Գունային արձագանքները

Գեղակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված գեղանկարչության բաժնի 3-րդ կուրսի ուսանողների աշխատանքները ամառային պրակտիկայի արդյունքներն են: Լինելով ուսումնական ընթացքի կարեւորագույն մաս՝ այս տարի անցկացված Դիլիջանում եւ Ծաղկաձորում, դրանք ուսանողներին շատ անհրաժեշտ եւ օգտակար են: Նկարչի համար ստեղծագործելու ամենաարդյունավետ եւ լավագույն ձեւը՝ բնության հետ շփումը, մերձեցումը եւ նրանից սովորելը, արտահայտված են ներկայացված գործերում. ցուցասրահը ասես կանաչել էր, ինչպես ռեկտոր Արամ Իսաբեկյանը նկատեց, ձմեռային մթնոլորտը փոխվել, գարնանային թարմություն էր մտել ցուցասրահ: Ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված որակյալ աշխատանքը տվել էր համապատասխան արդյունք, ինչն էլ արժանացավ դրվատանքի՝ թե ռեկտորի, թե դեկանի, թե ամբիոնի վարիչի եւ պրակտիկայի ղեկավարի կողմից:

Արամ Իսաբեկյանը, շնորհավորելով մասնակիցներին, արվեստագետի համար կարեւորեց հնարավորինս առավելագույնի ձգտումը, անշուշտ, էական նաեւ՝ ձեռք բերվածի շարունակականությունը. «Յուրաքանչյուր լավ բան, որ արվում է, պետք է խրախուսվի ակադեմիայի կողմից»: Նա, ինչպես եւ Էդվարդ Վարդանյանը, ընդգծեց ուսանողական խորհրդի ներկա աշխատելաոճի արդյունավետությունը: Նկատի ունենալով ցուցահանդեսի բնույթը՝ ուսանողներին հորդորեց այցելել Ազգային պատկերասրահում ընթացող Եղիշե Թադեւոսյանի ցուցահանդեսին. «Թադեւոսյանը հոյակապ է այս ասպարեզում, հայտնի՝ իր էտյուդներով, այն ինչ դուք ներկայացրել եք այսօր: Նա թե՛ մեզ եւ թե՛ ձեզ համար վարպետ է, տեսեք՝ ինչպես է գտնում կանաչների այն երանգները, ինչը մեզ այնպես հրապուրում է իր նկարչության մեջ»: Ռեկտորը ուսանողներին հորդորեց ավելի հաճախ լինել Ազգային պատկերասրահում, մայրաքաղաքի մյուս ցուցասրահներում եւ թանգարաններում:

Հետաքրքրական դիտարկում արեց ամբիոնի վարիչ Անատոլի Գրիգորյանը, գնահատելով աշխատանքների որակը, նա միաժամանակ նշեց նկարների գունաոճավորման որոշ փոփոխության մասին: «Այսպիսի կանաչները շատ դժվար են, պետք է գտնել դրանց տարբերությունները: Յուրաքանչյուր ծառ իր խարակտերն ունի, պետք է իր երանգը գտնեք, այդպիսի խնդիր, նպատակ դնեք»:

Մասնակիցների մասին հնչեցին դրվատանքի խոսքեր՝ ընդգծելով աշխատասիրության, կազմակերպվածության, համախմբվածության ու նվիրվածության հատկանիշները: Մասնակից ուսանողներից մեկը շնորհակալական խոսքում նաեւ ցանկություն հայտնեց դասախոս- ուսանող ավելի լայն փոխհարաբերությունների՝ արվեստանոցից դեպի պլեներ՝ միասին, համատեղ ստեղծագործության, ինչը քաջալերանքով ընդունվեց ռեկտորի կողմից:

Ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանը դրվատելով ուսանողների նախաձեռնությունը, ինչին ակադեմիան ընդառաջել է նաեւ ֆինանսապես, հույս հայտնեց նմանաբնույթ աշխատանքների շարունակականության, եւ օրինակելի՝ մյուսների համար: Ցուցահանդեսի բոլոր մասնակիցները՝ Գրետա Այվազյան, Արթուր Ղամբարյան, Տիգրան Ավետյան, Նարեկ Վարդանյան, Րաֆֆի Ղազարյան, Հայկանուշ Մխոյան, Անի Գեւորգյան, Լիլիթ Մարտիրոսյան, Մարիա Գեւորգյան, Էլմիրա Թումանյան, Սոնա Սմբատյան, Սիրարփի Հունանյան, արժանացան ակադեմիայի շնորհակալագրերի:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.