Մանկության Հայացք

Մանկությունը երազի է նմանվում, մանավանդ երբ տարիների ժապավենը հատում է վտանգավոր սահմանը: Մանկության հուշը նկար է ասես, երազի նկար: Ամեն անգամ երեխաների նկարչական որեւէ ցուցահանդես նայելիս, լուսագծի հետքերով վազող աղջնակի կամ տղեկի պատկեր է աչքիս գալիս, -նա ետ չի նայում, հեռանում է անվերադարձ: Ու պատկերացումները մանուկների դյուրահավատության կամ պարզունակ անմեղության մասին մի կողմ են քաշվում, որովհետեւ նրանց նկարներում մշուշոտ ենթագիտակցությունը ավելին է պատմում, քան իրենք կարող են բարձրաձայն խոսել: Ինչո՞ւ բոլոր երեխաները սիրում են նկարել, եւ կամ գունավոր մատիտները մանկության սիմվոլներից մեկն են համարվում: Մի՞թե նոր-նոր աշխարհը հայտնաբերող նրանց  հայացքը ներսում միաժամանակ ձեւավորում է սեփական պատկերացում տեսածի ու լսածի մասին եւ ինքնաարտահայտվելու պատկերային ձեւեր փնտրում: Հիշում եմ վեց տարեկան մի աղջնակի,  որ ամենից  շատ գունավոր մատիտներ էր սիրում նվեր ստանալ, մոտեցավ ինձ ու ասաց` ուզո՞ւմ ես այսօրվա իմ տեսած երազը նկարեմ: Ու նկարեց` մեծ ուղղանկյունաձեւ մակերեսին երկու կոճականման սեւ պատկեր, հետո սկսեց պատմել նկարը, այսինքն երազը: Համարձակություն էր պետք` հասնելու նրա մտքերի տարօրինակությանը, մանավանդ երեւակայությանը: Այդպիսին  կարող են լինել  միայն մանուկները`դյուրահավատ,  հաճախ խորհրդավոր,  անհասկանալի թվացող այդ էակները:

 

 

Ահավասիկ բազմաթիվ հանելուկներ` մանկան աչքերի ու հոգու,  կարդում ենք Գեղարվեստի ակադեմիայի Ալբեր եւ Թովե Բոյաջյան ցուցասրահում բացված հունիսմեկյան ցուցահանդեսի նկարներից: Մասնակիցները ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի  երեխաներն ու թոռներն են. ցուցահանդեսը նվիրված է երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Պարզ անմիջականությունը առաջինն է, որ գրավում է հայացքդ, հետո փորձում ես տարբերակել ու պատկերացնել փոքրիկ հեղինակներին: Թեեւ նրանք բոլորը կարծես նման են միմյանց` գույնի ու գծի պարզ թոթովանքներից մինչեւ արդեն որոշակիության հասնող զգացողություններ: Նրանց պատկերած դեմքերը թվում են նույն կերպ են ժպտում կամ տխրում, կամ արեւի դեղինը նույնն է, իրականում  դրանք այնքան են տարբեր, որքան այս երեխաները միմյանցից: Միաժամանակ հետաքրքրքկան է, թե պարզ անմիջականությամբ բնորոշվող երեխան ինչպես է աշխարհը, միջավայրը վերարտադրում աբստրակցիոն մտածողությամբ, իսկ ցուցահանդեսում այդպիսիք շատ չեն, բայց կան եւ բավական հետաքրքրական են: Էդմոն Խաչատրյան, Մանե Խոջոյան, Արմինե Գալենց, Հրաչյա Պետրոսյան, Կարինե Գասպարյան, Եվա Մալխասյան, Արմեն Սաֆարյան, Օվսաննա Հարությունյան, բոլորն են լավ, գեղեցիկ, բաց, հաղորդական,  նաեւ խորհրդավոր,  չբացահայտված, ինչպես մանկության առեղծվածն ինքը:

Իսկ սովորելու բան նրանցից իսկապես որ կա:

 

Միջոցառման կազմակերպիչ՝ Նորա Կարապետյան

Լրագրող՝ Մելանյա Բադալյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.