիջանի մասին։ Ուսանողները շատ տարբեր են զգացել և պատկերել այն, ինչն իրենց շրջապատել է: Ներկայացված բոլոր աշխատանքները կոմպոզիցիոն առումով հավաք են, ամբողջական: Աշխատանքներն աչքի են ընկնում իրենց թեթևությամբ, նրբությամբ,  գույներով՝ կանաչավուն երանգների գերակայմամբ և յուրաքանչյուր աշխատանք ինքնատիպ է, և արտահայտում է ուսանող-հեղինակի վարպետությունը։

Բացման խոսքով հանդես եկան  ԵԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Գեղանկարի ամբիոնի վարիչ՝ Անատոլի Գրիգորյանը, ցուցահանդեսի ղեկավար Մեխակ Էլբակյանը, ովքեր շնորհավորեցին հեղինակներին ստացված ցուցահանդեսի կապակցությամբ և մաղթեցին հաջողություններ ստեղծագործական ասպարեզում։

«Դիլիջան» խորագրով էտյուդների ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 16-ը։ Մուտքն ազատ է։

Leave a Reply