ԻԽՏՈՒՍ

Խոսուն լռություն…

Ներդաշնակ ու գրավիչ մթնոլորտ են ստեղծել Ալբեր եւ Թովէ Բոյաջյան պատկերասրահում  Գեղարվեստի պետակադեմիայի քանդակի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Սարին  Ոսկյանի եւ Հայկ Ղազարյանի աշխատանքները՝ շատ հաջողված թե գաղափարական,  թե կատարողական առումով: Գեղարվեստական այս մտահղացումը՝ ձկների միջոցով մարդու ներաշխարհի՝ զգացական ու մտածողական շերտերի բացահայտումը, որքան ինքնատիպ, նույնքան խորհրդանշական է: Խնդիր դնելով հաղթահարել եւ իրականացնել առաջադրված  գաղափարը, որպես արտահայտչամիջոց  օգտագործելով  դժվար հաղթահարելի նյութի լեզուն (քար եւ մետաղ`պղինձ), եւ ապա` ծովային համր արարածների ընտրությունը, երկու դեպքում էլ հաջողվել է. –  ներկայացված գործերը  արվեստային առումով կատարյալ են, աշխատված սիրով ու խնամքով, իսկ համրության մեջ լսելի են դարձրել մարդկային ձայների մի ամբողջ գամմա. սա նաեւ հեղինակների վերաբերմունքն ու մոտեցումն է կյանքի երեւույթներին, մարդկանց աշխարհին:  Մասնավորապես հոգեւոր – զգացական շերտեր շոշոփող, աչքի համար անտեսանելի ներքին զգայական աշխարհի վերհանման  նրբագույն ու բարդ աշխատանքի համար ձկների կերպարը գուցե հենց գտնված է՝ ձկան համրությունը զուգահեռելով մարդու հոգու թաքնված շերտերին… Միաժամանակ այս գաղափարը առնչվում է հոգեւոր ասպեկտներին՝ ձուկը որպես քրիստոնեական աշխարհի խորհրդանիշ, որի միջոցով փորձ է արվել արտահայտել քրիստոնեությանն առնչվող գաղափարներ, դրույթներ, կրոնական զգացումներ՝ Սուրբ Երրորդության, հույսի եւ հավատի, եւ իհարկե սիրո՝ այն դիտարկելով որպես փրկության ճանապարհ: Վերջինիս լավագույն արտահայտություն «Սիրո համբույր» քանդակի կատարողական ձեւերի մեջ  արտահայտված են քրիստոնեական բարձրագույն զգացումները՝ նվիրաբերումի, սիրո վեհությունն ու կատարելությունը, նրա  ջերմության հաղորդական տարածումները…Ապա ծավալվող  հոգեվիճակների խոհազգացական ալիքները մարդկային կյանքի տարբեր ելեւէջումներն են՝ համառության, կամքի, առճակատման դրսեւորումներ («Պայքար»), եւ կամ համակերպումի («Ձկնային վտառ»), ըմբոստության՝ համընդհանուր մտայնությանը հակադրվելու անհրաժեշտություն («Հոսանքին հակառակ»),  ներապրումային՝ հոգու ընդերքում սուզված վիճակներ («Երազ»):

Բնավ պատահական չէ հեղինակների համատեղ աշխատանքների ներկայացումը. այստեղ ներկա է մտածողության ու հայացքներ մի ներդաշնակություն, գաղափարակցություն. քանդակներն ասես մեկը մյուսի շարունակություն են՝ մեկ ընդհանրության մեջ: Սարինի աշխատանքները ներկայացնում են հոգեւոր- զգացական կողմը, Հայկինը՝ ավելի խոհական, մտածողական աշխարհի դրսեւորումներ են: Ցուցասրահի մթնոլորտը ընկղմված է ինքնամտածումի մեջ, որքան էլ մարդկային հոգեվիճակների բազմազանությանը՝ քանդակները երազային մթնոլորտի,  համր լռության մեջ են… լռություն, որ, խոսուն է սակայն:

«Այս աշխատանքները կարող են ներկայացվել ոչ միայն այստեղ,  այլեւ Նկարիչների միության եւ առհասարակ ցանկացած ցուցասրահում: Մարդիկ կատարյալ, պատրաստի արվեստագետներ են, այստեղ կա եւ միտք ու մտածողություն եւ վարպետություն ու պրոֆեսիոնալիզմ», ցուցահանդեսի բացման խոսքում ասաց կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանը: Արտերկրյա մյուս ուսանողների համար որպես օրինակելի երեւույթ  ընդգծելով սիրիահայ մեր հայրենակցի՝ Սարին Ոսկյանի մասնակցությունը, ասաց. «Կարծում եմ հայրենիքում ստացած գիտելիքները հետագայում շատ անհրաժեշտ կլինեն նրան» եւ մաղթեց հետագա հաջողություններ, նոր ցուցահանդեսներ այստեղ եւ արտերկրում: Նմանապես դրվատանքի խոսքեր ուղղեց Հայկ Ղազարյանին՝ պրոֆեսիոնալ մոտեցման, որակյալ աշխատանքի համար: Ամբիոնի վարիչ Գետիկ Բաղդասարյանը, խորհրդանշորեն առանձնացնելով «Սիրո համբույր» քանդակը,  նրբագեղ այդ աշխարհից ծնված մթնոլորտ համարեց ցուցադրությունը. «Ձկների միջոցով զրույց է հադիսատեսի հետ: Հետաքրքիր խնդիր են դրել՝ մարդկայնացնել ձկներին եւ լուծումներն են շատ հետաքրքիր: Օրինակելի է մոտեցումը, նյութի վրա նրանց աշխատելու եղանակը: Հուզված եմ, որ այս խառնակ օրերում կարողացել են այսպիսի գեղեցիկ մթնոլորտ ստեղծել, լուսավոր բան տեսնել»:

Գարեգին Դավթյանը անդրադառնալով կերպարվեստում ոչ  այնքան ուսումնասիրված այս թեմայի՝ ծովային  աշխարհի առանձնահատկություններին  ու էսթետիկային՝  գույնի,  ծավալների ու պլաստիկայի տարբերություններին՝  ասաց. «Սա պարզ անիմալիստական, կամ սովորական ուսանողական ցուցահանդես չէ, սա դեկլարացիա է, հայտարարագրում՝  Ես փորձել եմ այս քայլը անել, եւ ոչ թե արել եմ՝ ասելու, թե ահա ուր եմ հասել: Սա հասուն նկարչի մոտեցում է, որ քայլ է անում»:

Սիրիայում կատարվող դեպքերը նկատի առնելով՝ նա այն կարծիքին էր, որ մեր երիտասարդ հայրենակցուհու գեղարվեստական այս արտահայտությունը վերաբեմունք է, արժանապատիվ կեցվածք ներկա քաղաքական իրավիճակին, որը ճակատագրական եղավ նաեւ մեր ժողովրդի համար: Սարին Ոսկյանը Հայաստան տեղափոխվել է Դամասկոսից, սովորել է Սահակեան վարժարանում, տեղի Գեղարվեստի պետակադեմիայի բակլավրական կրթությունը շարունակելով մագիստրոսական բաժնում՝ հարկադրված է եղել թողնել երկիրը եւ ուսումը շարունակել է Երեւանի Գեղարվեստի ակադեմիայում: Հիմա արդեն  նա մտածում է ետ չվերադառնալ, մնալ  Հայաստանում: Ահավասիկ իր գաղափարական – գեղարվեստական մտածողության ներդաշնակումը համակուրսեցի Հայկ Ղազարյանի հետ տվեց առաջին լուրջ արդյունքը, որը դիտողների ու մասնագետների կողմից հիրավի արժանացավ հիացական վերաբերմունքի ու գնահատանքի:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply