Հիշողության վերապրումի փոխանցումներ

Անի Աճառյանի անհատական առաջին ցուցահանդեսը

Նկարիչ- դիզայներ Անի Աճառյանի աշխատանքների անհատական առաջին ցուցահանդեսով բացեց  ուսումնական այս տարին Գեղակադեմիայի «Ալբեր եւ Թովե Բոյաջյան»  ցուցասրահը: Ակադեմիայի դիզայինի ֆակուլտետն ավարտելուց հետո Անի Աճառյանը ուսումը շարունակել է բուհի ասպիրանտուրայում՝ միաժամանակ աշխատելով  այնտեղ, նաեւ՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:

Ակադեմիական կրթության կարեւոր մասը համարվող ցուցահանդեսային ներկայացումները անհրաժեշտություն են՝ ուսանողների ստեղծագործական բացահայտումների,  նրանց ինքնահաստատման  ճանապարհին: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ ռեկտոր Արամ Իսաբեկյանը շատ սիրելի ու գնահատելի է համարում հատկապես ուսանողների եւ շրջանավարտների ցուցահանդեսային մասնակցությունը բուհի ցուցասրահում: Նա դրվատանքով խոսեց դիզայնի մասնագիտությամբ հեղինակի գեղագիտական ճաշակի ու մտածողության, գեղանկարչական տարրերով հագեցված, խնամքով աշխատված գործերի մասին, նկատելով, որ դա նաեւ Սարո Գալենցի դասավանդման մեթոդի արդյունքն է՝ ուսանողի միտքը ստեղծագործական պրպտումների մղելու: Անի Աճառյանի ուսանողական տարիների, բազմաթիվ ցուցահանդեսների նրա ակտիվ մասնակցության՝ այդ թվում նաեւ արտերկրում եւ ստեղծագործ մոտեցումների մասին խոսեց կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը: Կարո Գալենցը ընդգծեց հեղինակի ժամանակակից մտածողությունը՝ համահունչ ներկա կյանքի ռիթմին  ու պահանջներին եւ կարեւորությունը՝ այս հայացքն ուղղելու մեր քաղաքին անհրաժեշտ նոր, արդիական կերպարի ձեւավորման գործընթացներին:

Անի Աճառյանի ներկայացված աշխատանքները՝ արված վերջին երկու տարիներին,  կրում են «Եղեռն» ընդհանուր խորագիրը.- 1915-ի ողբերգության արձագանքները վերապրումի ենթագիտակցական արտահայտություններ են. «Ստեղծագործելիս չեմ մտածել Եղեռնի մասին, էսքիզները ինքնաբերաբար են ստեղծվել, այդ ամենը կապված է իմ նախնիների վերապրումների հետ, ինքս անգիտակցաբար միջնորդ եմ դարձել այդ հիշողությունները վերծանելու եւ տեսանելի մակարդակի հասցնելու»: Նա նաեւ նշեց, որ այս մոտեցումը կարելի է ինչ-որ տեղ է համարել փորձարարական լուծում, մասնավորապես  եռաչափ  ինտերակտիվ գեղանկարի պարագայում, երբ դիտողը կարող է հաղորդակցվել ոչ միայն տեսանելիի, նաեւ լսելիի մակարդակներում:

Ցեղասպանության վերապրումի փոխանցման եւ դրա գեղարվեստական արտահայտությունների՝ հիշողության մտավորականացման Անի Աճառյանի ձեռագիրը անհատական դրոշմ ունի՝ մտածողության ինքնատիպությամբ առանձնացող,- վերապրումներ, որոնք խորքում, զգացականի մակարդակներում են հաղորդակցելի, եւ ավելի պարզ, ըմբռնելի են դառնում, երբ հեղինակը պատմում է իր մասին: Անվանի հայագետի՝ Հրաչյա Աճառյանի ծոռը լինելն արդեն իսկ պատասխանատվություն է նրա անբասիր անվան առաջ, մանավանդ, երբ այդ զգացումը ապրելու եւ ստեղծագործելու գիտակցված վիճակ է դառնում: Անին պատմում է, որ մայրական կողմի պապը անգլիական նավով մազապուրծ փրկվել է, կարճահասակ լինելը նրան օգնել է թաքնվել եւ հասնել Եգիպտոս, որտեղ հանդիպել է հարազատներին, որ համախմբվել եւ բռնել են Հայաստան դարձի ճանապարհը: Ընտանեկան միջավայրում մշտապես լսած պատմությունները՝ տարիների ընթացքում վերածված ենթագիտակցական ապրումների, արտահայտություններ գտել են գեղարվեստական ինքնատիպ լուծումներում, որոնց գունային ճիշտ համադրումները, ձեեւրի մշակված զուգակցումները խոսում են հեղինակի մտածողության, ոճի եւ կատարողական կուլտուրայի մասին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.