100-ամյա տարելից

Հոբելյանական ցուցահանդես` նվիրված էդուարդ իսաբեկյանի 100 ամյակին

Գեղագիտական ու գաղափարական համարժեքումներ

 

Էդուարդ Իսաբեկյանի 100 ամյակը նշանավորվեց Ազգային պատկերասրահում նկարչական աշխատանքների հոբելյանական հրաշալի ցուցահանդեսով,  միջնասրահում` Վարպետի կյանքային առավել նշանավոր դրվագների լուսանկարների ցուցադրությամբ եւ «Իգդիր» գրքի շնորհանդեսով`Որմնանկարների սրահում:

Ցուցահանդեսը ներկայացնում է Վարպետի ժառանգության լավագույն ընտրանին, էքսպոզիցիոն աշխատանքը կատարված է խնամքով եւ նախանձախնդիր, որդու` Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի անմիջական մասնակցությամբ, ցուցահանդեսը համակարգող, արվեստաբան Քնարիկ Ավետիսյանի ջանքերով: Ցուցադրված նկարները Ազգային պատկերասրահին, մասնավոր հավաքածուորդներին եւ ընտանիքին պատկանող գործեր են:

Ցուցադրությունը Էդուարդ Իսաբեկյանի նկարչության տարբեր ասպեկտների բացահայտման, ստեղծագործական ճանապարհի ամբողջական պատկերացում կազմելու եւ ընդհանրացումներ անելու նոր հնարավորություն է: Այստեղ ներկայացված են  նրա նկարչական մտածողության բոլոր արտահայտությունները` թեմատիկ, ժանրային, ոճական առումներով,  դրանց գունածավալումերն ու զարգացումները, արժեքավոր` ինչպես արվեստասեր հանրության, արվեստաբանների եւ ճանաչողական նշանակությամբ կարեւոր` երիտասարդ սերնդի համար. թեմատիկ-կոմպոզիցիաներում պատմական դեպքերի պատկերավորումների ներքին պաթոսը, պայքարի ոգին, ազատամիտ ներշնչումների ու ազատ կամքի իդեաները մի կողմից, եւ ապա գեղագիտական կողմը` կատարման տեխնիկական վարպետությունը, դասական նկարչության կանոնների եւ սեփական -անհատական մոտեցումների համադրման ներդաշնակ լուծումները:

Վարպետի գունային մտածողությանը հատուկ են թանձր խտացումները, առավել մուգ երանգների կիրառումը, այս միջոցը ավելի արտահայտիչ է դարձնում բազմաֆիգուր, բարդ կոմպոզիցիաների գաղափարական երանգավորումը, շեշտադրում իմաստային արտահայտությունը, դրամատիզմն ու խորհրդավորությունը, ինչպես` Վարդանանց պատմությանը նվիրված պատկերաշարում, սյուժետային գիծ ունեցող ուրիշ աշխատանքներում է, նաեւ դիմանկարներում եւ հոգեվիճակային տրամադրություններ արտահայտող մի շարք բնանկարներում: Տպավորիչ են  այս շարքի «Ավարայրի ճակատամարտը» մեծածավալ կտավի երանգային ֆոնավորումը` մարտի, թշնամի  բանակների բախման, շուրջը սփռվող մահվան մթնոլորտը եւ դրա կոնտրաստ` մշուշ հիշեցնող բաց-գրավիչ մոխրագույնի տարածումները:

Ընդհանուր գունախտացումները, մուգ երանգները տեղի են տալիս այն բնանկարներում, որտեղ համեմատաբար հանդարտ տրամադրություններ են  իշխում, ինչպես`«Սպիտակ քարեր», Քար եւ մասրենի», «Աշնան փշատենի», «Մասրենին քարերի մեջ», գույնի ավելի պայծառ, դեղնի հազվադեպ վառ լուսավորումով մի քանի նկարներ` այգեկութ կամ բնության տեսարան պատկերող`«Աշտարակի այգիներում», «Մայիսյան օր», «Աշունը այգում», «Ձիերը կիրճում»,  եւս մի քանի այդպիսի գործեր,  ակտիվ տրամադրություն են առաջացնում: Գունային այս փոփոխությունները անակնկալ դրսեւորումներ են ստանում 3-րդ սրահում ներկայացված ջրաներկ աշխատանքներում («Արեւամուտը Սեւանում»,  «Սեւանա լիճն ամպամած»). այստեղ մենք տեսնում ենք միանգամայն այլ ձեռագիր ու մտածողություն, բոլորովին նոր որակ: Երփնաներկի թափանցիկ մակերեսները` օրվա տարբեր պահեր, տեսարաններ ներկայացնող, այնքա~ն ակնահաճո են, իսկ հեռվից դիտված` խորքային շերտեր են բացում. թվում է`  հանդարտ վիճակների արձանագրումներ են, իրականում, սակայն, Իսաբեկյանի արվեստի անհանգիստ դինամիզմը բնորոշ է նույնիսկ այսպիսի մեղմ  բնանկարչությանը: Հետաքրքրականն այն է, որ գունային փոխակերպումները, այս նոսրացումները, քսվածքի հարթ – բարակ շերտեր, առավել բաց երանգներ  ու  լույս հայտնվում են Վարպետի ուշ շրջանի գործերում:

