70-ամյակի հոբելյանական օրը

Արժեքավոր նվեր՝ ուսանողությանը

Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների եւ դասախոսների հիշողություններում այդ օրը երկար կմնա, հոկտեմբերի 15-ի աշնանային օրն իրենցն էր՚՝ բուհի հիմնադրման 70- ամյակի տոնական տրամադրությունների ջերմ մթնոլորտով, որ սկսվեց նախորդող օրերի չդադարող անձրեւներին հակառակ հաճելիորեն արեւոտ մի առավոտով՝ ակադեմիայի բակից, անցյալ ու պատմություն ունեցող ուսանողական բացօթյա սրճարանի վերածված մի վայր, որի մասին 70-80–ականների շրջանավարտները հատուկ ոգեւորությամբ են խոսում՝ համարելով այն ինստիտուտի բոհեմական տրամադրությունների էպիկենտրոն, որտեղ ծնունդ էին առնում ստեղծագործական նոր մտահղացումներ ու գաղափարներ:

Ուսանողների համար իսկապես հոբելյանական նվեր՝ ակադեմիայի ղեկավարության ջանքերի արդյունք՝ հիմնավորապես նորոգված եւ արդիական տեխնոլոգիաներով վերազինված խեցեգործության լաբորատորիայի բացումն էր:

Բացմանը ներկա էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր, այդ թվում ՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Գեորգի Գուգուշվիլիի գլխավորությամբ: Բացումը կատարեց ԿԳ նախարար Ա. Աշոտյանը՝ շնորհավորանքի խոսքում ակնկալելով հաջորդ անգամ ներկա լինել լաբորատոր նոր պայմանների արդյունք՝ ուսանողների աշխատանքների ցուցահանդեսին: Հյուրերը ծանոթացան սարքավորումներին. տեխնիկական եւ ֆինանսատնտեսական հարցերն առավել հանգամնալի ներկայացրին համակարգչային գեղարվեստական նախագծման ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը եւ տնտեսական գծով պրոռեկտոր Ստեփան Եզդողլյանը: Հյուրերին սպասվում էր անակնկալ` ուսանողների խեցեգործական աշխատանքների գեղեցիկ հուշանվերներ:

Ակադեմիայի վերջին կարեւոր ձեռքբերումներից է հագուստի մոդելավորման լաբորատորիան արդիականցնելու եւ տեխնիկապես վերազինելու գործընթացը: Լաբորատորիան անցած դեկտեմբերին հանձնվեց շահագործման, ուսուցման առավելություններն ու պրակտիկ աշխատանքի արդյունքներն արդեն ակնհայտ են, որի մասին գոհունակությամբ է խոսում հագուստի լաբորատորիայի ամբիոնի վարիչ՝ Անահիտ Կարապետյանը՝ որպես լավագույն ապացույց վկայելով Նկարիչների միության սրահում այս տարվա մայիսին կայացած շրջանավարտների դիպլոմային աշխատանքների ցուցադրություն – դեֆիլեն, որ հաջողված եւ բավականին տպավորիչ էր, առաջընթաց քայլ նախորդ ցուցադրությունների համեմատությամբ՝ թե որակի, թե ոճական բազմազանության, թե ճաշակի առումով: Նախարարը եւ հյուրերը այցելեցին ակադեմիայի երկրորդ մասնաշենքում գտնվող լաբորատորիա, որի լուսավոր եւ հարմարավետ սրահում տեղադրված արդիական սարքավորումները՝ ճապոնական արտադրության կարի մեքենաներն ու մնացած պարագաները, անկասկած նպաստում են գործնական ուսուցման որակի բարձրացմանը: Այս ամենով հանդերձ, կարեւորն իհարկե՝ որակյալ մասնագետներով համալրված ամբիոնի աշխատակազմն ու նրա ղեկավարի ջանքերն են: Լաբորատորիան իրապես տպավորիչ էր: Նախարարը, հաստոցի մոտ կանգնած ուսանուղուհու հետ կարճ զրույցից հետո, գոհունակությամբ նկատեց, որ հիշյալ ծրագիրը գործնականում իրապես արդյունավետ է, որովհետւ բոլոր այն բուհերը, որ ընդգրկվել եւ օգտվել են դրանից, նկատելի առաջընթաց են ունեցել տվյալ ոլորտում:

