Համադրումներ

Տոմա Դադայանի անհատական ցուցահանդեսը Գեղակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում գունային ակտիվությամբ անմիջապես գրավում է դիտողին եւ ստեղծում տոնական  տրամադրություն. եւ՛ հնչող երաժշտությունն  է այդպիսին, եւ՛ հանդիսականի հետաքրքրությունը, ե՛ւ ծաղիկները…Այն տաք գույները, որ ներկայացված են կտավին, իր ներաշխարհից ծնված զգացումների արտահայտություններ են:

Նկարիչ – դիզայների կրթությունը Տոմա Դադայանը  շարունակում է Գեղակադեմիայի ասպիրանտուրայում: Սա նրա երկրորդ անհատական ցուցահանդեսն է, մասնակցել է նաեւ խմբակային ցուցադրությունների:

Ներկայացված աշխատանքները հետաքրքրական համադրումներ են՝ գեղանկարչական, դիզայներական եւ մոդելավորման տարրերի: Ցուցադրված  են դեկորատիվ – կիրառական արվեստի նմուշներ, դրանք դիմակներ են հիմնականում, նաեւ՝  զգեստներ եւ շարֆեր՝  իր նկարչական աշխատանքների մոտիվներով զարդարված: Հիմնական մասը գեղանկարներ են, որոնք ոչ միայն գունային լուծումներով, նաեւ թեմատիկ ընտրությամբ արտահայտում են հեղինակի թե՛  նախասիրությունները, թե՛ վերաբերմունքը շրջապատող միջավայրին, մարդկանց: Կարելի է ասել, որ նրա խնդիրներից մեկը կանացի կերպարի մեկնաբանությունն է, որի դրսեւորումները ոչ այնքան արտաքին շեշտադրումներին, որքան հոգեվիճակներին են ուղղված: «Կնոջ կիրքը», «Պարը», «Կանացի խորամանկություն»՝    այս շարքում հեղինակը  փորձ է անում՝ կնոջ  բնույթի տարբեր  բացահայտումների, ցույց տալու այն փոփոխությունները,  ներքին շարժերը, որոնք կնոջ կերպարը դարձնում են ավելի գրավիչ ու խորհրդավոր: Միանգամայն տարբեր է աֆրիկացի կնոջ կերպարի մեկնաբանությունը, այստեղ շեշտադրումը արտաքին երեւույթին ուղղված՝ արտահայտիչ դիմագծեր, հայացք, առողջ, պինդ կազմվածք, ներկայացնում է կյանքի տենչ, կենսասիրություն ու բնականություն՝ նախնական, հաճախ վայրի բնազդներով:  Երկու պարագայում էլ  ներկայացված է  տաք, կրքոտ կանացի էություն: Տոման հակված է տպավորիչ, խոսուն վերնագրերի («Ծաղկած մտքեր», «Վայրի Աֆրիկա», «Գունավոր  արցունքներ»):

Ցուցահանդեսի մյուս բնորոշ հատկանիշը այն հետաքրքրությունն է, որ երիտասարդ նկարչուհին  ցացաբերում է տարբեր ժողովուրդների մշակույթների հանդեպ,  փորձում համադրել միմյանցից  միանգամայն տարբեր մշակութային երեւույթներ՝ ցույց տալով անհատական ընկալում եւ վերաբերմունք:  Արեւմտաեվրոպական երկրների այցելությունների տպավորությունները որոշակիորեն ազդեցություններ թողել են, եւ նկարներում այդ մոտիվներն առկա են, սակայն արեւելքի տաք  գույներն ու արտահատչականությունը ավելի հարազատ են իրեն: Իսպանական, ֆրանսիական, իտալական տպավորություններին զուգահեռ, նաեւ հնդկականն է ներկա: Իսկ ամենից ուշագրավը աֆրիկյան մոտիվներն են՝  այս երկրամասին բնորոշ ձեւերի բազմազանությամբ ու  գույնի ճոխությամբ: Հնդկաստանում եւ Աֆրիկայում չի եղել, սակայն հատկապես վերջինիս մշակույթի հանդեպ առանձնակի հետաքրքրություն ունի, բավականին կարդացել,  խորացել է անգամ առանձին ցեղերի ու ցեղախմբերի պատմության, մշակույթի, սովորույթների ու բարքերի ուսումնասիրության մեջ:  Այնուամենայնիվ, հայաստանյան գույները, մարդիկ ու կենցաղն են նրան գրավում ու ներշնչում ավելի, քան որեւէ այլ  վայրի, որքան էլ առանձնահատուկ, մշակված կամ էկզոտիկ լինեն:

«Նուրբ հոգու տեր անձնավորություն է, աշխարհին մոտենում է հարգանքով, կիրթ, սիրում է աշխարհը, այն,  ինչը շրջապատում է իրեն: Հետաքրքիր մտածելակերպ ունի, ամեն ինչ փորձում է ներսից ուսումնասիրել, պրպտել, գտնել, վերահաստատել ու վերաիմաստավորել: Դեկորատիվ մտածելակերպը համադրում է մասամբ ռեալիստական, մասամբ տարբեր ոճավորումների հետ: Համադրելով տարբեր նյութեր՝ ստանում է շատ հետաքրքիր էֆեկտներ: Ինչ վերաբերում է գույներին, սառը գույներն անգամ  տաքանում են նրա վրձնի ներքո»,- ցուցահանդեսի բացման խոսքում ասաց  Եվգենյա Քալանթարյանը, ցուցադրությունը բնութագրելով՝ անկեղծ լուսավոր ու տոնական:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply