Հայաստանյան գույներ

Պետերբուրգցի ուսանողների հայաստանյան գույները

Սկսենք Երեւանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի “Ալբեր եւ Թով Բոյաջյան” ցուցասրահի սեպտեմբերյան առաջին ցուցահանդեսի մթնոլորտի գրավչությունից. այն տրամադրող էր, անմիջական ու բաց: Ցուցասրահը հյուրընկալել էր պետերբուրգցի երիտասարդ ուսանողների մի խմբի եւ նրանց ղեկավարներին`Ալեքսանդր Շտիգլիցի գեղարվեստական-արդյունաբերական պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետի դասախոս Տատյանա Գուդովային եւ միջազգային կապերի բաժնի վարիչ Գալինա Սիրենկոյին: Հայաստանյան շրջագայության տասնօրյա ընթացքում նրանք հասցրել են լինել հայկական բնաշխարհի գրեթե բոլոր այն վայրերում, որտեղ բնությունը, երկրի հինավուրց ճարտարապետությունը, քարի, հողի ու երկնքի գույնը կխեսեին իրենց հետ նկարչության լեզվով եւ պետք է ասել, որ նրանց հաջողվել էր երկխոսել, տեսնել իրենց համար անծանոթ երկրի, նրա բնատարածքների, բարձրավանդակների ու հարթավայրերի, լանդշաֆտների, անտառածածկերի, լեռների գույնի առանձնահատկությունը, զգալ հարավային կլիմայի, արեւի լույսի` տարվա այս եղանակին հատկապես, նպաստավոր լինելը նկարչական հնարավորությունների բացահայտման առումով: Այս տրամադրություններն ու տպավորություններն արտահայտություն են գտել ցուցասրահում ներկայացված նկարներում: Ներս ես մտնում եւ վայրկյան իսկ պետք չէ` հայկական շունչը զգալու համար. գրեթե բոլոր նկարներում հայկական եկեղեցական ճարտարապետության ներկայությունն է իհարկե, որ ապահովում է այսպիսի մթնոլորտ, եւ էականը` զգացողությունն է շատ հայկական: Նկարներից մեկը բրդե գործվածքի վրա արված աշխատանք է` հայկական լեռնային բնությանը հատուկ վառ – կարմրաշեկ գունավորումով: Գեղակադեմիայի միջազգային կապերի բաժնի ավագ մասնագետ Ռուզաննա Հակոբյանը ասում է, որ հեղինակը խնդրել է օգնել իրեն` ընտրելու այնպիսի գործվածք, որն օրնամենտային մոտիվներով մոտ լինի հայկականին` նկարի զգացողությունը ավելի հարազատ դարձնելու համար: Ուսանողների դիտողականությունը եւ աշխատասիրությունը առանձնապես նկատելի էր, նրանց եւ ոչ մեկ օրը, շրջագայությունից ստացած ոչ մեկ տպավորությունը հենց այնպես չեն անցել, դրանք վերածվել են նկարների, եւ ցուցադրվածը աշխատանքի մի մասն էին միայն: < Զարմանալին աշխատանքի քանակն է, ընդամենը ութ օր, եւ նման արդյունավետություն, անսպասելի էր սառը հյուսիսից այսպիսի գունագեղ ու տաք հայացք>, – ասում է կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանը:

Նորը միշտ հետաքրքրքկան է, եթե անգամ անսովոր չէ, եւ հետաքրքրական է, երբ քեզ ծանոթը, քոնը, որին աչքդ այնքան է սովորել, որ այլես շատ բաներ աննկատ են մնում, բացահայտում է ուրիշը, օտարը, եւ մանավանդ երբ այդ մեկնաբանությունը դրական տրամադրություններ է արթնացնում:

