Զգացողական աշխարհի գունային տարբաժանումը

Ավետիք Ավետիսյանի անհատական առաջին ցուցահանդեսում

Գեղարվեստի պետակադեմիայի «Ալբեր եւ Թովե Բոյաջեան» ցուցասրահում բացվող յուրաքանչյուր նոր ցուցահանդես ավելի է համոզում, որ բուհի ուսումնական ընթացքի թերեւս ամենաակտիվ վայրը հենց սա է, որտեղ խաչվում են ստեղծագործական մոտեցումներ, գաղափարներ, մտածողության ձեւեր ու ոճեր, եւ կարեւորը՝ տարբեր սերունդների արվեստագետների: Այստեղ ուսանողներն ու դասախոսները նույն հարթության վրա են, եւ յուրաքանչյուրը կարող է գնահատել ներկայացված գործերը եւ կարծիք ունենալ առանց պայմանականության: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ուսանողական ցուցահանդեսներից հետո երեկ այստեղ բացվեց Դիզայնի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանի աշխատանքների ցուցահանդեսը- առաջին անհատականը:

 «Սա առանձնահատուկ օր է, իմ վաղեմի ընկերն է, բարեկամ, ակադեմիայի դեկան, նրա որոշ նկարներ տեսել էինք, բայց այսպես հավաքական առաջին անգամ է, հաճելիորեն զարմացած եմ իմ կոլեգա ընկերոջ համար:

Յուրաքանչյուր նկարիչ ուզում է ցուցադրվել, իսկ նկարները սիրում են, որ իրենց նայեն, որ մարդիկ կախեն իրենց տան պատերից, ինչու չէ՝ նաեւ գնեն»,- ցուցահանդեսի բացման խոսքում ասաց ռեկտոր Արամ Իսաբեկյանը՝ անթաքույց ոգեւորված եւ ուրախ ակադեմիայի բազմամյա աշխատակցի այս ցուցահանդեսով, մանավանդ որ, առաջին անհատականն է, որ բացում է նա ակադեմիական շուրջ 40 աշխատանքային տարիների ընթացքում: Իր կոլեգաները նույնպես զարմացած էին, չնայած հավաքական ցուցահանդեսների նրա մշտական մասնակցությանը, սակայն այսպիսի ներկայությունը համարում էին անակնկալ: Ինչպես Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նկատեց, իր աշխատանքային զբաղվածության մեջ նա նկարչությունից երբեք չի կտրվել, մատիտը միշտ ձեռքին է, միշտ ինչ-որ բան գծում է, նկարում: «Սրանք նրա նկարների մեկ երրորդն էլ չեն, – գնահատելով ընդհանուր էքսպոզիցիան, Անատոլի Գրիգորյանը ասաց, որ Ավետիք Ավետիսյանը ունի գեղանկարչի բոլոր ունակությունները՝ պինդ գծանկար, գույնի ու ծավալի զգացողություն, եւ ամենակարեւորը՝ երեւակայություն»: Նրա գունանկարչության մասին խոսեց Վիգեն Ղազարյանը՝ առանձնացնելով կոլորիտային նկատելի երկու շերտ՝ կապտականաչավունը եւ արեւայինը: Արվեստաբանն ընդհանուր գծերով գնահատեց այս աշխատանքները հայ դասական գեղանկարչության ավանդույթների շարունակության մեջ, հույս հայտնելով նրա հաջորդ՝ գրաֆիկական գործերի ցուցադրության: Ըստ Արամ Իսաբեկյանի, նկարների բավական հաջող ընտրություն է կատարված, ինքն անձամբ մասնակցել է էքսպոզիցիայի աշխատանքին եւ կարծում է, որ ցուցադրությունը նկարչի աշխարհայացքի, մտածողության մասին ամբողջական պատկերացում է տալիս:

Ա. Ավետիսյանի նկարչական մոտեցումը կարելի է համարել տպավորապաշտական, այն ինչի մասին ասաց նաեւ Փարավոն Միրզոյանը, քանի որ կտավին հանձնված են նկարչի հոգու գույները՝ սեփական հույզի ու զգացողությունների հարազատ արտահայտություններ, ապրումներ:

Վ. Ղազարյանի կոլորիտային բաժանումը կարելի է ասել այս նկարների ներքին լայտմոտիվը հասկանալու բանալին է՝ գունային աուրան բացահայտում է տրամադրությունների հստակ անցումները, մանավանդ տպավորապաշտությանը բնորոշ ապրումի անհատականացումը տալիս է այդ հնարավորությունը՝ արտացոլելու սեփական հոգեվիճակային փոփոխություններն ու ներքին տրամադրությունները, որոնցում երբեմն առկա են որոշակի զգացական կուտակումներ՝ ավելի հուշին, հիշողությանը վերաբերող: Կապտականաչավունը «զբաղեցրել» է հենց այս տարածքը՝ մանկության, ծննդավայրի, նախնիների հիշողությունների ժամանակը, նաեւ զուտ բնության ինչ-որ մի պահի, երեւույթի, նաեւ նկատելի են անուրջների, տեսիլքնրի մոնոխրոմային արձագանքներ («Անուրջներ», «Բաթում, 2010», «Տնակը Շորժայում», «Մեր գյուղը», «Էդյուտ»): Առավել ակտիվ՝ կարմրադեղին աշխարհը ներհայեցողական վիճակներից անցում է դեպի կյանքի իրական հարթություն՝ ինչպես՝ «Աշունը ձորում», «Մալականի տունը» նկարներում է: Առանձին, հատուկ մի զգացողություն է արթնացնում թթենու կերպարը, որին նկարիչը մեկ անգամ չէ որ անդրադարձել է, այն կարծես թե հիշողությունների կտավի խորհրդանշական կետն է:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.