Դասընթացի մեթոդաբանության արդյունավետություն

Ուսանողների կողմից «կոմպոզիցիա» դասընթացի մեթոդաբանության արդյունավետության վերաբերյալ հարցման վերլուծություն

Ամփոփ ներկայացում

2015թ. մայիս ամսին ԵԳՊԱ ՈԱ կենտրոնն իրականացրեց «Կոմպոզիցիա» դասընթացի մեթոդաբանության արդյունավետության վերաբերյալ ամենամյա հարցում ԵԳՊԱ ուսանողների շրջանում: Ուսանողական հարցումն իրականացվում է բոլոր ՄԿԾ-երի բակալավրիատի 3-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների առնվազն 10%-ի շրջանում:

Հարցմանը մասնակցել է 44 ուսանող, որը կազմում բոլոր ՄԿԾ-երի բակալավրիատի 3-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների ընդհանուր թվի 21.1%-ը : Հարցումն անց է կացվել անանուն հարցաթերթերի միջոցով: Հարցաթերթը պարունակում է 18 փակ և 2 բաց հարց: Փակ հարցերը բազմակի ընտրություն կատարելու և մեկնաբանություններ թողնելու հնարավորություն են տալիս: Յուրաքանչյուր ուսանող պետք է գնահատեր դասախոսի կողմից դասընթացի սկզբին տրված դասընթացի նկարագրության և առաջադրանքների մատչելիությունը, դասընթացի ծանրաբեռնվածությունը, դասավանդման մեթոդները, դասընթացին համապատասխան գրականության առկայությունը ԵԳՊԱ գրադարանում և այլն:

Հարցման տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ ուսանողները հիմնականում բավարարված են «Կոմպոզիցիա» դասընթացի բովանդակությունից, առաջադրանքներից, նկարագրությունից, դասախոսի կողմից կիրառվող մեթոդներից, տրամադրվող արձագանքից: Այնուամենայնիվ, ուսանողներից շատերը դժգոհ են սեմինարների և պրակտիկայի կազմակերպումից: Որոշ ուսանողներ անգամ նշել են պրակտիկայի բացակայության մասին, ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ է վերանայել «Կոմպոզիցիա» առարկայի շրջանակներում պրակտիկայի կազմակերպումն ու իրականացումը:

Հարցված ուսանողները բավարարված չեն լսարանային/արվեստանոցային պայմաններից, ռեկվիզիտի պարագաներից և ԵԳՊԱ գրադարանում առկա գրականությունից: Բացի այդ, ուսանողներից շատերը նշել են, որ կցանկանային դասերի ընթացքում կիրառել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ: Վերջինը ենթադրում է ուսանողների կողմից համակարգչային մի շարք ծրագրերի տիրապետում: Ուստի անհրաժեշտ է վերանայել նման ծրագրերի դասավանդման և «Կոմպոզիցիա» դասընթացին կից այլ ուղղորդող դասընթացների անցկացման անհրաժեշտությունը:

Ուսանողներից շատերը նշել են նաև, որ իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, մինչդեռ սա հակասում է ԵԳՊԱ առաքելությանը, ուստի կարևոր է առավել խորն ուսումնասիրել այս խնդիրը և լուծման տարբերակներ առաջարկել:

Ի տարբերություն 2013 – 2014 թթ.-ի՝ այս ուսումնական տարի վերազինվել են կարի արհեստանոցները և համակարգչային լսարանները: Հաջորդ ուս.տարում պատրաստ կլինի նաև խեցեգործության նոր լաբորատորիան, որի սարքավորումներն արդեն ձեռք են բերված:

ՈԱ կենտրոնի տնօրեն՝ Նունե Մինասյան

Leave a Reply