Հոբելյանական օրվա հաջորդ հանգրվանը Գեղարվեստի պետակադեմիայի հիմնադրման 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստն էր՝ Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի ելույթը հետահայաց ընդհանուր անդրադարձ էր բուհի հիմնադրման պատմության, նրա զարգացման հիմնական փուլերի, անցած տարիների դժվարությունների եւ ձեռքբերումների մասին, որտեղ մասնավորապես ընդգծվում էր գեղարվեստական կրթության կարեւորությունն ու պահանջը որեւէ երկրի հասարակական կյանքում, որպես վկայություն հիշատակվեց պետակադեմիայի հիմնադրման տարեթիվը՝ Հայրենական մեծ պաըերազմից անմիջապես մեկ ամիս անց – 1945 թվական, հունիսի 29-ը, ինչն, ըստ էության, հանրային կյանքի, մասնավորապես հետպատերազմյան համընդհանուր հուսահատության պայմաններում գեղարվեստական կրթության, արվեստի նշանակության խոսուն փաստ է:

Համառոտ անդրադարձ՝ բուհի 70-ամյա պատմության

Ռեկտորը երախտագիտությամբ նշեց բուհի հիմնադրման ակունքներում կանգնած արվեստագետներին՝ մասնավորապես երկու նշանավոր անձանց՝ Արա Սարգսյանին եւ Մարտիրոս Սարյանին, որոնք մեծ դժվարություններով կարողացան երկրի բարձրագույն իշխանություններին ներկայացնել եւ փաստել Հայաստանում գեղարվեստի ինստիտուտ բացելու անհրաժեշտությունը: Երախտագիտությամբ հիշատակվեցին հիմնադիրների եւ առաջին դասախոսների անունները՝ Գաբրիել Գյուրջյան, Հակոբ Կոջոյան, Եղիշե Մարտիկյան, Բաբկեն Քոլոզյան, Վռամշապուհ Շաքարյան, Գրիգոր Ահարոնյան, Ռուբեն Դրամբյան, Էդուարդ Իսաբեկյան, Արա Բեքարյան, Սերգեյ Արուտչյան, Սուրեն Ստեփանյան, Արփենիկ Նալբանդյան՝ հայ կերպարվեստի ականավոր վարպետներ, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կայացնել բուհական գործընթացները, կրթական ընդհանուր մեթոդների յուրովի մոտեցման շնորհիվ ձեւավորել ազգային մշակույթի վրա հիմնված այնպիսի ավանդույթներ, որոնք ժամանակի ընթացքում ոչ միայն չնահանջեցին, այլ որոշակի փոփոխություններ կրելով, պահպանեցին արդիական նշանակությունը եւ այսօր էլ կիրառելի են:

 1954-ին թատերական ինստիտուտի հետ Գեղարվեստի ինստիտուտի միավորումով ձեւավորվեց ստեղծագործական մոտեցումների առավել ազատ մտածողություն՝ լավագույն տարիները գեղարվեստական միջավայրի առումով, երբ վաստակաշատ, հմուտ վարպետ-ուսուցիչների ստեղծագործ մթնոլորտում ձեւավորվեցին դասախոս-ուսանող հարաբերությունների՝ արվեստի բուհի համար այնքան կարեւոր նոր որակ, վերաբերմունք ու մտածողություն:

Այս շրջանը նշանավորվեց նոր բաժինների՝ գորգարվեստի, կիրառական զարդարվեստի եւ ժողովրդական արհեստների ստեղծմամբ, նշանակալի իրադարձություն էր՝ առաջինը Հայաստանում, դիզայնի մասնագիտության ներմուծումը, ներդրվեց ուսուցման արվեստանոցային համակարգը:

