Մտահոգություն

«ԷԴՎԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ» ՑՈՒՑԱՍՐԱՀ ԱՅՑԵԼԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանի, դիմացի ՀայԱրտ մշակութային կենտրոնի, դրա հարթակներից մեկում անցած տարի բացված «Էդվարդ Իսաբեկյան» ցուցասրահի եռանկյունին Մաշտոցի պողոտայի սկզբանահատվածը արվեստի միջավայրի վերածելու լավ հնարավորություն կարող էր ստեղծել, քաղաքային իշխանությունների միտումը եթե այդպիսին լիներ: Սակայն թերեւս որեւէ անցորդի մտքով չի էլ անցնի այս վայրում արվեստի օջախ փնտրել այսօր, ուր մնա՜ց մթնոլորտ: Ժամանակակից արվեստի թանգարանը մարդկանց հայացքից այնպես է թաքցված, տեսադաշտը փակված մայթի երկայնքով ձգվող ուղղանկյունաշար անճաշակ խանութներով, որ տեղի մթնոլորտը ամբողջովին փոխված, արվեստի հետ կապը խզված է, չնայած կառուցաշարի հակառակ երեսի` պողոտայի կողմից չերեւացող մի հատված վերածված է ցուցասրահի, բայց դա եղանակ չի փոխում: Մինչդեռ ոչ վաղ անցյալում թանգարանի դիմացի վարդապատ անկյունը եթե խնամվեր եւ ընդարձակվեր` համալրվելով ժամանակակից արվեստի քանդակախմբերով, խեցեգործական արվեստի նմուշներով, գեղարվեստական-դիզայներական աշխատանքներով, ինքնին կապահովվեր մշակութային – գեղագիտական միջավայր ու մթնոլորտ: Ասվածը վերաբերում է նաեւ դիմացի ՀայԱրտ մշակութային կենտրոնի շրջակայքին:

Սակայն մեր հայացքն այսօր այլ բանի է ականատես. ՀայԱրտ–ի «Էդվարդ Իսաբեկյան» ցուցասրահի դրսակողմյան պատին կից, մահճակալի դեր կատարող ինչ-որ բանի վրա անկողնային պարագաներ են` մշտական բնակչով: Արդեն քանի ամիս սրահի պատին կից այս հատվածը անտուն մեկը իր համար կացարան է դարձրել. անհավանական տեսարան, որ նույնիսկ քաղաքի ծայրամասերում չես հանդիպի, իսկ սա Երեւանի բուն կենտրոնն է, այն էլ` թանգարանային միջավայր: Ցուցասրահ մտնողի աչքից հազիվ թե վրիպի աջակողմյան կառույցի պատի` «ՀայԱրտ» գրության շարունակության`անավարտ թողնված շինարարական աշխատանքների հետեւանք կապտավուն, լաթանման պոկոտված ծածկոցները:

 

 

Մտնենք ներս. ցուցասրահի թույլ, աղոտ լուսավորությունը, վանող, տհաճ նամահոտը անբարենպաստ տպավորության առաջին նշաններն են` տրամադրության վրա ազդող: Նման լուսավորությամբ ցուցադրությունը ոչ միայն դժվարեցնում է դիտումը զուտ ֆիզիկական իմաստով, այլեւ աղքատացնում է նկարների գունային մթնոլորտը, նվազեցնում դրանց արտահայտչականությունը, ոչ ճիշտ լուսավորությունից պատկերների երանգային անցումները չեն երեւում: Նկարների շրջանակները կարիք ունեն նորոգման կամ փոփոխման, այսիքն` միօրինականացման, իսկ նրանցից մեկը` «Ինքնադիմանկար»-ը շրջանակված չէ: Ավելի մտահոգիչը նկարների վիճակը, պահպանության խնդիրն է, նրանցից մի քանիսը տեղ-տեղ ներկաթափվել, գունափոխվել են: Գրեթե բոլոր գործերը, հատկապես` «Ծովինար», «Բնորդուհի», «Ինքնադիմանկար», «Մայրս և ես», կարիք ունեն ռեստավրացիայի (լաքապատում, կտավների ձգում եւ այլն)։ Ցուցասրահի խոնավությունը, անկայուն ջերմաստիճանը բավարար պայմաններ են նկարներն այս վիճակին հասցնելու համար. ձմեռվա մի շրջան, օրինակ, ցուցասրահի ներսում ջերմաչափը ցույց էր տալիս +3, իսկ դրսում` 0 աստիճան էր. տարբերությունը ինքնին խոսուն է` գրեթե նույնն է, թե դրսում լինեին նկարները: Անձրեւաջրերից ու ձնհալոցքից ցուցասրահի պատերի` հատկապես մի քանի հատվածներ քայքայվել են, ծեփաթափվել: Առաստաղի կենտրոնական մասում վթարային վիճակ է` դեպի վեր տանող ներքին աստիճանների ճիշտ վերեւում բետոնապատ ցցվածքը նկատելիորեն ճաք է տված. իրական վտանգը` թե ուր որ է մի բեկոր կարող է պոկվել եւ ընկնել ցած, մեղմ ասած, անհանգստացնող է:

