ԵԳՊԱ-ի ուսանողների հաջողությունը

ԵԳՊԱ-ի ուսանողների հաջողությունը Բելառուսում անցկացված  պլակատի ցուցահանդեսին

Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված «Մեզ` թանկ է խաղաղությունը»  հայրենասիրական թեմայով պլակատի միջազգային երիտասարդական ցուցահանդես – մրցույթին, որն անցկացվեց վերջերս Բելառուսում,  մրցանակային երկրորդ տեղը գրավեց Երեւանի Գեղարվեստի պետակադեմիայի դիզայնի ֆակուլտետի ուսանողուհի Նանե Վարդանյանի «Հաղթանակի ճանապարհ. 1941 – 1945» աշխատանքը:

Հայրենասիրական թեմայով պլակատի երիտասարդական մրցույթի գաղափարը ծնվել է ԱՊՀ երկրների տեղեկատվության եւ պոլիգրաֆիայի ոլորտի ղեկավարների  միջազգային մի շարք հանդիպումների ընթացքում, որը միաձայն հավանության  արժանացավ 2014-ի նոյեմբերի  19-րդ միջպետական խորհրդի համապատասխան նիստում` Բելառուսի Հանրապետության  առաջարկով եւ նախաձեռնությամբ: Որպես մրցույթի կազմակերպիչներ հանդես եկան Բելառուսի Ինֆորմացիայի եւ Պաշտպանության նախարարությունները, Բելառուսի Արվեստների պետական ակադեմիան: Որպես համագործակից – կազմակերպիչներ` ի թիվս Ղազախստանի Ժուրգենովի անվան արվեստների ազգային ակադեմիայի, Ուրալի Ճարտարապետական-գեղարվեստական պետակադեմիայի, Մոսկվայի Պոլիգրաֆիայի պետական ակադեմիայի, Մինսկի ,,Звязда,, հրատարակչատան, մրցույթի մասնակցության հայտ ներկայացրել էր Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիան` ի դեմս դիզայնի ֆակուլտետի  ուսանողներ Նանե Վարդանյանի եւ Սոնա Ենգոյանի, որոնցից առաջինը գրավեց մրցանակային 2-րդ տեղը, իսկ Սոնայի աշխատանքը համարվեց լավագույններից:

Մրցույթին ներկայացված էին 380-ից ավելի աշխատանքներ, որոնցից լավագույններում հեղինակները, մասնագետների գնահատմամբ, կարողացել էին արտահայտել  առաջադրանքի հիմնական գաղափարը` պլակատի ժանրին բնորոշ զուսպ, հնարավորինս հստակ եւ լակոնիկ լուծումներով, ուշագրավ ու համոզիչ, խառը տեխնիկայի` գրաֆիկայի, կոլաժի, ֆոտոփաստերի համադրությամբ, որոնք աչքի էին ընկնում ոճային բազմազանությամբ, բացակայում էին կոմպոզիցիոն սխեմատիզմն ու ոճային միատոնությունը, եւ որոնցում արտահայտված հասարակական-քաղաքական խորը պրոբլեմները դրսեւորում էին երիտասարդ հեղինակների քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը արվեստում:

Մրցույթի հաջողության կարեւոր գործոններից մեկը կազմակերպիչները համարում են մասնակից բուհերի ռեկտորների աջակցությունը եւ ուշադրությունը միջոցառմանը:

Երեւանի Գեղարվեստի պետակադեմիայում ռեկտոր Արամ Իսաբեկյանը երեկ հաղթողներին հանձնեց սերտիֆիկատներ` 2-րդ մրցանակային տեղ զբաղեցրած դիզայնի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Նանե Վարդանյանին եւ նույն ֆակուլտետից Սոնա Ենգոյանին` լավագույն աշխատանքի համար: Շնորհավորելով նրանց` ռեկտորը հորդորեց ուսանողներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել ակադեմիայի կազմակերպած ցուցահանդեսներին եւ մրցույթներին, ակադեմիայի կողմից նրանց մշտապես աջակցության պատրաստակամություն հայտնելով: Սերտիֆիկատների հանձնմանը ներկա էին ուսումնական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը, Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւ ուսանողներ:

Մրցույթի լավագույն գործերի տպագիր հրատարակության մեջ ընդգրկված են ԵԳՊԱ մասնակից ուսանողուհիների երեք գործերը` Նանե Վարդանյանի «Հաղթանակի ճանապարհ, 1941 – 1945»,  «Արյունով վճարված» եւ Սոնա Ենգոյանի  «Հավերժ փառք» պլակատները:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.