Պլակատի ազդեցիկ լեզուն

«Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահի վերջին ցուցահանդեսը՝ պլակատի ժանրին նվիրված, ներկայացնում է Գեղակադեմիայի դիզայնի ամբիոնի դոցենտ Էդվարդ Ամիրբեկյանի տարիների աշխատանքների ընտրանին:

Ցուցահանդեսի բացմանը ռեկտոր Արամ Իսաբեկյանը շնորհավորելով հեղինակին՝ նկատեց, որ նմանաբնույթ ուսանողական ցուցահանդեսների պարբերական ներկայության մեջ, այա մեկը տարբեր է, որովհետեւ դասախոսական ցուցահանդեսները կրկնակի պարտավորեցնող եւ պատասխանատու են, քանի որ ներկայացվում են ուսանողների դատին, եւ բնականաբար դրանք ուսանելի եւ օրինակելի պիտի լինեն: «Կարծում եմ այստեղ շատ բան կա սովորելու, թե՛ նրա արվեստից, թե՛ նրա անձից եւ անցած ուղուց»:

Ինքը՝ հեղինակը, ակադեմիայի դիզայնի բաժնի շրջանավարտ է, եւ տարիներ անց նրա վերադարձը բուհ ողջունելի համարեց ռեկտորը, կուտակված փորձի ու գիտելիքի հաղորդումը երիտասարդ սերնդին համարելով կարեւոր առաքելություն:
Ներկայացված աշխատանքները պլակատի ժանրին բնորոշ ուղղվածություններ ունեն ՝ քարոզչական, գովազդային, տեղեկատվական եւ կամ ուսումնական՝ թեմայի բազմազանությամբ՝ հայրենիքի, պարտքի ու պատասխանատվության, Մեծ եղեռնի, սոցիալական, էկոլոգիական. աչքի են ընկնում արվեստին նվիրված պլակատները, մասնավորապես թատերական շարքը եւ այլ:

Ինչպես Սուքիաս Թորոսյանն է նկատում՝ պլակատի արվեստը, հետխորհրդային շրջանում նահանջ արձանագրեց, թեեւ նախընթաց շրջանում էլ դա հիմնականում ծառայում էր գաղափարական քարոզչությանը: Նրա կարծիքով այս արվեստի առանձնահատկությունները կարեւոր նշանակությամբ կարելի է կիրառել հանրային կյանքում՝ ներգործության առումով, քանի որ թեմատիկ որոշակի՝ սոցիալական, քաղաքական, էկոլոգիական եւ այլ շեշտադրումները այն դարձնում են հիշյալ խնդիրների վրա ուշադրություն գրավելու ազդեցիկ գործոն, առանց որոնց վերածվում է դեկորատիվ արվեստի:

Կարեն Աղամյանը նույնպես նկատեց, որ ներկայում պլակատի արվեստով քչերն են զբաղվում. ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների քանակը վկայում է իր գործին հեղինակի նվիրվածության մասին: Նախկինում՝ ուսանողական, այժմ արդեն գործընկերոջ ցուցահանդեսը դրվատանքով ներկայացրեց Ստեփան Գյուլխասյանը:

Ինքը՝ հեղինակը, ժողովրդական իմաստուն մի ասացվածքով՝ «Եթե ուզում ես առողջ լինել, քիչ կեր: Եթե ուզում ես հարգված լինել, քիչ խոսիր», ամփոփիչ գնահատական տալով պլակատի արվեստին՝ ասաց. «Ես պլակատը գերադասում եմ մյուս արվեստներից, որովհետև այստեղ քչախոսություն կա: Քիչ խոսքով շատ բան ասել: Թե որքանով եմ հաջողել, հանդիսականը կասի»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply