Վարդան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

Օրերս Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց ԵԳՊԱ-ի դասախոս Վարդան Պողոսյանի նկարների  անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հեղինակի վերջին 10 տարիների 50-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական  աշխատանքները։  Զարմանալի և գունագեղ էր ողջ սրահը․ նրա վրձինը թաթախվում է գունապնակի բոլոր գույներում, աշխատանքները հազարերանգ են և բազմաշունչ։ Արվեստագետը անհատական ցուցահանդեսները համարում է արվեստասեր հասարակության հետ հաղորդակցվելու միջոց։ Նշում է նաև, որ յուրաքանչյուր հեղինակ պետք է իր անհատական ձեռագիրն ունենա։

Նկարչի ժանրային դիապազոնը մեծ է՝ թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանքներ,բնանկարներ, նատյուրմորտ, դիմանկար «Ձմերուկով նատյուրմորտ», «Նատյուրմորտ թռչունով», «Արվարձան» և այլն։ Աշխատելով կերպարվեստի բոլոր ժանրերում՝ Վարդան Պողոսյանը նախապատվությունը տալիս է դիմանկարին։ Մարդն է գտնվուն նկարչի աշխարհընկալման կենտրոնում։ Արվեստագետը մանրակրկիտ և նուրբ ճաշակով է ընտրում և նկարում ինտերիերի ամեն իր, զարդեղենի, հագուստի ամեն մանրուք, ամեն մի նախշ ( «Գարուն», «Մենություն», «Անդորր», «Առավոտ», «Մտորում», «Սատիրա»):

«Ծաղրածու», «Շեփորահար», «Տոն», «Աշնանային մեղեդի» և այլ կտավներում  նկատվում է շարժ և թատերականացում, որտեղ փորձել է ներկայացնել ռիթմ, ժաչժում և թատերականացում։ Նրա աշխատանքներում առկա է գույնի ընկալաման և գունագեղության մոտեցում։

Ցուցահանդեսի բացմանը նկարչին շնորհավորելու էին եկել արվեստագետներ, ուսանողներ, քաղաքական գործիչներ, նաև նրա արվեստի սիրահարները։ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը խորհրդանշական համարեց այն փաստը, որ Վարդան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը բացվում է հենց գեղարվեստի պետական ակադեմիայում՝ նրա հարազատ օջախում։ «Շատ կայացած, հետաքրքիր նկարիչ է, արվեստագետ, ով մեծ ասելիք ունի թե′ հանրությանը, թե′ ուսանողներին»,- ասաց գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորը։

Լ․ Խաչատրյան

Leave a Reply