Երկխոսություն արվեստի բուհերի միջեւ

Երեւանի գեղարվեստի ակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահը մայրաքաղաքի մշակութային կյանքում իր ուրույն տեղն ունի: Տարիների  հետեւողական եւ լուրջ աշխատանքի արդյունքում ձեւավորված ավանդույթները ցուցասրահի նշանակությունը վաղուց դուրս են բերել բուհական շրջանակներից: Բացի ուսանողների աշխատանքների ցուցադրություններից, այստեղ հաճախ իրենց գործերով հանդես են գալիս նաեւ բուհի դասախոսները, որը ավագ եւ եիտասարդ սերունդների միջեւ երկխոսելու առիթ է: Հատկապես կարեւոր է այսպիսի միջոցառումների անկաշկանդ, ազատ մթնոլորտը, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին ոչ միայն ստեղծագործական ինքնադրսեւորման, նաեւ կարծիքների փոխանակման եւ վերաբերմունքի արտահայտման: Ցուցասրահը բուհական կյանքի կարեւոր մասն է՝   արվեստագետ ուսանողության ստեղծագործական կյանքը խթանող ազդակներից մեկը,  որ եւ փորձ է իրենց աշխատանքների հանրայնացման, ինքնագնահատման եւ ճանաչողական առումներով:  Այստեղ ցուցահանդեսներ  ունենում են ոչ միայն ուսանողներ եւ դասախոսներ, նաեւ դրսի ճանաչված արվեստագետներ, այդ թվում՝ արտերկրից:

Տարվա վերջին ցուցահանդեսը եւ իր տեսակի մեջ առաջինը, համագործակցությամբ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների հետ, ամենայն հավանականությամբ սկիզբ կդնի նոր մի գեղեցիկ ավանդույթի: Ներկայացված գեղանկարչական գործերը հիմնականում ուսանողական վերջին պրակտիկայի աշխատանքներն էին՝ գունային ակտիվությամբ աչքի ընկնող բնության տեսարաններ, նաեւ կային մի շարք այլ, բավական հետաքրքրական նկարներ:

Գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ողջունելով հյուրերին՝ ասաց, որ նախկինում այսպիսի համատեղ միջոցառումներ եղել են, սակայն՝ բացօթյա, եւ սա առաջինն է բուհական ցուցասրահում: Անդրադառնալով  ցուցասրահի գործունեությանը՝ նա նշեց այն կարեւոր դերը, որ սրահն ունի   ուսումնական պրոցեսում, նկատելով որ այն զուտ ներբուհական նշանակությամբ չի գործում, եւ որ արվեստասեր շրջանակներում հետաքրքրություն եւ հեղինակություն վայելում է վաղուց արդեն: Արվեստի երկու բուհերի առաջին այսպիսի համագործակցությունը ողջունելով՝ Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը գոհունակությամբ նշեց ուսանողների սեփական նախաձեռնության այս փորձը, որպես ներքին պահանջի արտահայտություն: Նա միաժամանակ ընդգծեց արվեստի բուհերի առանձնահատկություններն ու տեղի ուսանողների տարբերությունները՝ նկատի ունենալով ստեղծագործական դրսեւորումները՝ նրանց բնորոշ ազատ մտածողությունն ու երեւակայությունը: Նա ցանկություն հայտնեց կոնսերվատորիայում նույնպես կազմակերպելու նմանաբնույթ միջոցառումներ, որը ուսանողների փոխադարձ շփումներն ավելի կակտիվացնի եւ  կմեծացնի մասնակցության հանդեպ նրանց հետաքրքրությունը, ինչին արձագանքեց երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր Աննա Մայիլյանը՝ համարելով այն ակտիվ բուհական շարժ ակնկալող միջոցառում: Նրա ղեկավարությամբ եւ մասնակցությամբ դասական վոկալի իր դասարանի սաները հանդես եկան Կոմիտասի ստեղծագործությունների եւ ժողովրդական երգերի տպավորիչ կատարումով: Ապա 3-րդ կուրսի կոմպոզիցիայի դաշնամուրի բաժնի ուսանող Վահագն Վարդանյանը  Թաթուլ  Աճեմյանի նվագակցությամբ կատարեց Բախի ստեղծագործություններից մեկի սեփական փոխադրումը: Համերգային մասն ավարտեց Թաթուլ Աճեմյանը՝  կիթառի համար գրված իր սեղծագործության կատարումով:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply