«Art Camp» կերպարվեստի միջազգային հավաք

2016թ. հուլիսի 18-28-ը Անդորրայի Օրդինո քաղաքում տեղի ունեցավ «Art Camp» կերպարվեստի միջազգային 5-րդ հավաքը, որը կրում էր «Արվեստ հանուն խաղաղության» խորագիրը: Երիտասարդական այս ծավալուն միջոցառմանը, որը հիմնվել և անց է կացվում Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության (UNESCO) հովանու ներքո, մասնակցում էին կերպարվեստի շուրջ 30 ներկայացուցիչներ գրեթե բոլոր աշխարհամասերից: Հայաստանը միջազգային այս հեղինակավոր հավաքին ներկայացնում էր գեղանկարիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս` Արթուր Հովհաննիսյանը:

Նշենք, որ հավաքի ծրագիրը ընդգրկուն էր և ներառում էր բազմաբնույթ միջոցառումներ`այցելություններ ցուցահանդեսներ, հնավայրեր, Անդորրայի գեղատեսիլ վայրեր: Մասնակիցները հավաքի ողջ ընթացքում հնարավորություն ունեցան միասին ստեղծագործելու, ինչի արդյունքում ստեղծվեցին բազմաձև, բազմաբնույթ, երբեմն էլ տարբեր աշխարհամասերին բնորոշ առանձնահատկություններով կտավներ:

Մեր երկիրը ներկայացնող Արթուր Հովհաննիսյանի կտավները կրում էին` «Երիտասարդներն իմ շուրջ», «Գարնան պար» և «Մոգական ձուկ» անվանումը և նույնպես ստեղծվեցին հավաքի ընթացքում: Առաջին երկու կտավները կրում էին նաև խորհրդանշական բնույթ` խոսելով միջոցառման առաքելությանը համահունչ` խաղաղության, միասնականության և արվեստի խաղարար նշանակության մասին:

Միջոցառմանը ընդգրկված կարևոր կետերից էին, շնորհանդեսների երեկոները, որտեղ յուրաքանչյուր մասնակից համառոտ կերպով պետք է ներկայացներ իր երկիրը: Հարկ է նշել, որ երկրները բաժանված էին ըստ աշխարհամասերի և Եվրոպա աշխարհամասը ներկայացնող Հայաստանի մասնակիցը ելույթ ունեցողների թվում առաջինն էր: Սահմանափակ ժամանակահատվածում պետք է խոսվեր երկրի պատմության, մշակույթի, ավանդույթների մասին: Արթուր Հովհաննիսյանի ելույթը ընդգրկուն էր. ներկայացնում էր Հայաստանի պատմությունը, նրա հարուստ մշակույթը` կերպարվեստի, ճարտարապետության, գրականության, երաժշտաարվեստի, հագուստի ինչպես նաև խոհանոցային առանձնահատկություններով:

«Art Camp» հավաքի ընթացքում ստեղծված կտավները միջոցառման ավարտին ցուցադրվեցին Օրդինոյի ցուցասրահներից մեկում: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, արվեստագետներ, քաղաքական գործիչներ և կազմակերպչական կազմի ներկայացուցիչները: Բացման խոսքով ելույթ ունեցան Անդորրայում UNESCO-ի գրասենյակի ղեկավար` Ժոզեֆ Դալերեսը, Անդորրայի մշակույթի նախարար`Օլգա Ժիլբերտը, Անդորրայի Արտաքին գործերի նախարար` Ժիլբերտ Սաբոյան, «Art Camp» միջազգային հավաքի կնքամայր և UNESCO-ի կերպարվեստի խաղաղության ներկայացուցիչ Հեդվա Սերը և այլոք:

Ամփոփելով արդյունքները, ելույթ ունեցողներից յուրաքանչյուրն իր գոհունակությունը հայտնեց հավաքի ողջ ընթացքից` հատկապես ստեղծված կտավներից և ստեղծագործական բեղուն ընթացք մաղթեց երիտասարդ մասնակիցներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.