Տեմպուսի Վերիտաս նախագիծը

2014 թ. հունվարից ԵԳՊԱ մասնակցում է Տեմպուսի Վերիտաս դրամաշնորհային ծրագրին, որը նախատեսում է կրթական երրորդ մակարդակի՝ ասպիրանտուրայի կառուցվածքային զարգացում՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին եւ այսպես կոչված “Զալցբուրգյան սկզբունքներին”: Ծրագրում ընդգրկված են շուրջ 20 բուհ եւ կրթական կառույցներ՝ Հայաստանից եւ Եվրոպական Միությունից: ԵԳՊԱ-ից ծրագրի աշխատանքներին մշտակա կերպով մասնակցում են Գիտ.քարտուղար Անահիտ Օհանյանը եւ Արվեստագիտության եւ հումանիտար գիտությունների ամբիոնի դոցենտ Նազենի Ղարիբյանը: ԵԳՊԱ այլ աշխատակիցներ ներգրավված են ծրագրի կառավարման խմբում:

Ծրագիրն ունի երեք տարվա տեւողություն եւ բաշխված է ութ աշխատանքային փաթեթների (WP), որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է բարելավման գործընթացի ճանապարհին մեկ կամ մի քանի կոնկրետ խնդիրների արծարծում եւ լուծման տարբերակների քննարկում-առաջարկում:

Այսպես, առաջին փաթեթը միտված է հետազոտական ծրագրի համար կարողությունների զարգացմանը եւ խթանման գործիքների մշակմանը:

Ըստ այդմ, առաջին երկու վերապատրաստումները, որոնք կազմակերպվել են 2014թ. մայիսի 5-7-ը՝ Ավստրիայի Գրաց քաղաքում եւ հունիսի 16-18-ը՝ Երեւանում, ընթացել են Զարլցբուրգյան սկզբունքների ուսումնասիրության, դրանցից յուրաքանչյուրի՝ հայկական բուհերի իրողությունների եւ յուրահատկությունների հետ համեմատության,  տվյալ բուհի հետազոտական ոլորտում փաստերի քննության եւ SWOT վերլուծության շուրջ: Յուրաքանչյուր մասնակից կողմ ներկայացրեց կարճ տեսաելույթ, տեղի ունեցան կլոր սեղաններ եւ քննարկումներ, ապա վերջնական եզարակացություններ:

Ըստ նախատեսված ժամանակացույցի՝ 2014 թ. հիմնվեց ԵԳՊԱ հետազոտական կենտրոնը, որի գործունեության մեջ պետք է ընդգրկվի հետբուհական կրթության գործընթացի համակարգումը եւ վերահսկումը՝ գիտքարտուղարի հետ համատեղ: Կենտրոնի տնօրեն է նշանակվել Նազենի Ղարիբյանը:

Երկրորդ աշխատանքային փաթեթի նյութն է յուրաքանչյուր ծրագրի համար առաջարկների փաթեթի ներկայացումը եւ ճանապարհային քարտեզների մշակումը: Այս առիթով վերապատրաստման թվով երրորդ հանդիպումը տեղի ունեցավ Հայդելբերգում (Գերմանիա), 2014թ. նոյեմբերի 3-5-ը:

Երրորդ աշխատանքային փաթեթի ընթացքում մասնակիցները պետք է մշակեն երրորդ մակարդակի՝ հետազոտական ծրագրի աստիճանաշնորհման չափանիշները եւ որակավորման շրջանակը՝ օգտվելով եվրոպական մոտեցումների օրինակներից եւ Զալցբուրգյան սկզբունքներից: Այս փաթեթի շրջանակներում առաջին վերապատրաստական հանդիպումը կայացավ 2015թ. հունվարի 26-27-ին, Երեւանում: Չափանիշների շուրջ քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց դիսերտացիայի ղեկավարի որակների շրջանակին եւ դերին: Ներկայացվեցին տարբեր առաջարկություններ:

Հաջորդ վերապատրաստական հանդիպումը կկայանա մայիսի 11-14-ը, որի ընթացքում մասնակիցները պետք է ներկայացնեն արդեն մշակված գիտական կոչման շնորհման չափորոշիչները:

ԵԳՊԱ ուղեկից գործընկերն է Մոծ Բրիտանիայի Բաթ ՍՊԱ համալսարանը, որի դոկտորական դպրոցն ունի արվեստի հետազոտության ծրագիր:

Մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ծրագրի կայքում՝ www.tempusveritas.am

Նազենի Ղարիբյան

Անահիտ Օհանյան

Leave a Reply