«ԱՆՑՅԱԼԸ ԿԱՆՉՈՒՄ Է – THE PAST IS CALLING»…

Պլակատի ցուցահանդես` նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյակին

 

«Ալբեր եւ Թովէ Բոյաջեան» ցուցասրահում բացված պլակատի ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչպես ասաց ռեկտոր Արամ Իսաբեկյանը, այս համատեքստում գեղակադեմիայի առաջին լուրջ ցուցադրությունն է: Ներկայացված աշխատանքները դիզայնի, կիրառական արվեստի, համակարգչային գրաֆիկայի, նաեւ մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքներն են: Պլակատի ժանրում հատկապես այսպիսի թեմայի մեկնաբանությունն այդքան էլ հեշտ չէ: Ինչպես նկատեց համակարգչային գեղարվեստական նախագծման ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը, յուրաքանչյուրի մեջ անպայման կա զգացմունքը` հույզի, ապրումի, պայքարի, ատելության, ոխի, որոնց արտահայտությունը ժանրին համապատասխան լուծումներ պետք է ստանար, եւ որի իրականացման հաջողությունը վկայեցին թե’ ելույթ ունեցողները, թե’ դիտողները:

Հայոց ցեղասպանությունից այսքան տարիներ անց, երբ պատմության անիվը անցել է երեւույթների ու դեպքերի` իր նշանակությամբ աննախադեպ ահռելի մի շրջանով` համաշխարհային երկու պատերազմների, տնտեսական, սոցիալական, մշակութային ու գիտատեխնիկական հեղաշրջումներով ուղեկցվող, թվում էր շատ բան ժամանակի շղթայի ետեւում եթե անգամ չմնար, բայց գուցե խամրեր: Սակայն`ոչ: Երբեք այդպես չի լինում: Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց էլ արյան հիշողությունը արթուն է այնպես, ինչպես երբեւէ, գուցե` ավելին: Եվս մեկ անգամ սա վերապրում ես ցուցահանդեսի աշխատանքները դիտելիս, որ վերաբերմունքն է 1915-ին հաջորդած հայության 4-5-րդ սերնդի` եւ նշանակություն չունի ցեղասպանության վերապրողների ժառանգներ են նրանք, թե ոչ: Սա ազգային հավաքական հիշողությանը նոր գույն ավելացնող երիտասարդ սերնդի ձայնն է` նրանց պայքարի, պահանջի զուսպ ընդվզումը` պլակատի լեզվով, որտեղ զգացումների մասին խոսում են սիմվոլները` խաչ, ճաքած նուռ, կախաղանի ճոճվող պարաններ, ծաղկած ծառ, վառվող մոմ, խատուտիկներ, փյունիկ թռչուն, լույս, դիտարկու աչք: «Աշխատել ենք ողբի, արյան տեսարաններին շատ չտրվել, շեշտը պայքարի, պահանջի վրա է դրվել», ուսանողների ակտիվ մասնակցության եւ աշխատանքի արդյունքների գնահատական իր խոսքում ասաց Հ. Փայասլյանը:

Ուսանողների ակտիվությունը նաեւ նրանց ներկայության մեջ էր, սրահը լեցուն էր, մթնոլորտը` ակտիվ, ասելիքը` շատ: Սա յուրաքանչյուրիս պարտքն է, ամեն ստեղծագործող հայի համար պարտադիր պիտի լինի սա», ասաց դիզայնի եւ դեկորատիվ արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը` հընթացս հիշեցնելով վերջերս Բելառուսում կայացած Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 – ամյակին նվիրված պլակատի ցուցահանդեսում դիզայնի ֆակուլտետի ուսանողուհի Նարե Վարդանյանի տպավորիչ արդյունքը, երբ 250 մասնակցի մեջ նա շահեց 2-րդ պատվավոր տեղը:

Հայոց ցեղասպանությանը նվիրված պլակատի ցուցահանդեսը ունենալու է շարունակություն, դրան հետեւելու են գեղանկարի, քանդակի, գրաֆիկայի բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրությունները: Արամ Իսաբեկյանը գոհունակություն հայտնեց ակադեմիայի ղեկավարության կողմից նախապես ծրագրված ցուցահանդեսների առաջարկի հանդեպ դեկանների, ամբիոնի վարիչների, դասախոսների, ուսանողների վերաբերմունքի եւ պատրաստակամության համար` բարձր գնահատելով առաջին ցուցադրությունը: «Ամեն նոր սերունդ, ծնվող յուրաքանչյուր հայ երեխա, որտեղ էլ լինի` Հայաստանում, Ավստրիալիայում, թե այլուր, երբ հասնում է գիտակցական որոշակի մակարդակի, իմանում է իր նախնիների, արյունակիցների հետ 1915-ին կատարված ահավոր ողբերգության մասին, որը մինչ այսօր արժանի արձագանք ու արդարացի լուծում չի ստացել: Ի հեճուկս սոսկալի այդ ոճրագործության, հայը ոչ միայն գոյատեւեց, այլեւ պետություն կառուցեց, մոխրից հառնող փյունիկ թռչունի պես նոր կյանք սկսեց, շարունակեց արարել ու ստեղծագործել, եւ դուք դրա մասնակիցներից եք` յուրաքանչյուրդ ձեր կարողությամբ, իմացության չափով». – ռեկտորը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին եւ տեղեկացրեց, որ ակադեմիայի կողմից ցուցահանդեսային կատալոգի տպագրության որոշում է կայացրել` որպես վերաբերմունք եւ գնահատություն կատարված աշխատանքի:

Ակադեմիայի ցուցասրահը ուսանողական գործընթացի կարեւոր ֆունկցիաներից մեկն է ապահովում, որպես ստեղծագործողի ինքնարտահայտման առաջին հանրային ամբիոն այն ոսանողին ինքնագնահատման, համեմատական վերլուծումների հարավորություն է տալիս: Նրանց մասնակցության ակտիվությունը հենց դրա վկայությունն էր: Ցուցահանդեսը համակարգող Նառա Մենդելյանը ներկայացրեց այն պատրաստակամությունն ու ոգեւորությունը, որ համակել էր մասնակիցներին, նրանցից շատերն անգամ մեկից ավելի աշխատանք էին նրկայացրել:

Կարեւոր էր ռեկտորի վերաբերմունքն ու մոտեցումը ինչպես ուսանողների աշխատանքի ընթացքին ու վերջնական արդյունքին, նաեւ` արդեն կայացած ցուցահանդեսի նրանց արձագանքին, երբ նա խոսքը փոխանցեց ուսանողներին, նրանցից մեկը բավական ոգեւորությամբ նկարագրեց աշխատանքի ընթացքը, ղեկավարների, դասախոսների, ընկերների հետ փոխհարաբերությունների բնույթը` ներկայացված գործերում գնահատելով նոր գաղափարների ու մոտեցումների ներդրումը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.