Հաջորդ փուլը՝ անկախության բերած առանձնահատկություններով պայմանավորված, ենթադրում էր արմատական փոփոխություններ, ուսուցման նոր համակարգ ու մոտեցումներ: 1990-ականների՝ մեր երկրի ծանր փորձության շրջանում դիմակայելու միակ միջոցը բարոյական գործոնն էր, մարդկային ռեսուրսը, պարկեշտությունն ու նվիրվածությունը: Հետպատերազմյան փլուզված տնտեսության պայմաններում գեղարվեստի ինստիտուտը ուսումնական շատ հաստատությունների պես անմխիթար վիճակում հայտնվեց, դա նաեւ՝ անփույթ ղեկավարման պատճառով: Արամ Իսաբեկյանի ռեկտորության առաջին տարիները համընկան այդ դժվարին ժամանակներին: Հեռատես կառավարման ու սրտացավ վերաբերմունքի շնորհիվ, համախոհ աշխատակիցների աջակցությամբ, նրան հաջողվեց բուհը դուրս բերել ճգնաժամային վիճակից, նախ վերականգնելով փլուզման եզրին կանգնած շենքն ու տնտեսությունը, ուսումնական գործընթացները դնել հուսալի հիմքերի վրա, ապա ապահովել հետագա զարգացումները՝ ձեւավորվելու ուսումնական ծրագրերի ու մեթոդների նոր համակարգ:

Մասնավորապես 1994-ից հետո, երբ Գեղարվեստի եւ Թատերական ինստիտուտներն առանձնացան, սկսվեց նոր՝ կարելի է ասել վերակենդանացման շրջանը: Հիմնական շենքի վերանորոգումից բացի նորոգվեց նոր ձեռք բերված մասնաշենքը, ստեղծվեցին ուսուցման համար անհրաժեշտ պայմաններ՝ համապատասխան կահավորանքով ու սարքավորումներով, ավելացան նոր արվեստանոցներ ու լաբորատորիաներ, առաջինը այստեղ բացվեցին հագուստի մոդելավորման եւ համակարգչային գեղարվեստական նախագծում բաժինները: Հիմնադրվեցին Գյումրիի եւ Դիլիջանի մասնաճյուղերը, որոնք աշխատում են ուսումնական լիարժեք ծրագրերով եւ հաջողություններ արձանագրում:

 Գեղարվեստի բուհի համար կարեւոր նշանակությամբ ցուցասրահը հնարավոր եղավ բացել միայն 2001 թվականին՝ ամերիկահայ գործարար Ալբեր Բոյաջյանի ֆինանսական աջակցությամբ եւ ակադեմիայի արտաբյուջետային միջոցներից հատկացումներ տրամադրելով: Գագիկ Ծառուկյանի օգնությամբ 2007 թվականին Փարիզի նշանավոր «Արվեստների միջազգային ավանում» (Cité internationale des arts) տասը տարի ժամկետով ձեռք բերվեց արվեստանոցային համար:

Ուսումնառության առաջադիմությունն ապահովող քայլերից էր կրթական միջազգային գործընթացներին ակադեմիայի ինտեգրումը, եվրոպական կրեդիտային համակարգի ներդրումը, ընդգրկումը կրթական ոլորտի բարելավման Տեմպուս ծրագրին, որի հետ արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր: Բավականին արդյունավետ է եվրոպական, ռուսական եւ այլ երկրների արվեստի բուհերի հետ միջազգային համագործակցության ընթացքը: Հիշարժան է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայի եւ Տոկիոյի՝ հեղինակավոր Սոկա համալսարանի հետ ունեցած համագործակցության փորձը:

Այս առաջընթացներին որոշակիորեն նպաստել է նաեւ բուհի անցումը՝ խորհրդանշական իմաստով եւ հեղինակության առումով անհամեմատ բարձր, ակադեմիական կարգավիճակին:

Ակադեմիայի առաջնահերթ խնդիրը եղել եւ այսօր էլ մնում է ուսուցման բարձր որակի ապահովումը, որի արդյունքն ու վկայությունը ուսանողների մշտական մասնակցությունն ու հաջողություններն են հայաստանյան եւ արտերկրյա միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին եւ մրցույթներին:

Գնահատության-արժեւորման ժամանակը

Թիկունքում ունենալով նախընթաց տասնամյակների արժեքավոր փորձն ու ավանդույթները, կրթական զարգացումների նոր փուլում գեղարվեստի պետակադեմիան՝ համընթաց ժամանակի թելադրած պահանջներին, նորարարական առաջադեմ եւ հանրաշահ ծրագրերի ու գաղափարների ջատագովն ու կրողն է, ինչն էլ պայմանավորում է գեղարվեստական կրթության այս ոլորտում Ակադեմիայի առաջատաջ տեղը մեր երկրում:

