Բարության ու խաղաղության պատգամը

Պատահական չէ, որ  երեխաների պաշտպանության միջազգային օրը ընտրվել է ամռան առաջին օրը: Ամառ, որի արեւը ամենից շատ է, ուր  լույս ու ջերմություն է միայն:  Ու մանկությունը ամենից շատ ունի դրա կարիքը, պաշտպանության կարիք՝ իր խաղաղ, ապահով գոյության,  որովհետեւ աշխարհի խաղին նա դեռ մասնակից չէ, նա իր առանձին մոլորակում է, իր մեջ ամփոփված: Բայց կյանքը կյանք չի լինի, եթե նման տարբերակումներ դնի, նա իր օրենքներն ունի՝ մեր սուբյեկտիվ ճշմարտությունները շրջանցող, դրանցից դուրս…Այդ պատճառով է, որ երեխաների օրը պաշտպանության օր է կոչվում… նրանք խոցելի են, որովհետեւ անմեղ են:

Մեր ամենօրյա խնամքն ու հոգատարությունը երեխաների հանդեպ հունիսի 1-ին դառնում է ավելի պատասխանատու,  մի քիչ ավելի տոնականություն ստանում: Երեւանի գեղարվեստի ակադեմիան այդ օրը տոնի վերածելու ավանդություն է ձեւավորել եւ դա անում է բնականաբար՝ ցուցահանդեսային ներկայացմամբ: Այս տարի առավել տպավորիչ, ավելի ուրախ մթնոլորտ էր ապահովել «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասարահը մանուկների եւ նրանց ծնողների համար: Նրանց աշխատանքները հենց այդպիսին էին, իրենց աչքերի պես փայլուն, զարմանալի ու գեղեցիկ:

Հեշտ չէ մտովի տեղափոխվել ու հասկանալ այդ աշխարհը, որքան էլ ասենք թե «Մենք բոլորս գալիս ենք մանկությունից», կամ «Մանկությունը մի թռչուն է՝ թելով կապված մեր սրտերից»: Մանկությունը կարծես երազի նման մի բան է, որ թողնում ենք կյանքի ճանապարհի մի հատվածում, ծածկում հազար ու մի շերտով ու թերեւս ետ նայելու ժամանակ էլ չենք ունենում. այդ պատճառով, երբ նրանք խոսում են կամ նկարում, մեզանից շատ տարբեր է, երբեմն հանելուկային. մենք ճիգ ենք անում հասկանալու,  բայց հասկանու՞մ ենք արդյոք:

Թվում է՝ նկարներում նույն ձեռագիրն է, նույն զգացողությունները, որովհետեւ նրանք բոլորը մանկության միեւնույն մոլորակում են… սակայն իրականում տարբեր են պատկերները, այլ են տպավորությունները: Գույներն են  շատ ակտիվ. նրանց երեւակայության մեջ գունային  այս պատկերացումը այդպիսին է,  շրջակա միջավայրի իրենց ընկալումը վառ է՝ խաղի  գրավչությամբ:  Բոլոր երեխաների աշխատանքները գեղեցիկ են, գունագեղ, մաքուր՝  իրենց ներքին հեքիաթի պես, բայց երբ փորձում են պատմել այդ մասին, ուզում են նկարագրել նկարը, զարմանալի բարդ է թվում, երեւի թե նրանից է, որ երկու իրականությունների միջեւ  են՝  իրենց երեւակայության ու տեսանելի աշխարհի: Մի քանի աշխատանքներ, մանկական պարզությունից դուրս են, դրանցում նկատելի են նկարչական արվեստի ձեւավորվող մոտեցումներ. հետաքրքիր է եւ տարբերվող Արմինե Գալենցի աշխատանքը. նա 12 տարեկան է:

Ցուցասրահը մանկական ծիծաղով էր լի, այդ ուրախության, այդ գեղեցիկ հանդեսի  նախաձեռնողն ու կազմակերպիչը գեղակադեմիայի արհեստակցական կազմակերպության նախագահ Նորա  Կարապետյանն  էր: «Գեղարվեստի ակադեմիայի ուրախություններից մեկն է սա: Թող աշխարհով մեկ  սփռվի այս նկարների ջերմությունն ու բարությունը, խաղաղություն բերի ամենուր ու մեր երկրին». –  Վիգեն Ղազարյանի, Ավետիք Ավետիսյանի, բոլոր ներկաների ցանկությունը դա էր՝ ապահով մանկություն երեխաներին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply