Նվիրված Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին

Գեղակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահի երեկվա պատկերահանդեսի բացմանը արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ, պրոֆսոր Վիգեն Ղազարյանը համեմատությամբ անդրադարձ արեց պատմության մի դրվագի՝ Պուշկինի արձանը կանգնեցնելու առիթով Դոստոեւսկու ճառին, որտեղ գրողը մասնավորաբար հիշում է Լիսաբոնյան մեծ երկրաշարժի օրերին, ժողովրդի ծանրագույն վիճակներում մի բանաստեղծի եւ նրա արտասանած ոտանավորի տողերը… Խորհրդանշական համեմատություն՝ կյանքի, ընթացիկ իրադարձության, ժամանակի մեջ անցնող ցավի ու սպիացող վերքի եւ մնայուն արժեքների միջեւ…

Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված այս ցուցահանդեսը միանգամայն պատահաբար համընկավ մեր երկրում տիրող ծանր իրադրությանը: Մասնակցության առաջարկ արվել էր դեռեւս հունվարին, որին բուհը ամեն տարվա պես սիրով ընդառաջել էր: Այս մասին ավելի հանգամանորեն ներկայացրեց գեղակադեմիայի միջազգային կապերի պատասխանատու Մերի Պատվականյանը: « Ինչու՞ է «Փարիզ՝ իմ սեր», խորագիրը կրում ցուցահանդեսը, երբ չկան փարիզյան տեսարաններ. ընդհանուր այս հարցադրմանը Մ. Պատվականյանը այսպես պատասխանեց. «Վստահաբար յուրաքանչյուր նկարիչ կրում է ֆրանսիական, եվրոպական մշակույթի որոշակի ազդեցություն, այդ արվեստի ոգին: Եվ դրանք եթե ուղղակիորեն արտահայտված չեն, սակայն ակնհայտ է ամենատարբեր ուղղությունների, ոճերի ազդեցությունները նկարչական առումով: Յուրաքանչյուր նկարիչ իր մեջ ունի իր Փարիզը»:

Նախկինում կազմակերպված նմանաբնույթ ցուցահանդեսները հիմնականում եղել են ուսանողների մասնակցությամբ, այդ թվում նաեւ՝ ֆրանսիացի ուսանողների հետ համատեղ: Այս տարվա ցուցահանդեսը ներկայացնում է բացառապես դասախոսների աշխատանքներ՝ շուրջ 20 գործ՝ դիզայնի եւ դեկորատիվ – կիրառական արվեստի միասնական ամբիոնից: Դեկորատիվ- կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը ցուցադրությունը բնութագրեց որպես բազմաժանր (գրքի գրաֆիկական ձեւավորում, թեմատիկ նկարչություն, բնանկար, նատյուրմորտ), նաեւ՝ ուսանելի, որից ուսանողները սովորելու շատ բան ունեն: Միաժամանակ ցավով նշեց նրանց հետաքրքրասիրության պակասի եւ ոչ բավարար ներկայության մասին: Անդրադառնալով ներկայիս ցավալի իրավիճակին, շփման գոտում ընթացող պատերազմական գործողություններին՝ նա ասաց, որ սա կյանքի շարունակվող ընթացք է, բնականոն աշխատանք: Այս առումով Վ. Ղազարյանը համակարծությամբ նշեց, որ, եթե հարկ լինի, եւ եթե իրենց տարիքը ների, անկասկած իրենք էլ կգնան, կկանգնեն սահմանին կռվող երիտասարդների կողքին: «Ամբողջ ազգը այսօր զարմացնում է իր միակամությամբ, մի մարդու պես կանգնած է, անկախ որեւէ հակառակությունից, եւ այլ կերպ չէր կարող լինել, որովհետեւ սա հայրենիքի հարց է: Սա էլ մեր փոքր լուման է հայրենիքին, ցուցահանդես, որ հետաքրքիր է իր բովանդակությամբ, բազմազանությամբ, ոճային, գունաձեւային արտահայտություններով, մեկնաբանություններով, որից ուսանողները կարող են դասեր քաղել, կարող են եւ հակադրվել, ինչ խոսք»:

Գծանկարի եւ գունանկարի միասնական ամբիոնի վարիչ Կարո Գալենցը նույնպես ընդգծեց ցուցահանդեսի ուսուցողական նշանակությունը, որպես ուսումնական ընթացքի անմիջական շարունակություն, խոսեց նաեւ ճանաչողական բնույթի մասին, ինչը հնարավորություն կտա ուսանողին մեկ այլ կողմից իմանալ դասավանդող ուսուցչին, նրա մեջ տեսնել նկարչին, հասկանալ նրա մտածելակերպը, ժամանակի նրա ընկալումը. « Անշուշտ նաեւ հարցեր կառաջադրվեն, որ շատ կարեւոր է, որովհետեւ արվեստն առանց հարցադրման առաջ չի գնում, մանավանդ ուսուցման ընթացքում»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.