Բնականաբար սպասելի էր աշխատակիցների այն առատ պարգեւատրումները, որ եղան հանդիսավոր նիստի ընթացքում: ՀՀ Նախագահի «Մովսես Խորենացի» մեդալ շնորհվեց Ժորա Հայրապետյանին, Արա Բաղդասարյանին եւ Գարեգին Դավթյանին: ՀՀ Վարչապետի հուշամեդալով պարգեւատրվեցին Ստեփան Գյուլխասյանը եւ Ստեփան Եզդողլյանը, շնորհակալագրերով՝ Մկրտիչ Այվազյանը, Հայկ Փայասլյանը, Գոհար Բարսեղյանը, Հովհաննես Թաջիրյանը եւ Նորա Կարապետյանը:

 ՀՀ ԿԳ նախարարության «Ոսկե հուշամեդալի» արժանացան Ավետիք Ավետիսյանը, Հայկ Փայասլյանը, Գետիկ Բաղդասարյանը, Սուսաննա Կարախանյանը, շնորհակալագրեր ստացան Գրիգոր Գեղամյանը, Անահիտ Օհանյանը, Նորայր Գևորգյանը, Եկատերինա Կաշինան, Հասմիկ Մակվեցյանը:

Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ հանձնվեց Կարեն Աղամյանին եւ Փարավոն Միրզոյանին, «Ոսկե մեդալ» շնորհվեց Ժորա Հայրապետյանին, Հայկ Փայասլյանին: Շնորհակալագրեր ստացան Քնարիկ Ավետիսյանը, Մերի Պատվականյանը, Իրինա Իսաբեկյանը, Վահան Բալասանյանը, Ռուզաննա Հակոբյանը, պատվոգրեր՝ Գայանե Սարիբեկյանը, Արսեն Ավոյանը, Մարիա Բաբյանը, Նարա Մենդելյանը, Նունե Մինասյանը:

Ակադեմիայի ղեկավարության կողմից շնորհակալագրերի արժանացան Արաքսյա Մարգարյանը, Գագիկ Մանուկյանը, Գևորգ Սարգսյանը, Հասմիկ Ղազարյանը եւ Մհեր Ղազարյանը:

Արամ Իսաբեկյանի 25-ամյա աշխատանքային գործունեությունը, գործադրած ջանքերն ու նվիրումը բուհին, որտեղ եւ ինքն է ուսումառություն առել, հմուտ ղեկավարման արդյունավետությունը գնահատվեց այլ բուհերի կողմից: Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը նրան շնորհեց պատվավոր դոկտորի կոչում, նա պարգեւատրեց Երեւանի Պետհամալսարանի եւ Ճարտարապետաշինարարական համալսարանի Ոսկե մեդալներով: Պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, մեր երկրի կրթա- մշակութային կյանքում կարեւոր իրադարձություն համարելով գեղարվեստի ինստիտուտի հիմնադրումը, անդրադարձավ բուհի հետագա գործունեության՝ ժամանակակից հայ մշակույթի, գեղարվեստական մտածողության զարգացումների վրա ունեցած նշանակալի ազդեցությանը: Ջերմ էր Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի ելույթը՝ խոսքի մեջ Գեղարվեստաթատերականում սովորելու իր տարիների գեղեցիկ անդրադարձ-վերհուշով, որի ավարտին խորհրդանշորեն ակադեմիային նվիրվեց երկու ինստիտուտների միացյալ տարիների վերջին շրջանավարտ՝ Դավիթ Մինասյանի «Մուսա» քանդակը: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցչի շնորհավորական խոսքին հետեւեց կոնսերվատորիայի սաների երաժշտական գեղեցիկ կատարումը: Հադիսությունն ավարտվեց համերգային ծրագրով:

Տոնական տրամադրությունները շարունակվեցին երեկոյան Նկարիչների միության սրահում բացված ցուցահանդեսով: Այն հնարավորինս լայն արտացոլում էր Գեղարվեստի ակադեմիայի բովով անցած անցյալի ու ներկայի արվեստագետների եւ այսօր բուհում դասավանդող նկարիչների, քանդակագործների գեղարվեստական մտածողության սպեկտրը՝ ձեւածավալների ու գույնի բազմազանության մեջ, ինչը հնարավորություն էր տալիս զուգահեռներ, համեմատություններ տանել, հետեւել ինչպես միեւնույն շրջանի, նաեւ տարբեր սերունդների արվեստագետների ոճի, արտահայտչամիջոցների փոփոխությունների ու զարգացումների ընթացքին:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.