Հյուրերին ջերմությամբ ընդունեց եւ բոլորին անհատապես շնորհավորեց գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը. նա մինչ ցուցահանդեսի բացումը հետաքրքրությամբ դիտում էր պետերբուրգցի ուսանողների հայաստանյան պատկերները: Իր անմիջական, մտերմիկ խոսքը տրամադրություն ու մթնոլորտ փոխեց. <Հաճելիորեն զարմացած եմ, որ այս կարճ ժամանակամիջոցում եւ առաջին անգամ լինելով Հայաստանում այս երիտասարդները կարողացել են էական բաներ նկատել, բայց ամենակարեւորը` նկարներում իսկապես Հայաստանն է`ձեր հայացքով, ձեր մեկնաբանությամբ, բայց` շատ հայկական: Ուրախանում եմ, երբ մարդիկ գալիս են մեր հայրենիք ու այսպես լուսավոր տեսնում այն>: Նա հույս հայտնեց` երկու բուհերի շարունակվելիք համագործակցության, համատեղ նոր ծրագրերի իրագործման, ստեղծագործական, մարդկային հետագա բարեկամության: Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի գեղարվեստական-արդյունաբերական ակադեմիան ռուսաստանյան արվեստի հեղինակավոր բուհերի շարքում է, որի հետ Երեւանի գեղարվեստի ակադեմիան պայմանագրային համագործակցություն ունի:

Նկարների հեղինակները կերպարվեստի ֆակուլտետից չեն, դիզայնի, կերամիկայի, հագուստի մոդելավորման, գրաֆիկական դիզայնի ֆակուլտետների տարբեր կուրսերի ուսանողներ են`դիտողականությամբ ու գունային զգացողությամբ օժտված: Հայաստանը նրանց շրջագայության 12-րդ երկիրն է, Ֆրանսիայից, Իսպանիայից, Չեխիայից, Ուզբեկստանից, Կովկասյան երկրներից հետո: Սա բուհական բավական գրավիչ եւ ուսանելի ծրագիր է, աշխարհի տարբեր մշակույթների հետ հարաբերվելու, երիտասարդների աշխարհայացքը, տեսահորիզոնը ընդլայնելուն, տպավորություններն ու փորձը հարստացնելուն ուղղված, որն անշուշտ կօգնի նրանց հետագա ստեղծագործական աշխատանքում: Երթուղին չի կրկնվում. ամեն նոր ճամփորդություն բերում է իր տրամադրությունը, իր տպավորությունը, նոր կերպարներ, նոր ճարտարապետություն, բնաշխարհի անկրկնելի գույներ, որը, ինչպես խմբի ղեկավարն է ասում, հնարավորություն է տալիս նրանց խույս տալ արվեստում հատկապես անընդունելի կրկնվելու վտանգից. < Որպես ղեկավար նրանց չեմ թելադրում, նրանք ամեն ինչ անում են ինքնուրույն, այս շրջագայությունները օգնում են` որպես անհատականություն ձեւավորվելու պրոցեսում>: Տատյանա Գուդովան շնորհակալություն հայտնեց Երեւանի գեղակադեմիայի միջազգային կապերի աշխատակիցներին` բաժնի վարիչ Մարինե Պատվականյանին եւ ավագ մասնագետ Ռուզաննա Հակոբյանին` իրենց գործը դյուրացնելու, կեցության եւ կազմակերպչական տարբեր հարցերի աջակցության համար:

Անակնկալը` ծրագրի իրականացման ճանապարհն է. ամեն ինչ արվում է մասնակիցների նախաձեռնությամբ` ուսանողների ու դասախոսների ֆինանսական միջոցներով, ուսանողները ամռան ամիսներին աշխատում են` շրջագայության ծախսերը հոգալու համար: Ճամփորդությունների ստեղծագործական արդյունքը` որպես անմիջական տպավորությունների արձագանք, աշխատանքային կարեւոր փորձ է, առավել գնահատելին դրանց հանդեպ ուշադրության այն դրսեւորումն է, այն վերաբերմունքը, որ ցուցաբերում է խմբի ղեկավարը` ուսանողների նկարները հետագայում ընդգրկելով ալբոմներում, որոնց տպագրական ծախսերը հոգում է անձնապես ինքը` Տատյանա Գուդովան:

Իսկապես` որտեղ կա սեր ու նվիրում, բացվում են նաեւ հանրավորությունները:

Մելանյա Բադալյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.