Գոհար Գնունու ստեղծագործական աշխարհը

Գոհար Գնունու անհատական ցուցահանդեսը «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, յուրատեսակ վերաբերմունք է ակադեմիական իր ուսումնառության վեց տարիների. նա սովորում է գեղակադեմիայի գրաֆիկայի բաժնի մագիստրատուրայի ավարտական կուրսում եւ մի քանի օրից  դիպլոմային պաշտպանության է ներկայանալու: Ինչպես նշեցին կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանը եւ գրաֆիկայի ամբիոնի վարիչ Արա Բաղդասարյանը,  համարձակություն էր պահանջում այս ընթացքում անհատական նման ցուցահանդեսի կազմակերպումը, ինչը խոսում է նրա ստեղծագործական խառնվածքի եւ կարողությունների մասին: Ցուցահանդեսում ներկայացված է նրա ուսամնառության ընթացքը, անցած տարիների փոփոխությունները,  զարգացումները: Արա Բաղդասարյանը առանձնացրեց «Ծաղրածուն» շարքը, որ նա արել է առաջին կուրսում: Կերպարի առանձնահատկությունը՝  հակադրության միասնությունը, երբ հոգում՝ թախիծ, բայց  լեզվին՝ ծիծաղ, ծաղրածուն՝ հաճախ մենակ ու տխուր, բայց այլոց ուրախություն է պատճառում: Կերպարի այս հատկանիշը գրավել է ուսանողուհուն դեռ 1-ին կուրսից եւ ահա որպես ավարտական աշխատանքի թեմա նա ընտրել է Խ. Լ. Բորխեսի «Երկու արքաներ, երկու լաբիրինթոսներ» գրքի ձեւավորումը: Առհասարակ թեմայի ընտրություն կատարում է պահի մեջ ունեցած հոգեկան հարազատությամբ, մի բան, որ բնորոշ է ստեղծագործ անհատին:  Արգենտինացի գրողի այս ստեղծագործության ընտրությունը ենթադրում է հետաքրքրությունների ընդհանուր  դաշտ: Գոհարն ասում է, որ իրեն գրավել են ժամանակի հոսքի  մեջ մարդկային կյանքի իմաստի, մարդու ճակատագրի հետ կապված հարցերը, անդադար փոխվող ժամանակի մեջ մարդու ճակատագրի բորխեսյան մոտեցումը, երբ միեւնույն մարդը տարբեր ժամանակներում  ապրում է այն նույն կյանքը, ինչ՝ նախկինում: «Ժամանակի մեջ ամեն բան փոխվում է, սակայն կյանքը եւ մահը չեն փոխվում»: Այս մտածողությունը,  հետաքրքրություններն են գուցե նաեւ պատճառը, որ ներկայացված աշխատանքների մեջ նախընտրելի գործն իր համար «Սկիզբը եւ վերջը» նկարն է՝ ստեղծագործական երկու շրջանների հետաքրքիր միաձուլում, որի գաղափարը ածանցվել է մոլորակների թեմայով մի ֆիլմի վրա աշխատելիս.- կողք կողքի՝  ափսեանման երկու ֆիգուրները արտահայտում են  ծննդի ու մահվան իրարահաջորդ, հավերժական բնույթը:

Ներկայացված գործերի մեջ առանձնանում է կանացի դիմանկարների շարքը՝ արված Սանկտ Պետերբուրգի վեցամսյա աշխատանքի ընթացքում: Առաջադրանքի՝ բնորդի հետ աշխատելու ստեղծագործական մոտեցումը՝ փոփոխություններ կատարելու  ազատ ձեւերը,  ինչ-ինչ դետալներ, շտրիխներ ավելացնելու միջոցով հնարավոր են դարձնում կերպարի նորովի մեկնաբանությունը: Գոհարը հիմնականում աշխատում է պաստելով, սանգինայով, աշխատանքների զգալ մաս հաստոցային գրաֆիկայի ճյուղին են պատկանում:

Շնորհալի ուսանողուհին արժանացավ դրվատանքի խոսքերի՝ թե՛ Էդվարդ Վարդանյանի, թե՛ Արա Բաղդասարյանի, թե՛ դասավանդող դասախոս Աշոտ Հարությունյանի կողմից՝ պատասխանատվության, հատկապես ստեղծագործության հանդեպ ազնիվ վերաբերմունքի համար, որովհետեւ արտահայտում է այն, ինչ զգում է, ինչ հոգեհարազատ է իրեն՝ տուրք չտալով տարածված կեղծ մանեւրների, իսկ ամենակարեւորը՝ սիրով է աշխատում:

Էդ. Վարդանյանը ներկայացված աշխատանքները բնութագրեց  ամփոփիչ, հեղինակի որակները դրսեւորող ցուցահանդես: «Դու քո շրջանավարտ լինելու օրերին քեզ նվեր մատուցեցիր, սա կլինի գեղեցիկ հիշողություն՝ ակադեմիական ուսումնառության այս տարիների. ամենալավ ու երանելի օրերն են դրանք»: Նա նաեւ ափսոսանք ու զարմանք հայտնեց ուսանողների ներկայության սակավաքանակությունից. «Գոհարին դա պետք չէ, նա ամենը իրենից հանել, փոխանցել է մեզ: Դա ձեզ է պետք.  անտարբերությունը ամենավատ բանն է»:

Գոհարի խոսքի մեջ՝ շնորհակալությամբ ակադեմիական ուսման եւ սիրելի դասախոսների, նկատելի հուզմունք կար:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply