ԵԳՊԱ-ի արվեստը Թբիլիսիում

Մայիսի 13-ին, Թբիլիսիի արվեստի պետական ակադեմիայում, տեղի ունեցավ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Վրաց արվեստագետներին և արվեստասերներին ներկայացվել էին ԵԳՊԱ-ի ուսանողներից կազմված մի խումբ, ովքեր իրենց գեղանկարներով, գրաֆիկական գործերով, քանդակներով, զարդարվեստով, հագուստի և համակարգչային դիզայնով ներկայացրեցին երևանյան արվեստի գլխավոր դարբնոցի ավանդական և նորարարական աշխարհը:

Ավանդույթի համաձայն՝ մեր հարևաններն ցուցաբերեցին կովկասյան հյուրընկալություն և աջակցեցին բարձր մակարդակով կազմակերպել այս՝ նախատիպը չունեցող ցուցադրությունը:

Ցուցահանդեսին ներկայացված էին քանդակագործներ` Գեղամ Աբրահամյանի, Աշոտ Գևորգյանի, ՍարգիսԲաբայանի, Սիմոն Պետրոսյանի, Սևակ Գրիգորյանի, գեղանկարիչներ Գոռ Գյուրջյանի, Նարեկ Սարոյանի, Գևորգ Գրիգորյանի, Արսեն Ղազարյանի, Վահե Թևոսյանի, Արամ Ենգիբարյանի, Համազասպ Մանուկյանի, Ազատ Պետրոսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Միքաել Կարապետյանի, գրաֆիկ Զաքար Դեմիրճյանի և հագուստի մոդելավորողներ` Լիլիթ Ավետյանի և Լիլիթ Ղազարյանի, համակարգչային գրաֆիկ` Սերգեյ Աբովյանի աշխատանքները:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԵԳՊԱ-ի ռեկտոր` Արամ Իսաբեկյանը, դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան` Ավետիք Ավետիսյանը, ԵԳՊԱ-ի Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն` Ղազար Ղազարյանը, ԵԳՊԱ դասախոս` Արթուր Հովհաննիսյանը,: Ներկա էին նաև ԵԳՊԱ մի շարք ուսանողներ: Ներկա էին նաև հայ համայնքի, Վրաստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Թբիլիսիի ակադեմիայի դասախոսական և ուսանողական կազմը:

Ներկայացված աշխատանքները առանձնակի ուշադրություն էին գրավում իրենց ոճական և ժանրային բազմազանությամբ՝ ավանդական բնանկարներից մինչև մոդեռնիստական արվեստ: Ամբողջ ցուցադրությունը ցույց տվեց հայ երիտասարդների կատարողական վարպետության բարձր մակարդակը: Այցելուներին մեծ բավականություն պարգևեցին տասնյակ քանդակներ, որոնք արված էին նորարարական և դիցաբանական հարուստ մտածողությամբ:

Բացման խոսքում ԵԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանը կարևորեց հայ և վրացի արվեստագետների համագործակցությունը և մաղթեց հետագա կապերի ամրապնդում և նորանոր համատեղ ծրագրեր: Թբիլիսիի ակադեմիայի ռեկտոր` Տինատին Կլդիաշվիլին բարձր գնահատեց հայ ուսանողների ստեղծագործական ունակությունները և նույնպես մաղթեց հին կապերի վերականգնում երկու ազգերի արվեստագետների միջև: Անդրադարձ կատարվեց նաև Թբիլիսիի հայ ամենանշանավոր արվեստագետներին՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին, Գևորգ Բաշինջաղյանին, Սերգեյ Փարաջանովին, Գայանե Խաչատրյանին՝ որպես վրացական արվեստի ձևավորման մեջ մեծ դեր ունեցած անհատների:

Բարեկամական այսպիսի երանգներով կատարվեց ցուցադրության բացումը, որը մեծ տպավորություններ թողեց հայ պատվիրակությանը հյուրընկալած ուսանողների և դասախոսների վրա: Ցուցահանդեսի այդ 3 օրերի ընթացքում եղան բազմաթիվ դրական և տպավորիչ կարծիքներ հայ արվեստագետների և նրանց աշխատանքների մասին:

Ցուցահանդեսը ամբողջացավ թբիլիսյան և վրացական կոլորիտի հետ ծանոթությամբ և շրջագայությամբ:

Այս քաղաքը, ուր ամեն քայլափոխին զգացվում էր նաև հայկական շունչը, հայ արվեստագետներին հաղորդեց մեծ տպավորություններ և արվեստար արելու այդքան անհրաժեշտ ոգի և ջերմություն:

ԵԳՊԱ արվեստաբանության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող` Հովիկ Հակոբյան

Վրաստանի Հեռուստատեսություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.