Հանդիպում Մայքլ Սթոունի հետ

Միջազգային հայագիտության մեջ հայտնի անուն է Մայքլ Սթոունը, նաեւ Հայաստանում` քաջածանոթ: Պրոֆեսորն այս օրերին Երեւանում է, նրա հետ հանդիպումը կայացավ երեկ, Գեղարվեստի պետակադեմիայի ուսանողության մի խմբի եւ դասախոսների հետ` ԵԳՊԱ Հետազոտական կենտրոնի եւ Արվեստագիտության եւ հումանիտար գիտությունների ամբիոնի կազմակերպած «Հանդիպումներ” շարքի շրջանակներում: Մայքլ Սթոունի բանախոսութան թեման էր «Հայկական ներկայության հետքեր Երուսաղեմում եւ սուրբ հողում”: Մ. Սթունը Երուսաղեմի Եբրայական համալսարանի հայագիտական ամբիոնի հիմնադիրն է` 1967 թվականից եւ երկար տարիներ ղեկավարել է կենտրոնի աշխատանքները, հեղինակ է գիտական բազմաթիվ մենագրությունների, ուսումնասիրությունների եւ հոդվածների` հետաքրքրությունների շրջանակում ունենալով վաղ եբրայական եւ քրիստոնեական բանասիրությունն ու աղբյուրագիտությունը, հատկապես հին կտակարանային եւ պարականոն տեքստերի ուսումնասիրությունը:

Մեկ ժամյա դասախոսության ընթացքում պրոֆեսորն ունկնդիրներին մտովի ճամփորդության տեղափոխեց Երուսաղեմ` հանգամանալի ներկայացնելով հայկական ներկայության տարբեր շերտերը սրբազան երկրում, սկսած հայ-հրեական հարաբերությունների պատմական անցյալից, որոնք գալիս են դեռ վաղնջական ժամանակներից, մ.թ.ա. 1-ին դարից: Առավել նկատելի հոսք հայերն ունեցել են քրիստոնեության տարածման շրջանում` այնտեղ հիմնելով միաբանություններ, կառուցելով վանքեր, ստեղծելով իրենց հոգեւոր միջավայրը: Հայ աշխարհիկ համայնքը կազմավորվել է 7-րդ դարում, հիմնականում վաճառականներից ու արհեստավորերից, որոնք բնակություն են հաստատել Սիոն թաղամասի Հայկական կոչված փողոցում: Հայերը Երուսաղեմում ավելի հիմնավորվեցին Կիլիկյան հայոց թագավորների օրոք, խաչակրած արշավանքների շրջանում, երբ երկու երկրների թագավորների միջեւ բանակցություններ սկսվեցին` մեծ թվով հայերի այնտեղ բնակեցնելու ուղղությամբ: Հայ համայնքը Երուսաղեմում նախապես ձեւավորված էր առավելաբար որպես հոգեւոր համայնք: 4-5-րդ դարերից արդեն գործում էր Սրբոց Հակոբյանց վանքը, որի ներսում են գտնվում Սբ Հակոբյանց մայր տաճարը, Սբ Հրեշտակապետաց եկեղեցին եւ Սբ Թորոսի մատուռը, որն այժմ հայերեն ձեռագրերի գանձատունն է` իր նշանակությամբ ու մեծությամբ Սփյուռքում Մխիթարյան միաբանության` Վենետիկի եւ Վիեննայի ձեռագրերի հավաքածուներին հաջորդող երկրորդ խոշոր հայկական հաստատությունը: Այս առիթով բանախոսը անդրադարձավ հատկապես արխիվային նյութի, այստեղ պահվող մամուլի առավել հոգատար վերաբերմունքի անհրաժեշտությանը, անդրադարձ արվեց հայոց պատրիարքությանը` ձեւավորված 7-րդ դարից, եւ նրա հովանավորության տակ գործող Ժառանգավորաց վարժարանին (19-րդ), անշուշտ նաեւ` Երուսաղեմի համալսարանի իր հիմնադրած հայագիտական ամբիոնին եւ նրա ներկայիս գործունեությանը:

Հայերը Իսրայելում հիմնականում կենտրոնացած են Երուսաղեմում` հին քաղաքում, Թել Ավիվում եւ Հայֆայում: Հայ համայնքը ամենասակավաքանակը եղել է օսմանյան տիրապետության շրջանում` 16-րդ դարում, ավելի ստվարացել է 1894-1896 Թուրքիայում հայկական ջարդերից ներգաղթած բնակչությամբ եւ Եղեռնից հետո` առավելաբար: Այդ շրջանում հայերին հնարավորություն է տրվել բնակություն հաստատել հայկական միաբանության կենտրոն Սուրբ Հակոբյանց վանքի պարիսպներից ներս, հայոց պատրիարքարանի պաշտպանության ներքո, ինչը հոգեւոր եւ աշխարհիկ համակեցության յուրահատուկ մի վիճակ է ստեղծել` մասնավորապես սոցիոլոգիական ուսումնասիրության համար հետաքրքրական երեւույթ, ինչի մասին եւս խոսեց պրոֆեսոր Սթոունը: Նա առանձնացրեց հայերի բնակեցման երեք շրջանները` հին` հիմնականում Կիլիկյան, 19-20-րդ դարասկիզբի Հայոց ցեղասպանության հետեւանքով ներգաղթյալներ, հիմնականում` մարաշցիներ եւ այնթափցիներ եւ Սովետական Հայաստանից գնացածներ, անդրադարձավ նաեւ հայ բնակչության խոսակցական լեզվին, բարբառներին, նրանց` զգալի մասի` եբրայերեն խոսելու հանգամանքին:

Հետաքրքրական էր հատկապես մի շարք լուսապատկերների ցուցադրությամբ ուղեկցվող մեկնաբանությունները` Երուսաղեմում եւ սուրբ հողի տարբեր հնավայրերում հայտնաբերված հայերեն արձանագրություններ կրող խճանկարներին, շիրմաքարերին եւ հայատառ այլ գրություններին` թվագրված 5 – 9-րդ դարերով, նաեւ ավելի ուշ շրջանի հայկական հնատիպ այլ մասունքներին վերաբերող, որոնց մասին Մ. Սթոունը գիտական հանդեսներում ուսումնասիրություններ է հրապարակել:

Ապրիլյան այս հանդիպմանը հայագիտության բնագավառում իր նշանակալի վաստակն ունեցող գիտնականը, անշուշտ չէր կարող չանդրադառնար Հայոց ցեղասպանությանը Իսրայելի պետության քաղաքական վերաբերմունքին եւ տարակուսանք ու ափսոսանք չհայտնել այս առիթով, մանավանդ հրեա ժողովրդի պատմական գրեթե համանման ծանրագույն փորձը նկատի առնելով, միաժամանակ նա ասաց, որ հիշյալ հարցով շահագրգիռ օպոզիցիան այս տարի ավելի ուժեղ շարժում է սկսել եւ պառլամենտը հնարավոր է, որ վերաբերմունքը փոխի: Մայքլ Սթոունը ընդգծեց, որ ցեղասպանության հարցը ինքը դիտարկում է նախեւառաջ բարոյական հարթության վրա, չնայած ռեալ քաղաքական հիմքին, այնուամենայնիվ` որպես համամարդկային բարոյականության խնդիր, մարդկության դեմ կատարված հանցագործություն, որի ընդունումը հանուն համամարդկային արժեքների ու նրա համընդհանուր բարօրության է անշուշտ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.