«ԷՍՏԱՄՊ» գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես

Գեղակադեմիայի Ալբեր եւ Թովէ Բոյաջյան ցուցասրահը անցած շաբաթ ներկայացրեց գրաֆիկայի ամբիոնի բակալավրի 2-րդ կուրսի 5 աւսանողուհիների աշխատանքներ, որոնց հեղինակները նախընտրել էին ավելի գեղանկարչական բնույթի գործեր: Այսօր նույն ամբիոնի մագիստրատուրայի ավարտական կուրսի 8 ուսանողներից 6-ի աշխատանքների ցուցահանդեսը գոհունակությամբ ընդունվեց ակադեմիայի ռեկտորի, ամբիոնի վարիչի, ներկաների կողմից: Աշխատանքի կատարման եղանակի՝ հաստոցային եւ տպագրական գրաֆիկայի տեխնիկայի կիրառումը, հնարավորություն է տալիս գնահատելու հեղինակների բուն մասնագիտական ունակություններն ու հմտությունները: Նախորդ ցուցադրությանը ռեկտոր Արամ Իսաբեկյանը նկատել տվեց, որ տվյալ ամբիոնի ուսանողների համար առավել արդյունավետ կլիներ ներկայացնել գրաֆիկական բնույթի գործեր՝ վկայաբերելով ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի մասնագիտական աշխատելաոճը: Ինչպես նախորդ, այս անգամ նույնպես մասնակցելով էքսպոզիցիայի աշխատանքներին, նա արդեն ծանոթացել էր բոլոր աշխատանքներին եւ բացմանն ասաց. «Սա այն է, ինչ սպասում էինք գրաֆիկայի ամբիոնի ուսանողներից: Այս աշխատանքներում երեւում է, թե ինչ են սովորել նրանք եւ ինչ ընթացքի մեջ են այժմ»:

Ներկայացված աշխատանքները ինչպես տեսական եւ պրակտիկ ուսուցման, նաեւ ուսանողների որոշակի փորձի արդյունք են, – նրանցից մի քանիսը եղել են Սանկտ Պետերբուրգում, նաեւ աշխատանքներ կան՝ արված Ֆլորենցիայում:

 Անդրադառնալով Գյումրու մասնաճյուղի գրաֆիկայի ամբիոնի աշխատանքներին՝ Արամ Իսաբեկյանը նկատեց, որ նրանք բավական հաջողություններ են արձանագրում այս ասպարեզում, ավելի մեծ չափսի եւ ժամանակակից մտածողությամբ գործեր են ստեղծում, այնպես որ շահեկան կլինի երկուստեք փորձի փոխանակումը. նա նաեւ համատեղ ցուցահանդեսի առաջարկություն արեց:

Ամբիոնի վարիչ Արա Բաղդասարյանը, շնորհավորելով ուսանողների միջազգային օրվա առիթով, ողջունեց մասնակիցներին, աշխատանքները համարեց բավական հետաքրքրական, նաեւ ուսանելի՝ բակալավրի սովորողների եւ մասնավորապես 1-ին կուրսեցիների համար, միաժամանակ նկատեց, որ դիպլոմային պաշտպանությունից հետո ավելի տպավորիչ կարող էր լիներ ցուցահանդեսը, սակայն ընդառաջել է ուսանողների ցանկությանը, ինչին ռեկտորը արձագանքեց, որ ցուցասրահի դռները ուսանողական աշխատանքների համար միշտ են բաց՝ թե դիպլոմային պաշտպանությունից առաջ կամ հետո, եւ թե բուհն ավարտելուց հետո էլ: Ցուցահանդեսի մասնակիցներին շնորհավորեց կերպարվեստի ամբիոնի վարիչ Էդվարդ Վարդանյանը՝ համոզված, որ նույն պատասխանատվությամբ ուսանողները կներկայանան դիպլոմային պաշտպանությանը: Իսկ նրանք էլ շնորհակալ էին ակադեմիայի ղեկավարությանը եւ ցուցասրահի տնօրինությանը՝ մասնագիտական մոտեցման եւ ուշադրության, իրենց աշխատանքները ներկայացնելու այսպիսի հնարավորության համար:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.