Գրիգոր Աղասյանի հոբելյանական ցուցահանդեսում

«Մտահղացումից իրականացում»

Իսահակյան փողոցի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահի մուտքին հարող տարածքր հյուրընկալ էր երեկվա հետմիջօրեին. ցուցասրահի նկարները նույնպես՝ նոր, գեղեցիկ, տրամադրող: Ցուցահանդեսը նվիրված էր Գրիգոր Աղասյանի ծննդյան 90-ամյակին: Բարձր կուլտուրայի տեր նկարիչ, ընտիր մանկավարժ, որին չճանաչողներն անգամ, լսելով այն խոսքերը, որ ասվեցին, միանգամայն հաղորդական դարձրին նրա անձը՝ որպես մարդու, նկարչի եւ մանկավարժի: Տարիների նրա գործունեությունը, վաստակն էին բերել նման երախտիքի ու գնահատանքի: Անցյալի մեր վարպետների, արժանավոր մանկավարժների, մտավորականների հանդեպ  հարգանքի, երախտիքի զգացումը, որ ունեն գեղակադեմիայի ռեկտորը, դասախոսներն ու աշխատակիցները, եւ այդ վերաբերմունքի փոխանցումը  ուսանողությանը, սա է նաեւ այն օրինակելին, որ ներկա է այսօր ակադեմիայի կյանքում.- եւ այսօրինակ միջոցառումները որոշակի առումով ուղղված են դրան:

«1994-ին, երբ պրոռեկտոր դարձա, անփորձ երիտասարդ, ադմինիստրատիվ աշխատանքին անծանոթ էի: Դժվար ժամանակներ էին, երկրաշարժ, պատերազմ: Համախոհների խումբ ունեինք: Ինստիտուտը մեծ դժվարության առաջ էր՝ անգամ փակվելու վտանգի տակ: Մեր մեծերը մեր կեղքին էին, եւ երախտագիտությամբ ենք դա հիշում: Առաջինը իմ կողքին կանգնեց Գրիգոր Աղասյանը: Իր ողջ փորձը, որ ուներ Նկարիչների միությունում քարտուղար աշխատելու տարիներին, իր գիտելիքները, մարդկային բարձր որակները պատրաստակամորեն  ներդրեց, ցանկացած պահի պատրաստ էր օգնելու: Իր շնորհիվ որոշ բաներ  ավելի հեշտ անցանք: Եվ ընդհարապես իր գործում՝ թե՛ գրաֆիկայի ամբիոնում, թե՛ գծանկարի, թե՛ գեղանկարի, եղել է անփոխարինելի»: Անդրադառնալով նկարչի արվեստին եւ ներկա ցուցահանդեսին՝ Արամ Իսաբեկյանը ընդգծեց բարձր ճաշակն ու նկարչական  կուլտուրան, առանձնացրեց քաղաքային տեսարանները, հատկապես՝ երեւանյան, որը ժամանակին արժեւորել է Էդուարդ Իսաբեկյանը: Նա նշեց, որ հետագայում դիպլոմնիկների նմանաբնույթ աշխատանքները կրել են ազդեցություններ ուսուցչից եւ վստահաբար ունեցել նրա աջակցությունը եւ խորհուրդները: «Այս ցուցահանդեսը, որ նկարչի աշխատանքների մի փոքրիկ մասն է միայն, ճամփորդական տպավորություններ, դիտարկումներ են, դրվագներ՝ մեր կյանքից, մեր քաղաքից, տարբեր նյութերով արված էսքիզներ, կոմպոզիցիաներ, որոնք նկարչական առումով բարձր կուլտուրա են պարունակում եւ հետաքրքիր են ոչ միայն մեզ, նաեւ՝ ուսանողներին»:

Առանձնակի հարգանքով ներկայացրեց նկարչի անձը, մարդկային նկարագիրը Փարավոն Միրզոյանը, ընդգծելով նրա արվեստի նշանակությունը հայ կերպարվեստի պատմության մեջ: «Աղասյանը իր կյանքով մի ամբողջական դպրոց է: Կենդանի հանրագիտարան էր՝ ինձ մտերիմ, հարազատ անձնավորություն, իմաստուն մարդ էր: Այն ինչ արեց նա՝ հին Երեւանի թեման բերելով նկարչություն, իսկապես նորություն էր, դա աղասյանական թեմա էր, ոչ մեկը այս թեմային չէր մոտեցել, մենք չգիտեինք 30-ական, 40-ականների Երեւանը,  որպես դպրոց այն բացվեց մեզ համար»:

Կարեն Աղամյանը հիշեց Գրիգոր Աղասյանին՝ ուսանելու տարիներից, նրա մանկավարժական մոտեցումը, փորձը, երբ ուսուցչի թե՛ ստեղծագործությունը, թե՛ խոսքը, թե՛  գործելակերպը հավասարապես  ուսանելի էին,- ինչպես էր նա փոխանցում սաներին ոչ միայն տեխնիկա եւ վարպետություն, նաեւ՝ սեր արվեստի, մարդու, բնության հանդեպ:

Աղասյանի նկարչության առանձնահատկությունների մասին խոսեց Վիգեն Ղազարյանը, մասնավորապես գնահատեց փոքր չափսի ջրաներկ աշխատանքները, դրանց տեխնիկական կատարումը եւ մթնոլորտի զգացողությունների անմիջական փոխանցումը. «Այսպիսի ջրաներկ աշխատանքներ հազվադեպ են լինում, մոտ է ֆրանսիական շկոլային, երբ նկարում են՝ գույնր իրար վրա դնելով, կողք կողքի: Նա կարողանում էր տեսնել, որսալ յուրաքանչյուր բնակավայրի, տեղանքի բուն հատկանիշը, այդ զգացողությունը, էներգիան հաղոդել նկարին»: Եւ իսկապես, մասնավորապես քաղաքային տեսարաններում, ինչպես՝ եվրոպական (Փարիզ, Լոնդոն, Տալլին եւ այլ), այնպես էլ երեւանյան, անենափոքր մակերեսներին անգամ այդ տրամադրություններըը, զգացողությունները ներկա են: Տպավորիչ էին Կոնդի տեսարանը, գազանանոցի մի դրվագ, որին անդրադարձան Ա. Իսաբեկյանը եւ Վ.  Ղազարյանը:

Ցուցահանդեսի նախաձեռնողը եւ կազմակերպիչը նկարչի ընտանիքն էր՝ դուստրը` Տիգրանուհի Աղասյանը եւ թոռնուհին՝ Մարինա Հակոբյանը.  նա շնորհակալական խոսք ուղղեց ակադեմիայի ռեկտորին, ցուցասրահի տնօրինությանը, բոլոր աջակիցներին, ներկա հանրությանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply