Ցուցահանդես-մրցույթ

Նկարիչների միության առաջին հարկի սրահում նոյեմբերի 11-ին բացվեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների ստեղծագործությունների ցուցահանդես` կազմակերպությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ԵԳՊԱ ուսանողական խորհրդի:  Ցուցահանդեսը մրցութային է, կրում է մասնակիցներից մեկի նկարի համանուն` §Մի կտոր կրակ» խորհրդանշական խորագիրը:

Ներկայացված շուրջ 200 աշխատանքները հիմնականում գեղանկարչական գործեր և քանդակներ են` վերջիններս բավական հետաքրքրական իդեաներով, կան  նաև խեցեգործական որակյալ նմուշներ: Թեմատիկ, ոճական ու ժանրային բազմազանությամբ աչքի ընկնող գեղանկար աշխատանքների մի զգալի մաս բնանկարներ են, համեմատաբար սակավ են դիմանկարները, նատյուրմորտները, ներկայացված են գրաֆիկական, հեքիաթի ձևավորման և գրքի նկարազարդման ուշագրավ աշխատանքներ: Բավական ակտիվ ու հարուստ է ստեղծագործությունների գունային միջավայրը` վառ երանգային  հագեցումներով, մի շարք բնանկարներում տպավորիչ են միջավայրի, եկեղեցական ճարտարապետության ներդաշնակ համադրությունները, դրանց զգայուն, նուրբ ընկալումները:  Ցուցահանդեսի մրցութային բնույթը նկատի առնելով` առանձին հեղինակների անուններ չենք նշում:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գեղարվեստի պետակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, պրոռեկտոր Միքայել Այվազյանը, նախաձեռնող կազմակերպությունների անդամներ, դասախոսներ, ուսանողներ: Բացման խոսքում Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նկատեց, որ միության դռները միշտ բաց են ստեղծագործող անհատների, նկարիչների աշխատանքների ցուցադության համար, և որ առաջին անգամ չէ ուսանողական ցուցահանդես այստեղ բացվում,  համեմատության մեջ  նշեց նաև, որ այս ցուցահանդեսում ներկայացված են ավելի հետաքրքրական, բազմազան և համարձակ ստեղծագործություններ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի խոսքերով` պատիվ է Նկարիչների միությունում ունենալ ցուցահանդես և կրկնակի պատիվ` երիտասարդ ստեղծագործողների համար. ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Երիտասարդական հիմնադրամը ուսանողներին այսպիսի նվերներ մատուցելու ավանդույթ են ձևավորել, այս ցուցահանդես-մրցույթը երիտասարդ ստեղծագործողներին ուշադրության կենտրոնում պահելու դրսևորումներից մեկն է:

Մելանյա Բադալյան

Leave a Reply