Մրցութային ցուցահանդես

Մրցութային ցուցահանդես՝  նվիրված  Սբ Սարգիս զորավարի տոնին

 

Ազգային-հոգեւոր ավանդույթների խորհուրդը, դրանց պահպանման անհրաժեշտությունը  եւ ամրապնդումը հանրային գիտակցության մեջ տեւական աշխատանք է պահանջում: Իր հիմնական,  բովանդակային նպատակից բացի, այն նաեւ որոշակի հմայք է հաղորդում մեր կյանքին.-  զուտ տոնակատարությունները կարեւոր, բայց բավարար չեն, դրանք օրվա հետ կարող են եւ անցնել:

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր. կարելի է ասել՝  արդեն լայնորեն տարածված  մեզանում:

Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Այս տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով:

Երեկ Երեւանի Գեղարվեստի պետակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում կայացած ուսանողական ցուցահանդեսը՝ նախաձեռնությամբ Արարատյան հայրապետական թեմի,  նվիրված էր տոնի խորհրդին: Բացման արարողությունը աղոթական խոսքով կատարեց Սբ Սարգիս եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Եսայի Արթենյանը՝ փոխանցելով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը:

Նախընթաց  հինգ տարիներին թեմի նախաձեռնությամբ կազմակերպվել են նմանաբնույթ ցուցահանդեսներ՝ Աշխարհի հայ նկարիչների միության, նաեւ՝ Հ. Իգիթյանի անվ. Գեղագիտական ազգային կենտրոնի սաների հետ. վերջինս այժմ էլ շարունակվում է՝ ամեն անգամ գեղագիտական նոր հաճույք ու հիացմունք պատճառելով դիտողին: Իսկ վերջին  երկու տարիներին ցուցահանդեսներ կազմակերպվում են նաեւ բուհերի ուսանողների հետ՝ այս անգամ արդեն մրցութային: Այս տարի մրցույթը՝ «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսով,  իրականցվում է Գեղարվեստի պետակադեմիայի, Մանկավարժական, Ճարտարապետաշինարարական համալսարանների եւ Փ. Թերլեմեզյանի անվ. քոլեջի ուսանողների միջեւ՝ սահմանված  4 մրցանակային անվանակարգերով՝ գեղանկարչություն, քանդակ, գրաֆիկա, մանրանկարչություն: Յուրաքանչյուր բուհի հատկացված է մրցանակային առանձին ֆոնդ,  հանձնաժողովները կազմված են բուհի դասախոսներից եւ եկեղեցու հոգեւորականներից: Այն նպատակ ունի երիտասարդության մեջ ազգային ավանդական տոների նկատմամբ հետաքրքրությունն առավել անմիջական եւ գիտակցված դարձնելու, քանի որ ստեղծագործական այսպիսի մասնակցությունը ենթադրում է ավելի հանգանալի իմացություն, որն անշուշտ այդ արժեքները վերապրելու, դրանց կրողը դառնալու լավագույն միջոցներից մեկն է:

Գեղակադեմիայի ուսանողների ցուցադրված աշխատանքների մասին իրենց վերաբերմունքն արտահայտեցին դեկորատիվ – կիրառական արվեստի եւ կերպարվեստի ֆակուլտետների դեկաններ՝ Ավետիք Ավետիսյանը եւ Էդվարդ Վարդանյանը՝ հիմնականում ցանկություն   հայտնելով ուսանողների առավել ակտիվ մասնակցության: Ա. Ավետիսյանը, խրախոսելով ազգային արմատներին վերադառնալուն միտված նմանաբնույթ միջոցառումները, միաժամանակ նշեց որոշակի բացթողումներ, ինչպես՝  թեմայի շրջանակներում ստեղծագործելու, այսինքն՝ թեմատիկ նկարչությունը զարգացնելու անհրաժեշտություն, եւ ոչ թե ընդհանուր մոտեցում, ասենք՝ եկեղեցիների պատկերում,  սիրո զգացումի վերացական մեկնաբանություն, կամ՝ մեկ այլ: Լինելով տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցող արեստի բուհը, պահանջը եւ պարտավորությունը գեղակադեմիայի սաներից համապատասխանաբար ավելի բարձր է:

Ցուցահանդեսի ավարտին Տեր Եսայի քահանա Արթենյանը մասնակից ուսանողներին  Նավասարդ արք. Կճոյանի կողմից հանձնեց շնորհակալագրեր:

Մրցույթի հաղթողներին սպասվում են պատվոգրեր եւ դրամական պարգեւներ, ինչն ամենայն հավանականությամբ կտրվի Սբ Հարության տոնից՝ մարտի 27-ից հետո, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.