Մեծածավալ թեմատիկ-կոմպոզիցիոն գործերը` գեղագիտական արժեքով ու գաղափարական-իմաստային նշանակությամբ, կոլորիտային, խարակտերային դիմանկարները,  թանձր ու նոսր բնանկարները թողնում են սպասված եւ անհրաժեշտ ազդեցությունը, սակայն միաժամանակ իրենց գեղարվեստական արժեքով նույնքան տպավորիչ են փոքր չափսի նկարները, մասնավորապես գրավիչ են Վարպետի գրաֆիկական աշխատանքները:

 

Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրը` նոյեմբերի 8-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, իր շիրիմին հիշատակի ու խոնարհման արարողություն եղավ, հոգեհանգստյան պաշտոն կատարվեց: Վարպետի երկար տարիների մտերիմ ընկեր, կյանքի մինչեւ վերջին պահը իր հետ, իր կողքին` «Իգդիր» հայրենակցական միության նախագահ Լյուդվիգ Սարգսյանը  ջերմ հիշողություններ պատմեց, խոսեց նկարչի ստեղծագործական ու մարդկային նկարագրի, նրա երազների ու կարոտների, իղձերի ու մորմոքների, նրա կամային հատկանիշների, հախուռն ու հակասական բնույթի եւ իհարկե «Իգդիր» վեպի մասին` համարելով այն հանրագիտարանային նշանակության գիրք, որով  Իգդիրը նշանավորվեց մեզանում, Ճանաչում ստացավ, Վարպետի գրչով անմահացավ: Լյուդվիգ Սարգսյանի  հարցը, թե ինչու օրագրային կամ այլ գրառումներում նկարների ստեղծման պատմությունների հիշատակումներ չի թողել Վարպետը, արձագանք ունեցավ քիչ անց, երբ մեծարման արարողությունը շարունակվեց Մաշտոցի պողոտայի` Էդուարդ Իսաբեկյանի անվան ցուցասրահում, որտեղ մտերմիկ մթնոլորտ կար, եւ խոսք ասացին շատերը` արվեստաբան Վիգեն Ղազարյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, գրող Արմեն Շեկոյանը: Հետաքրքրական էին Արամ Իսաբեկյանի պատմածները մի քանի նկարների ստեղծման շարժառիթների, նկարչի ապրումների, ներքին ու արտաքին հակասական վիճակների, պարտադրված գաղափարաբանության եւ դրանք շրջանցելու, նկարչական ձեւեր գտնելու, այլաբանորեն սեփական գաղափարները արտահայտելու որոնումների, կերպարների նախատիպերի մասին: Գեղագիտական արժեքից բացի կարեւոր նկատվեց նկարչության մեջ դրված խորքային-իմաստային նշանակությունը, նպատակային ուղղվածությունը: Ասվածը իհարկե պատումին կամ պատմողականությանը չի վերաբերում, այլ արվեստի ներքին պաթոսին, գաղափարական- աշխարհայացքային սկզբունքներին, այսինքն` թե ինչ է փոխանցում արվեստը իր ժամանակակցին կամ հետո եկողին: Իսաբեկյանի պարագայում արտաքին գեղեցկությունը ներդաշնակվում է ներքին ոգուն` հպարտության, արժանապատվության, կամքի ու պատվախնդրության, ազատության ու պայքարի ձգտումին: Այս երանգները Վարպետի ստեղծագործությունների բացահայտման նոր  առիթ կարող են հանդիսանալ. հայտնի բան  է, թե որքան նշանակություն ունեն կյանքային հանգամանքները ստեղծագործությունների վրա, ի վերջո դրանք կրողն են ներքին, ինդիվիդուալ զգացողությունների ու ապրումների, մտածողական կերպի, միաժամանակ արտաքին ազդեցությունների արտահայտություններ են:

 

Մելանյա Բադալյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.