Հինգ քայլ՝ ստեղծագործական թարմ մտածողությամբ

Ստեղծագործական ազատությունն ու մտածողության անկաշկանդությունը արվեստագետի հաջողության  նախապայմաններից է, որ մղում է առավել անկեղծության եւ անհատական ձեռագրի կայացման: Եվ՝ լավ, որ ուսանող երիտասարդության համար այս երեւույթները բուհական կյանքից սկսվեն: Գեղակադեմիայի Ալբեր եւ Թովէ Բոյաջյան ցուցասրահի վերջին ցուցադրությունը՝ խորագրված «5 Քայլ»,  ներկայացնում է գրաֆիկայի բաժնի երրորդ կուրսի հինգ ուսանողուհիների՝ Մարիետա Արզումանյանի, Մերի Եփրեմյանի, Ռիմա Նանյանի, Վիկտորյա Շահբազյանի եւ Սոֆի Հայկազունու աշխատանքները՝  հիմնականում գեղանկարչական բնույթի: Ինքնին խորագիրը հետաքրքրական ու մտածելու առիթ տվող է՝ եւ ներկայացված աշխատանքները հիմնականում այդպիսին են՝  բավական ինքնատիպ եւ թարմություն ու ռիթմ առաջացնող: Ռեկտոր Արամ Իսաբեկյանը, որ ոչ միայն  ներկա է լինում ուսանողական բոլոր ցուցահանդեսներին, այլեւ ինքն անձամբ  է բացումը կատարում եւ առաջինը իր վերաբերմունքն արտահայտում, այս անգամ նաեւ էքսպոզիցիայի հեղինակն էր, ինչը վկայում է  ուսանողների ստեղծագործական ընթացքի հանդեպ նրա առանձնակի ուշադրության: Շնորհավորելով մասնակիցներին եւ արտահայտելով իր կարծիքը ցուցադրված գործերի նկատմամբ՝ որպես անկեղծ  տրամադրությունների   արտահայտություններ, նա միաժամանակ նկատեց, որ գրաֆիկայի բաժնի ուսանողների համար նպատակահարմար կլիներ ներկայացնել զուտ գրաֆիկական մտածելակերպով գործեր, ոչ թե մեկ-երկու հպանցիկ փորձերի տեսքով, այլ՝ մասնագիտական ավելի լուրջ մոտեցումով եւ ավելի մասշտաբային: Այս առումով նա օրինակելի համարեց Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գրաֆիկայի բաժնի ուսանողների մասնագիտական վերաբերմունքը:  Իհարկե խրախուսելով ուսանողների ստեղծագործական որեւէ մտահղացում՝ անկախ տեսակից, ժանրից կամ բնույթից՝ գեղանկար, գրաֆիկա, ինստալյացիա թե մեկ այլ, կարեւորը եւ գնահատելի համարեց ներքին ձգտումն ու անկեղծությունը: Դիմելով ցուցահանդեսին ներկա ուսանողներին՝ ասաց, որ նման ցուցահանդեսները ակադեմիայի աշխատանքի կարեւոր մասն են, նրանց մղելով ստեղծագործական նոր մտահղացումների՝  ներկայացնելու որեւէ թեմայով հետաքրքրական ծրագրեր, ցուցադրությունից հետո դրանք կատալոգում վավերացնելու խոստումով:

«5 Քայլ» – ի մասնակիցներին շնորհավորելով՝ գրաֆիկայի ամբիոնի վարիչ Արա Բաղդասարյանը միաժամանակ տեղեկացրեց, որ շուտով կբացվի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների ցուցահանդեսը, որտեղ գրաֆիկական աշխատանքներ կլինեն միայն: Նմանապես կերպարվեստի ֆակուլտետի դեկանը՝ Էդուարդ Վարդանյանը, շնորհավորելով հեղինակներին, գոհունակությամբ նշեց նրանց ակտիվությունը ոչ միայն ստեղծագործական առումով, նաեւ՝ ակադեմիայի կյանքին ակտիվ մասնակցությամբ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply