ԵԳՊԱ-ի կառավարման խորհրդի նիստում

Անհրաժեշտ փոփոխությունների շեմին

 

Երեկ` հունվարի 30-ին տեղի ունեցավ Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Կառավարման խորհրդի նիստը` օրակարգային հետեւյալ հարցերով` ԵԳՊԱ ՊՈԱԿ-ի 2014 թվականի գործունեության հաշվետվության քննարկում եւ գնահատում, 2015 թ. բյուջեի նախահաշվի քննարկում եւ հաստատում, Ակադեմիան պետական ոչ առեւտրային կազմակերպությունից հիմնադրամի վերակազմավորելու հարցի քննարկում, Ակադեմիայի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցի քննարկում եւ Ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման հարցը: Նիստը վարում էր Կառավարման խորհրդի նախագահ Անելկա Գրիգորյանը, ներկա էին խորհրդի բոլոր անդամները` նախապես ծանուցված քննարկվող հարցերին:

Գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը հանգամանալի ներկայացրեց 2014-թվականի բուհի գործունեության հաշվետվությունը` ֆինանսական, ուսումնական, ադմինիստրատիվ – կազմակերպչական եւ այլ հարցերի առնչությամբ սպառիչ տեղեկություններ տալով, ընդգծեց մասնավորապես Եվրոմիության ՏԵՄՊՈՒՍ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 5 ծրագրերին բուհի ակտիվ մասնակցությունը, որոնցից մեկի ղեկավարման պատիվը տրված է Գեղարվեստի պետակադեմիային, որը զարգանում է բնականոն ընթացքով, ուսանելի եւ օգտակար գնահատվեց եվրոպական համալսարական կրթությանը ինտեգրվող ակադեմիայի դասախոսների եւ ուսանողների փորձի փոխանակումը, դրա ներդրումը ուսումնական պրոցեսներում: Նմանապես հաջող ընթացք է արձանագրում բուհի` եվրոպական ASIIN հավատարմագրման գործակալությանը ինտեգրվելու ընթացքը:

Ռեկտորն անդրադարձավ նաեւ Բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի 6-րդ վարկանշային խմբում գեղակադեմիայի արձանագրած 2014-ի հաջողությանը` արվեստի բուհերի մեջ բոլոր չափանիշներով ակադեմիայի զբաղեցրած առաջին տեղին (վարկանիշավորումը իրականացվում է ըստ բուհերի գործունության հետեւյալ ուղղությունների` ուսանողներ, ուսումնառության արդյունքներ, միջազգային ուղղվածություն, գիտահետազոտական աշխատանք, դասավանդման գործընթաց, հաստատության կարողություններ, աշխատանքային շուկա, համալսարանական շինություններ): Նա նկատել տվեց, որ անհրաժեշտ է առավել աշխատանք տանել` այդ ամենը պահպանելու եւ զարգացնելու:

2014-ի հաշվետվությունը քննարկվեց եւ բաց քվեարկությամբ գնահատեց բավարար, այնուհետեւ ռեկտորը ներկայացրեց 2015 թ. բյուջեի նախահաշիվը, որը նույնպես քննարկվեց եւ հաստատվեց: Օրակարգի հաջորդ` ակադեմիան ոչ առեւտրային կազմակերպությունից հիմնադրամի վերակազմավորման հարցը այսօր արդեն ակտուալ է, երեւանյան մի շարք բուհեր այդ ճանապարհին են. դրա առաջին փորձը կատարել է Գյուղատնտեսական ակադեմիան: Արամ Իսաբեկյանը ընդհանուր գծերով ներկայացրեց տվյալ կարգավիճակային փոփոխության անհրաժեշտությունը, հանգամանալի ներկայացրեց դրա նշանակությունը եւ որոշակի առավելությունները, ինչը բուհին ինքնավարության ավելի լայն հնարավորություն կտա` շնորհելով ձեռնարկատիրական հատկանիշներ, որոշակիորեն ազատականացնելով գործունությունը` առավել արդյունավետ օգտագործելու սեփական գույքը, ինչպես նաեւ ներգրավելու արտաքին ներդրողների:

Ժամանակի պահանջները, բուհերի ներկա ֆինանսական վիճակը պահանջում են առավել ճկուն եւ ռացիոնալ քաղաքականություն, ֆինանսական այլըտրանքային աղբյուրների որոնում, բացի պետական ֆինանսավորումից, ուսանողական վարձավճարներից, հնարավոր բարերարների աջակցությունից հարկ է լինում գտնել եկամտի այլ աղբյուրներ. ի վերջո չէ՞ որ ուսման որակը շատ առումով ուղղակիորեն կախած է բուհի ֆինանսական վիճակից: Ակադեմիայի համար որոշակի եկամտի աղբյուր կարող է լինել սեփական արտադրանքի վաճառքը, ինչի հնարավորությունը բուհը ներկայում չունի: Դա իրականացնելու համար Կառավարման խորհրդի հաստատմանը ներկայացվեց կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը, մասնավորապես առաջարկվեց 13-րդ կետը լրացնել §արհեստագործական» բառով` շարադրելով հետեւյալ խմբագրությամբ` «Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումները կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հանրակրթական, արհեստագործական, միջին մասնագիտական, ինչպես նաեւ լրացուցիչ կրթության ծրագրեր»: Առաջարկվեց նաեւ կանոնադրության 15-րդ կետի «ե» ենթակետի լրացում հետեւյալ կերպ` «հրատարակչական գործի ու տպագրության ծավալում եւ իրականացում»:

Արամ Իսաբեկյանը շնորհակալությամբ հիշատակեց անցած տարի կառավարության աջակցությամբ Համաշխարհային բանկից ստացված ֆինանսական օգնությունը, ինչի շնորհիվ գեղակադեմիայի մոդելավորման լաբորատորիան համալրվեց կարի 28 բարձրորակ մեքենաներով եւ հարակից անհրաժեշտ սարքավորումներով, նա տեղեկացրեց նաեւ, որ վերջերս ժամանակակից սարքավորումներով համալրվել է կերամիկայի լաբորատորիան, որոնք շուտով կտեղադրվեն, ինչն անհամեմատ կբարձրացնի աշխատանքի որակը եւ դրա արդյունավետությունը` արտադրանքը առավել մրցունակ դարձնելու եւ վաճառքի հնարավորությունն ընդլայնելու առումով:

Օրակարգի եզրափակիչ հարցը` ակադեմիայի հիմնադրման 70- ամյա հոբելյանին եւ նախատեսված միջոցառումներին էր վերաբերում` հոկտեմբերի վերջերին Նկարիչների միության դահլիճում կայանալիք մեծ ցուցահանդեսով, բուհի 70 տարիների ուսումնական, ստեղծագործական, գիտական գործունեությունը ամոփոփող գիրք-ալբոմի հրատարակությամբ: Ստեղծված խմբագրական կոլեգիան արդեն ներգրավված է արխիվային նյութերի ուսումնասիրման, լուսանկարների հայթայթման, հավաքչական, կազմակերպչական այլ աշխատանքներում: Նախատեսված է նաեւ ակադեմիական գծանկարի ալբոմի հրատարակություն, որտեղ կամփոփվեն անցած 70 տարիների ակադեմիայի դասախոսների եւ ուսանողների գծանկարչական գործերը:

Վերջում Արամ Իսաբեկյանը անդրադարձավ Գեղակադեմիայի համար կարեւոր նշանակությամբ բազմաֆունկցիոնալ դահլիճի անհրաժեշտության հարցին, որի հիմնարար վերանորոգման համար անհրաժեշտ միջոցներ ակադեմիան իր ներքին ռեսուրսներից հատկացնել չի կարող: Տեղեկացվեց, որ ակնկալվում է ԿԳ նախարարության միջամտությունը` Համաշխարհային բանկից ստանալու ֆինանսական համապատասխան աջակցություն:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.