Գեղանկարի, քանդակի, գրաֆիկայի ցուցահանդես

Գեղանկարի, քանդակի, գրաֆիկայի ցուցահանդես «Ալբեր եւ Թովէ Բոյաջեան» ցուցասրահում

Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների աշխատանքների` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հերթական ցուցահանդեսը բացվեց երեկ, «Ալբեր եւ Թովէ Բոյաջեան» ցուցասրահում.  պլակատի ցուցահանդեսի զուսպ, մետաֆորային լեզվին այս անգամ փոխարինել են  ցավի գունային – էմոցիոնալ լուծումները` կերպարվեստի ֆակուլտետի ուսանողների վերաբերմունքը հայոց ողբերգությանը`  արտահայտված գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների, մանրաքանդակների միջոցով: Ցուցահանդեսի բացմանը ռեկտոր Արամ Իսաբեկյանը գոհունակություն հայտնեց ֆակուլտետների եւ ամբիոնների ղեկավարներին,  ուսանողներին` իր հանձնարարությունն իրականացնելու, կատարված աշխատանքների համար, նկատելով`  որ նկարչի եւ ռեկտորի տարիների իր փորձը ստեղծագործական առումով հաճախ անբավարար վիճակներ է ստեղծում, որովհետեւ միշտ կարելի է ավելիին հասնել: Անդրադառնալով թեմայի դժվարությանը, մասնավորապես զգացմունքային  առումով, որովհետեւ ցավի գիտակցված ապրումը ստեղծագործողին ուժեղ լարվածություն է փոխանցում, այս պարագայում` պարտավորության, պատասխանատվության ներքին անհանգստություն նաեւ,  նա ասաց, որ դա հատուկ է յուրաքանչյուր հայի, առավելապես ստեղծագործող անհատի, եւ որ ինքն էլ է դա ապրել  եւ այժմ էլ ունի. «Այն ինչ տեսնում ենք հիմա, ոգեւորում է մեզ. Աշխարհը միացել է մեզ, եւ կաթոլիկ աշխարհը միացավ` ի դեմս Հռոմի Ֆրանցիսկոս պապի, 60 երկրից պատվիրակություն է գալու, 4 երկրների նախագահներ, համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչներ, աշխարհի առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են Հայոց ցեղասպանության 100 – ամյակին նվիրված Հայաստանում կատարվող իրադարձությունները: Եվ մեր ակադեմիան իր փոքր լուման է ներդնում ազգային հիշողության պատմական այս գործընթացում»:

Կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանը խոսելով երկրի հանդեպ պարտքի, սիրո, հիշողության ու ցավի մասին,  ուսանողներին հորդորեց առավել ակտիվ մասնակցության, վանելու ներքին անտարբերությունը, որովհետեւ ակտիվությունը ուսանողի վերաբերմունքի ցուցիչն է ակադեմիայի, իր գործի, արվեստի նկատմամբ, մանավանդ որ հնարավորությունը կա,  ցուցասրահի դռները մշտապես բաց են նրանց առաջ:  Քանդակի ամբիոնի վարիչ  Գետիկ Բաղդասարյանը, շնորհավորելով ուսանողներին ցուցահանդեսի առիթով, ափսոսանք հայտնեց, որ այն տխուր առիթով է, եւ ասաց, որ 1915-ի մեր պատասխանը լացն ու ողբը չէ, որ պետք է լինի, այլ` մեր լինելության արժանապատիվ կերպը, ստեղծագործելու, արարելու կամքը: Արամ Իսաբեկյանը նկատել տվեց, որ որեւէ ստեղծագործական աշխատանքի որակ անհետեւանք չի մնում`  վկայելակոչելով նախորդ` պլակատի ցուցահանդեսը, որն ունեցավ հետաքրքիր շարունակություն, ուսանողական աշխատանքները դուրս եկան ակադեմիայի պատերից` ներկայացվելով քաղաքի տարբեր վայրերում` Կասկադում, Կոնսերվատորիայի հարակից այգում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, շուտով կտեղափոխվեն նաեւ Գյումրի: Նա ուսանողներին վերստին հիշեցրեց այսպիսի ցուցահանդեսների կարեւորությունը, նշելով իր վերաբերմունքը ուսանողական դասընթացի մաս կազմող նման միջոցառումներին` որպես երկխոսության, զրույցի եւ քննարկումների ալտերնատիվ հնարավորություն` ընդգծելով մասնավորապես ստեղծագործական մոտեցումների անհրաժեշտությունը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.