Ցուցահանդես Լիվոռնոյում

Իտալիայի Լիվոռնո քաղաքի Լա Ֆորտեցա Նուովա կենտրոնական ցուցասրահում, մայիսի 21-28 բացվել էր ցուցահանդես՝ ի հիշատակ 1915 թ. հայոց ցեղասպանության զոհերի եւ ի պատիվ հայ ժողովրդի, որ Լիվոռնոյի պատմության մեջ նշանակալի դեր է խաղացել 17-18-րդ դարերում: Ցուցահանդեսը կրում էր «Armenia. dal genocidio alla rinascita culturale» (Հայաստան. Ցեղասպանությունից մինչեւ մշակութային վերածնունդ) վերտառությունը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հիշարժան տարեթվով եզրափակելով ապրիլի 24-ին մեկնարկած միջոցառումների շարքը, որը հետեւել էր այս տարվա հունվարին Լիվոռնոյի քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Լիվոռնոյի քաղաքապետարանի հովանավորության ներքո, այն ներկայացնում էր Անդրեա Ուլիվիի՝ ժամանակակից Հայաստանի լուսանկարները եւ ավանդական հայկական օժիտն ու հարսանեկան արարողությունները խորհրդանշող ձեռագործ իրերի եւ հագուստների, ինչպեսեւ առարկաների եւ լուսանկարների հավաքածու: Ցուցահանդեսի կուրատորներն էին Լիվոռնոյից քաղաքապետարանի խորհրդի անդամ Սերենա Սիմոնչինին եւ Հայաստանից Մատենադարանի ավագ գիտաշխատող, Գեղարվեստի ակադեմիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Նազենի Ղարիբյանը: Պատվավոր հրավիրյալների թվում էր ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող Էլիզաբեթ Թաջիրյանը: Ձեռագործ իրերի ու առարկաների մեծ մասն ընտրված էր Էլիզաբեթ Թաջիրյանի հազվագյուտ ընտանեկան հավաքածուից, որ ներկայացնում է Թուրքիայի Կեսարիա  եւ Ամասիա քաղաքների՝ 19-20-րդ դդ. ավանդույթները: Մի քանի հնարժեք նմուշ էլ ցուցադրված էր Նազենի Ղարիբյանի անձնական հավաքածուից:

Ցուցահանդեսն ուղեկցվում էր ամենօրյա հանդիպումներով, որոնց ընթացքում հրավիրյալ անձինք ներկայացնում էին ելույթներ, նոր հրատարակություններ եւ ֆիլմերի դրվագներ՝ Հայաստանին ու հայ մշակույթին առնչվող տարբեր թեմաների շուրջ: Վերջիններիս շարքում հիշարժան են Պիզայի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Ալեսսանդրո Օրենգոյի, Լիվոռնոյի պետական արխիվի տնօրեն Մասսիմո Սանակորեի, Լիվոռնոյի հայոց պատրիարքի ներկայացուցիչ, պրոֆեսոր Ջանջակոմո Պանեսայի, արվեստի պատմության դոկտոր Նազենի Ղարիբյանի, պատմաբան Էլիզաբեթ Թաջիրյանի զեկույցները, Անրի Վերնոյի “Մայրիկ” գրքի իտալերեն թարգմանիչ Լետիցիա Լեոնարդիի, “Il mercanto armeno” (Հայ վաճառականը) վեպի հեղինակ Մասսիմո Գելարդիի, “Հիմա” դոկումենտալ-գեղարվեստական տեսանյութի հեղինակ Լեոնարդո Ֆիլաստոյի միջարկումները:

Ցուցահանդեսի առիթով տպագրվել է փոքրածավալ կատալոգ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.