Գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես՝ «ԷՍՏԱՄՊ»

Գեղարվեստի ակադեմիայի  «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան»  ցուցասրահում նկարչական տրամադրությունները` ներդաշնակված երաժշտական մթնոլորտով, շատ ավելի տպավորիչ դարձրեցին երեկվա ցուցադրությունը: Գրաֆիկայի ամբիոնի 2-րդ եւ 3-րդ կուրսերի ուսանողները պատասխանատվությամբ էին մոտեցել ցուցահանդեսին, եւ ներկայացված աշխատանքները գնահատանքի արժանացան: Ցուցահանդեսի բացման խոսքում կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանը գոհունակությամբ նշեց ոչ միայն մասնակցության ակտիվությունը, նաեւ մասնագիտական որակը՝ ուսանողներին հորդորելով

ավելի համարձակություն եւ նախաձեռնություն հանդես բերել:Նա նկատեց, որ լավ կլիներ նույնպիսի  մասնակցություն բերեին  նաեւ 1– ին եւ 4-րդ՝ ավարտական կուրսի ուսանողները: Նշեց, որ չնայած գրաֆիկական արվեստը նյութի հետ կապված որոշակի դժվարություններ է ստեղծում, սակայն ուսանողները կարողացել են հաղթահարել այն եւ ներկայացել պատշաճ մակարդակով, ինչը նաեւ ամբիոնի աշխատանքի որակի ցուցիչ է: «Հիմա  դուք ուսանող եք, սովորում եք, բայց ձեր մեջ ուսանողից բացի պետք է լինի նկարիչը, դուք հիմա՛ արդեն պիտի զգաք նկարչին ձեր մեջ: Այս տարիներին նկարիչը պիտի ձեւավորվի ձեր մեջ,  ավելի համարձակություն ու նվիրվածություն պիտի ունենաք»:

Ցուցահանդեսի մասնակիցներին շնորhավորելով՝ գեղակադեմիայի ուսումնական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը ընդգծեց տարվա ընթացքում կատարված աշխատանքների ցուցադրության անհրաժեշտությունը՝ կիսամյակներին, կամ տարեվերջին: Ողջունելով կոնսերվատորիայի ուսանողների ներկայությունն ու համագործակցությունը՝ նա նշեց, որ իրենք եւս  փոխադարձ մասնակցություն կբերեն կոնսերվատորիայում կազմակերպվելիք միջոցառումներին:

Աշխատանքային ընթացքի ղեկավար Աբրահամ Սահակյանը, գնահատությունը թողնելով դիտողներին, խոսեց ուսանողների ստեղծագործական մոտեցման, տպագրությունից մինչեւ էքսպոզիցիա  համատեղ կատարված աշխատանքի եւ այն մասին, թե բնավ հաշվետվության համար չէ այս  ցուցահանդեսը, եւ թե որքան նշանակություն ունեն դրանք արվեստի ճանապարհին ուսանողի կայացման համար,   երբ նա հնարավորություն է ունենում ինքնադրսեւորման ու ինքնագնահատության,  լսելու  ընկերների կարծիքները, դասախոսների գնահատականներն ու նկատառումները, ինչն անհրաժեշտ լիցք է հաղորդում: Հետաքրքրական էր ուսանող-արվեստաբանների հետ քննարկման նրա առաջարկը:

Ցուցահանդեսի մասնակիցների կողմից ելույթ ունեցող ուսանողուհին մասնավորորապես գնահատեց  Ա. Սահակյանի աշխատանքը, շնորհակալությամբ՝ կոնսերվատորիայի ուսանողներին, հաճելի մթնոլորտի համար:

Վերջում Էդվարդ Վարդանյանը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ հոբելյանին Գեղարվեստի ակադեմիան անհրաժեշտաբար հանդես պիտի գա ակտիվությամբ. արվեստագետը առավել պարտք ու պատասխանատվություն ունի ազգային արժեքների, խորհրդանիշների, նրա պատմության ու ներկայի հանդեպ: Նա հույս հայտնեց, որ այս աշնանը՝ անկախության տոնակատարության օրերին ականատես կլինենք  գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի ուսանողական բովանդակալի եւ հարուստ ցուցահանդեսների:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply