Սասունցի Դավիթ` գրաֆիկական շարքը

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍԸ`

ԱՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ  ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջեան»  պատկերասրահում բացվել է գրաֆիկայի ամբիոնի վարիչ Արա Բաղդասարյանի անհատական ցուցահանդեսը, ներկայացված է «Սասունցի Դավիթ»   էպոսի գրաֆիկական շարքը, որն արվեստագետի ուրույն մոտեցումը, մեկնաբանությունն  է ազգային մեր դյուցազնավեպին: Ամենայն մանրամասնությամբ ու գծի նրբությամբ կատարված նկարներին ուղեկցող տեքստային հատվածները գեղագիտորեն լրացնում են աշխատանքները, միաժամանակ պատումի սյուժետային գծի ընդհանուր պատկերացումը տալիս: Ինչպես հեղինակն է ասում,  դեռ վաղ պատանեկությունից հրապուրված է եղել էպոսով, եւ միայն երեք տարի առաջ է մտահղացել նկարազարդման գաղափարը` դա ներկայացնելու այնպես, որ դիտողի, մանավանդ երիտասարդության մեջ, որոնց մի մասը ծանոթ չէ հայ ժողովրդական էպոսին, ընթեցանության հետաքրքրություն առաջացնի, հատկապես որ` «էպոսն արտահայտում է հայ ժողովրդի հոգեբանությունը, մեր ավանդույթները, սովորույթները  խտացված են այնտեղ»:

Ներկայացված աշխատանքների մի մասը գրչարվեստի նմուշներ են, հայոց այբուբենի տառատեսակների սեփական մշակումեր, սուրբգրային տեքստեր («Տերունական աղոթք»), գրքերի շապիկներ, անվանաթերթերի օրինակներ, որտեղ ակնհայտ է նաեւ գրահրատարակչական արվեստի հանդեպ  նրա ունեցած վերաբերմունքը, պրոֆեսիոնալ մոտեցումը:

Ցուցահանդեսի բացման առիթով Գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը շնորհավորելով նկարչին, գնահատեց  նրա անդրադարձը ազգային էպոսին, հետաքրքրված` նկարաշարը գրքի վերածելու գաղափարի իրականացմամբ նաեւ, կարեւորեց գրչարվեստի ներկայացված նմուշները. §Տառի կուլտուրան, իհարկե, կա մեր մանրանկարչության մեջ, բայց այն մշակումները, այն բավարար զարգացումները, որ պետք է ունենար, չեն եղել,  սա արտահայտվում է նաեւ մեր ուսանողների աշխատանքներում,  եւ  նրանց թերի կողմերից մեկն է: Այս առումով ներկայացված գործերը սովորողների համար ուսանելի են»: Արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Ղազարյանը հեղինակին ներկայացրեց որպես գրաֆիկայի եւ գրչարվեստի ասպարեզում եզակի անձնավորության, գծի նուրբ վարպետի: Նա անդրադարձավ հայոց միջնադարին, մանրանկարչությանն ու գրչության արվեստին` «Միջնադարում գրչության արվեստ չիմացողը չէր կարող մանրանկարչություն անել: Արա Բաղդասարյանը արթնացնում է այն կուլտուրան, որ ունեցել է մեր միջնադարյան արվեստը, տպագրության արվեստը վերջին 400- 500 տարիների ընթացքում»:

Իր տպավորությունները հայտնեց բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը, նկատելով, որ սա բոլորովին նոր մոտեցում է` էպոսի նախորդ երեք`Հակոբ Կոջոյանի, Մհեր Աբեղյանի, Երվանդ Քոչարի ձեւավորումներից  տարբեր:

 

 

Արա Բաղդասարյանին որպես գրքաստեղծ նկարչի բնութագրեց երաժշտագիտության դոկտոր Յուրա Յուզբաշյանը: Նկարագրելով իրենց համատեղ աշխատանքից ստացած տպավորությունները`  ընդգծեց գրքաստեղծման գործին նրա հատուկ վերաբերմունքը, երաժշտության էության մեջ թափանցելու, հոգեբանական վերլուծության ենթարկելու, ամենաաբստրակտ այդ արվեստը վարպետորեն կերպավորելու ունակությունը, որտեղ նկարն ու երաժշտական գործը միասնական ամբողջության մեջ են դիտված եւ ներկայացված:  Այս ասպարեզում Արա Բաղդասարյանը լուրջ փորձ ու ձեռքբերումներ ունի, դեռեւս խորհրդային տարիներից նա համագործակցել է հրատարակչությունների հետ եւ այսօր էլ շարունակում է: 70-ականների վերջերից աշխատել է Տաշքենդում, ձեւավորել եւ նկարազարդել բազմաթիվ գրքեր, որոնցից 50 –ը այդ թվում` Ուզբեկական դասական պոեզիայի հինգ հատորյակը տպագրվել է, արժանացել  մրցանակի: Նա նաեւ զբաղվել է հայկական տպագրության եւ գրքարվեստի ուսումնասիրությամբ, 2010-ին  հրատարակել է «Ինչպես է ստեղծվում գիրքը»   մենագրությունը: Ձեւավորել եւ նկարազարդել է ավելի քան հազար անուն գիրք, որոնցից ցուցահանդեսում մի քանի ընտիր նմուշ է ներկայացված:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.