Դրամաշնորհային ծրագրի արդյունքների ամփոփում

«Եվրոինտեգրում. ԵԳՊԱ-ում մասնագիտության կրթական ծրագրերի արդիականացում» դրամաշնորհային ծրագրի արդյունքների ամփոփում

Բուհական կրթական բարեփոխումների անհրաժեշտությունը ելնում է ժամանակի պահանջներից` կրթական ծրագրերի, դասավանդման մեթոդների արդիականացմանն ուղղված: Նման բարեփոխումների ճանապարհին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան որոշակի ձեռքբերումներ ունի` մի շարք դրամաշնորհային ծրագրերի մասնակցությամբ, դրանց հաջող ընթացքով և ավարտով, ինչպես` 2013 թվականի սեպտեմբերին մեկնարկած «ԵԳՊԱ-ում մասնագիտության կրթական ծրագրերի արդիականացում» դրամաշնորհային ծրագիրը, որի ֆինանսավորումը կատարվել է Համաշխարհային բանկի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» կողմից: ԿԳ նախարարության առընթեր «Ծրագրերի իրականացման կենտրոնի» հայտարարած մրցույթին Գեղարվեստի պետակադեմիայի մասնակցությունը նպատակ ուներ արդիականացնելու չորս մասնագիտական կրթական ծրագրերը` Հագուստի մոդելավորում, Կիրառական արվեստ, Համակարգչային գեղարվեստական նախագծում, Դիզայն և վերազինելու լաբորատորիաները` համապատասխանեցնելով դրանք Որկակավորումների ազգային շրջանակին և եվրոպական չափանիշներին: Ծրագրի իրականացման ընթացքում աշխատանքային չորս հիմնական փաթեթների շրջանակներում վերանայվել են 4 մասնագիտության կրթական ծրագրերը (բենչմարքինգի իրականացում, ուսումնական պլանների և առարկայական նկարագրերի մշակում, ՄԿԾ-ի մշակում): Աշխատանքներն իրագործելու նպատակով ստեղծվել է ծրագրի կառավարման թիմ` փորձագետների, անհատ խորհրդատուների ընտրությամբ, ղեկավարությամբ պետակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սուսաննա Կարախանյանի, որը հետագայում փոխվեց և ի պաշտոնե ղեկավարեց և հաջողությամբ ավարտին հասցրեց ներկայիս պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը: Ծրագրի ֆինանսավորումը կազմել է 61մլն. 122 000 դրամ, որի 10 տոկոսից ավելին, ըստ ընդունված պահանջի, համաֆինանսավորման սկզբունքով է կատարվել, բուհի կողմից այն տրամադրվել է տեխնիկայի ձեռք բերման, փորձագետների վարձատրության և այլ նպատակների համար: Ծրագրի տևողությունը 18 ամիս էր, այն ավարտվեց այս տարվա փետրվարին: Ընթացիկ գործունեության, արդյունքների ընդհանրացման, փորձի փոխանակման նպատակային սեմինար ԵԳՊԱ-ն կազմակերկեց Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, փետրվարի 27-ին: Ծրագրի նպատակները, իրականացված աշխատանքները (ՄԿԾ- մշակում, լաբորատորիաների վերազինում, Ուսանողի ձեռնարկ, ՄԿԾ-ի վերանայման ձեռնարկ), դրանց արդյունքները ներկայացրեց կառավարման թիմի անդամ Ռուզաննա Մինասյանը, աշխատանքների ընթացքի և դրա առանձին փուլերի մասին առավել հանգամանալի տեղեկություններ հաղորդեց Մկրտիչ Այվազյանը` հընթացս համապատասխան սանդղանկներով դրանք ցուցադրվում էին էկրանին:

Ծրագրերի անհրաժեշտ վերանայումը կատարվել է ըստ ուսումնառության վերջնարդյունքի` սահմանելով ուսանողի որակները` հմտություններ, կարողություններ և գիտելիք, և դրանց առանձին նկարագրիչներն ըստ գիտական աստիճանի: Փորձերն արվել են այն ծրագրերի վրա, որոնք այսօր ավելի պահանջված են` վերոնշյալ չորս մասնագիտությունների գծով: Բեչմարքինգի` համեմատական վերլուծության, սեփական փորձի և առաջավոր այլ հաստատությունների փորձի ուսումնասիրության արդյունքում, սեփական խնդիրների պահանջների հստակեցմամբ սահմանվել են չորս մասնագիտական ծրագրերի ուսումնառության վերջնարդյունքներ, ըստ դրանց մշակվել են ուսումնական պլաններ, առարկայական նկարագրերը վերանայվել են հատուկ ձևաչափերով, փոփոխվել են դասընթացների բովանդակային ձևակերպումները, մատուցման մեթոդները:

Աշխատանքային վերապատրաստման փաթեթով ընտրված փորձագետների մշակումների պարբերաբար ներկայացվող տեղեկությունները քննարկվել են իրենց ամբիոններում, ավարտին պրոռեկտորի հետ տեղում իրականացվել է վերապատրաստում: Ծրագրի շրջանակներում դասախոսները նաև ներկայացրել են անհրաժեշտ գրականության ցանկ, հիմնականում էլետրոնային գրքերի, բուհի գրադարանը համալրելու անհրաժեշտ այլ գրքեր, ինչպես Ռուզաննա Մինասյանն ասաց, փորձ է արվելու ձեռք բերել դրամաշնորհային այլ ծրագրերից:

Աշխատանքային գործընթացի, կատարված փոփոխությունների տեսական արդյունքները համակարգվել, ամփոփվել են, և հրատարակվել է «Մասնագիտական կրթական ծրագրերի մշակման և վերանայման ձեռնարկ»-ը: Հրատարակվել է նաև «Ուսանողի ուղեցույց»-ը, որտեղ կարելի է ծանոթանալ ոչ միայն վերոնշյալ ծրագրերին, այլև Գեղարվեստի պետակադեմիայի պատմությանը, գործունեությանը, կառուցվածքին, համակարգին, մատուցած ծառայություններին:

Ծրագրի հիմնական նպատակներից մեկը և գործնական արդյունքը լաբորատորիաների վերազինումն էր, որի աշխատանքներն ավարտվեցին հաջողությամբ: ժամանակակից սարքավորումներով ՄԿԾ-ների համապատասխան լաբորատորիաների համալրումը կնպաստի ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը. ձեռք են բերվել բավարար քանակի համակարգիչներ` Համակարգչային գեղարվեստական նախագծում, կարի մեքենաներ, մանեքեներ, արդուկներ, ձևարարի սեղան և անհրաժեշտ այլ պարագաներ` Հագուստի մոդելավորում, վառարաններ` Կիրառական արվեստի բաժինների համար և Դիզայն մասնագիտության համար վերանայվել է մակետավորման լաբորատորիան:

Սեմինարի ընթացքում հնչեցին հարցեր, հատկապես Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցչի ակտիվ հարցադրումները և պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանի, Դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանի հանգամանալի պատասխանները հնարավորություն տվեցին ավելի հստակ պատկերացում կազմել այն նոր գործընթացների մասին, որ այսօր փորձում են իրականացնել հայաստանյան բուհերում, մասնավորապես Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում: Սեմինար-քննարկումն օգտակար եղավ փորձի փոխանակման առումով նաև:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply