Դեկորատիվ ապրումներ

Տաթեվ Հարթենյանի անհատական ցուցահանդեսը «Ալբեր և Թովէ Բոյաջեան» ցուցասրահում։

Տաթև Հարթենյանի գեղարվեստական արտահայտության հիմնական եղանակը վերացարկումն է, երբ հայացքը իրերի մեջ որոնում է այնպիսի երևույթներ, որոնք սովորական աչքի համար ոչ միայն աննկատ, նաև անսովոր են: Առարկայական աշխարհի հիմքը կազմող երկրաչափական ձևերը, որ այնքան առօրեական են, և թվում է գաղափարական, էլ չասած զգացական վիճակների աղբյուր դժվար թե լինեն, սակայն եթե կա արվեստագետի երևակայություն, ամենապարզ իրն անգամ կարող է գեղագիտական արժեք ստանալ, որոնց օրինակները արվեստում բազում են անշուշտ: Այս պարագայում սակայն հետաքրքրականը ոչ այնքան իրի, դրա ֆորմաների այսպես ասած գեղագիտացումն է, այլ այն երևակայությունը, որ կարող է առաջացնել օրինակ մի քառակուսի իր, կամ մի շրջանագիծ: Երկրաչափական այս պատկերները Տաթև Հարթենյանի երևակայության մեջ վերափոխվում են զգայական երևույթների, ներքին մտապատկերում ենթարկվում մետամորֆոզի օրենքներին, ասենք` շրջանները դառնում են օդն ի կախ փոքրիկ լուսամփոփներ. առարկաները նա ենթարկում է իր զգայական աշխարհին` դարձնելով ապրումներն արտահայտելու միջոց: Առարկայի երկրաչափական ձևը, արթնացնելով երևակայությունը, ծնում է գաղափար, որի իրականացման եղանակը, ըստ ստեղծագործական շրջանի, կարող է փոխվել: Հատկապես փոքր գրաֆիկաների մեջ ներկա են երկրաչափական տարրեր, աշխատելու ընթացքում, կամ որևէ միջավայրում յուրաքանչյուր առարկա, օրինակ` ռետինի ուղղանկյուն ֆորման կարող է գաղափար առաջացնել, որից ծնվում է նկարը, շրջանները մի տեղ դարձել են թռչող լուսամփոփներ, մի այլ առարկայի մեջ տեսել եմ քաոսային խաղ»: Նկարիչ, հագուստի մոդելավորող Տաթև Հարթենյանը Երևանի Գեղարվեստի պետակադեմիայի Գյումրու մասնաճյուղի մոդելավորման ամբիոնի վարիչն է, բուհն ավարտելուց հետո մնացել և շարունակում է աշխատել այնտեղ: ԵԳՊԱ «Ալբեր և Թովէ Բոյաջեան» ցուցասրահում ներկայացված են նրա վերջին շրջանի աշխատանքները` դեկորատիվ արվեստի և գրաֆիկայի տարրերով սինթեզված շուրջ 35 կոմպոզիցիաներ` խառը տեխնիկայով արված:

Նյութի, տեխնիկական միջոցների ընտրությունը ենթարկվում է սկզբնական գաղափարին, և հաճախակի փոփոխության է ենթարկվում` կախված հեղինակի ներքին տրամադրություններից. աշխատում է փուլերով` թե ընտրած նյութի, թե տեխնիկայի առումով, օգտագործելով գուաշ, գրիչ, ասեղ, ծավալներ ստանալու համար`ապակու և կերամիկայի ակրիլ, սուրճ, սուրճի նստվածք` հիմնականում թղթի, ստվարաթղթի վրա: Գունային աշխարհը հարուստ է` հակված կոնտրաստային լուծումների, բայց այնպես, որ հակադրությունից ստեղծվի միասնություն, ներձուլում: Գաղափարը, գույնը, տեխնիկական միջոցն ու կատարման եղանակը նա ենթարկում է իր ներքին տրամադրություններին, երբեմն էլ`սուբյեկտիվ- քմահաճ: Երբ հարցնում ես ցուցահանդեսի խորագրի մասին, մի պահ մտածում ու ասում է`«Ընդհանուր մեկ լեզու ունեն, դեկորատիվ ապրումներ»:

Հեղինակի կարծիքով այսօր բավական մեծ հետաքրքրություն կա դեկորատիվ-կիրառական արվեստի նկատմամբ, հատկապես դրանք ինտերիերի և էքստերիերի ձևավորման մեջ կիրառելու առումով. իր այս գործերը ևս արված են այդ նպատակով` որպես միջավայրը համալրող դեկորատիվ տարրեր:

Ցուցահանդեսի բացմանը ներկա ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը նախկին սանին և ներկա աշխատակցուհուն բնութագրեց որպես ներքնապես և երևակայությամբ հարուստ, աշխատանքային և ստեղծագործական առումներով ակտիվ, ժամանակակից, առաջադեմ մտածողությամբ անձնավորության, որ նաև հաջողությամբ մասնակցում է Գյումրիի միջազգային բիենալեներին: Գեղակադեմիայի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը, ցուցահանդեսի բացման առիթով շնորհավորելով հեղինակին և ներկաներին, նկատեց. «Նման քայլ անելու համար բավարար գիտելիք և ներկայանալի աշխատանք է պետք: Մինչև ցուցահանդեսի բացումը նայեցի աշխատանքները, կարծում եմ, հաջողվել է և կարևորը` մասնագիտական որակների դրսևորումով»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.