Մի փոքր երկար, թեկուզ 20-30 րոպե մնալն արդեն դժվարանում է, նամահոտը սկսում է ազդել, արդեն իսկ կառույցը պատուհաններ չունի, օդորակիչներ էլ չկան, միակ միջոցը դուռը բաց թողնելն է: Ցուցասրահի պատասխանատուն` Իրինա Իսաբեկյանը վարանում է. անձրեւը չի դադարում, հակառակի պես վարարում է: Բանն այն է, որ այդպիսի անձրեւոտ մի օր փակ դռան արանքից ջրի այնպիսի հոսք է լցվել ներս ու տարածվել ցուցասրահով մեկ, հասել մինչեւ խորդանոց, որ հատակին դրված նկարը ամբողջովին վնասվել, փչացել է: Մուտքի դռան անմիջապես կից պատին ալյումինե անպետքական դուրս ցցված խողովակը զարմանալի է` վառարանը հանելու հետ ինչո՞ւ չի վերացվել, կամ վերեւում նկարներից մեկի կողքի խոշոր անցքը չի փակվել: Անգամ ամենապարզ, սակայն անհրաժեշտ մանրուքները, ինչպես` նկարների խորագրային կամ մուտքի դռան գրությունները մետաղաթիթեղե ընդունված ստանդարտով չեն. պատերին շարունակում են փակցված մնալ ցուցասրահի բացման` ժամանակավորապես արված համակարգչային շարվածքի թղթիկները: Պատերի ներկի տարբեր երանգներ, ներքնամասերում խոնավության հետքեր, բազալտե հատակի խամրած մաշվածություն. ահա այսպիսի վիճակում է այսօր քաղաքի կենտրոնի մշակութային այս վայրը: Նման պայմաններում դժվար է ակնկալել, առավել եւս ապահովել այցելուների մշտական ներկայություն, իսկ եթե նկատենք, որ մշակույթի օջախները նաեւ զբոսաշրջության վայրեր են, կարելի է պատկերացնել, թե ինչպիսի տպավորություն կթողնի այս վիճակի մի ցուցասրահ հատկապես օտարերկրյա այցելուների վրա:

Ցուցասրահը թանգարանային իրերով համալրելու, այն մշակույթի լիարժեք գործող կենտրոնի (հանդիպում-դասախոսություններ արվեստի շուրջ, քննարկումներ, ֆիլմերի ցուցադրություններ, գրական – երաժշտական ցերեկույթներ) վերածելու մտքեր, ծրագրեր կան իհարկե, սակայն նման գաղափարները այդպես էլ կմնան առկախ, անիրագործելի, քանի անհրաժեշտ վերաբերմունքը, ուշադրությունը բացակայում են, չեն հատկացվում ֆինանսներ: Ցուցասրահի պայմանների, վտանգվող նկարների ներկա վիճակի մտահոգությամբ Իրինա Իսաբեկյանը դիմել է քաղաքապետարանի համապատասխան բաժին. միաժամանակ նա աջակից – բարերարներ է փնտրում: Երբ պատկան մարմինները թերանում են իրենց պարտավորություններում, նման ծրագրերը կարիք են զգում ավելի մտահոգ անձանց, բարեգործական կազմակերպությունների աջակցության: Պետք է նկատել, որ վերջիններիս գործունեության իրական նպատակը այսպիսի պարագաներում ավելի հստակ է դրսեւորվում:

Դեռեւս 2004-ին Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ ՀայԱրտ մշակութային կենտրոնի այս հարթակը տրամադրվել էր «Էդվարդ Իսաբեկյան» ցուցասրահի ստեղծմանը: Դա իրականություն դարձնելու համար պահանջվեց գրեթե 10 տարի, այն պարագայում երբ սրահի վերանորոգման կապիտալ աշխատանքները բարեգործների աջակցությամբ հոգացել էր նկարչի որդին` Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը: Եվ բացման օրը նա հայտարարեց ցուցասրահին Էդվարդ Իսաբեկյանի 28 նկարների նվիրատվության մասին: Նկատել տանք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը» նկարների գեղարվեստական ընդհանուր արժեքը գնահատել է 128.000.000 դրամ գումարով, որոնցից նվազագույնը գնահատված է 1.250.000, առավելագույնը, ամենաթանկը` 20.850.000 դրամով:

…Մեծ արվեստագետները ապրում են ոչ միայն իրենց տրված ժամանակի համար, այլեւ դրանից դուրս, նրանք կոչված են հատելու, զանց առնելու սահմաններ ու ժամանակ: Նրանք իրենց գործն անում, իրենց տրվածը թողնում են աշխարհին ու գնում: Նրանց թողած հետքը, գեղարվեստական արժեքն է պայմանավորում իրենց անվան հարատեւությունը, ապահովում այն զրույցի շարունակությունը, որն ապագայի, գալիք սերունդների հետ է լինելու: Այդ հետքը տեսնելն ու գնահատելը կախված է հաջորդների վերաբերմունքից ու կամքից, նրանց հոգեւոր, ճանաչողական ու բարոյական մակարդակից` նայած թե այդ սանդղավանդակի ցուցիչը ի՞նչ աստիճանի վրա է:

Այս տարի նոյեմբերի 8-ին լրանում է Էդվարդ Իսաբեկյանի` հայ գեղանկարչության պատմության մեջ բարձրարժեք հետք թողած նկարչի, իր երկրի ու ժողովրդի նվիրյալ հայորդու, գունանկարի Վարպետի ծննդյան 100 տարին: Պատշաճու՞մ կամ պատի՞վ է արդյոք բերում մեզ ու Երեւան քաղաքին, – որի պատվավոր քաղաքացին է նա, – իր անվան ցուցասրահի ներկա վիճակը, նման անուշադրությունն ու անհոգատար վերաբերմունքը: Ափսոս են նկարները. չէ՞ որ դրանք մեր քաղաքի սեփականությունն են, մեր հարստությունը: Եւ պատասխանատվությունն էլ մերն է:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.