Առկախում

Սյուրռեալիզմից արդեն ծանոթ ենք լինելու և պատկերելու այն բարդ փոխհարաբերությանը, որ առաջ քաշեց մշակույթի պատմաբան, փիլիսոփա Միշել Ֆուկոն Ռենե Մագրիտի արվեստում: Հնարավո՞ր է արդյոք զատել պատկերումն ինքը և այն, ինչ պատկերված է: Ահա այն հիմնական խնդիրը, որ առաջ է գալիս, երբ կտավը հասցեագրվում է դիտողին իբրև նկար-տեքստ:

Դալար Ալահվերդիի աշխատանքներում այս խնդիրը կրկին անգամ արդիականացվում է արդեն հետսյուրռեալիստական համատեքստում:  Այն, ինչ համախմբում է նրա տարբեր ժանրային աշխատանքները, մասի և ամբողջի, հետքի և առարկայի, պատկերի և ինքին պատկերման հակադրությունն է, որոնց փոխհարաբերության ընկալման պահն էլ ձգտել է կարևորել նա արվեստի իր այս փուլում` եզրակացնելով այն “առկախում” վերնագրի ներքո: Սակայն կարևոր է ըմբռնել, որ առկախման վիճակը հակադրությունների շեշտման ևարանքի գոյության հարցում ակնկալում է դրանց միավորումը:

 

 

Դալարի ինքնադիմանկարներում արվեստագետի ինքնությունը կազմվում է պատկեր (արձանի, մանեկենի, պատկեր) կնոջ, դեկորի, մուսայի,  կամ պատկեր/ազգային արժեք կրողի գաղափարների առկայությամբ, որոնք ներկայացնում են տարբեր ժամանակաշրջանների մոտեցումները կնոջ տեղակայման հարցում: Միայն Ուրիշի պատկերացման միջոցով ենք մենք ստեղծում պատկերը: Ուրիշի ուժը ստիպում է մեզ նայել կողքից, բայց դրա հիմքում ընկած է պատկերի հետքը, նրա նախապատկերը, որը ծագում է ոչնչից և որն էլ կազմում է պատկերի նախահիմքը կամ լինելը: Հետքի և պատկերի համագոյակցությունը Դալարի ինքնադիմանկարներում արտահայտվում է մի տեսակ գերանձնական հայացքի և այդ հայացքը տեղայնացնող տարրերի հետ (ազգային տարազ, դեկորատիվ պաստառ, թելերի կծիկ և այլն):

Երկու հակադիր որակների միավորման խնդիրը հստակ արտահայտված է նաև Ալահվերդիի նատյուրմորտներում: Ճաղերի ետևում ներկայացված նատյուրմորտը ոչ այլ ինչ է, քան արվեստի ապապատկերում, մի որակ, որը նորից առաջ է մղում լինելու և պատկերելու, կամ պատկերի և տեքստի համագոյակցության անհրաժեշտությունը: Կտավի որպես պատուհանի գաղափարը համագոյակցում է կտավի որպես ֆիզիկական հարթության գաղափարի հետ: Արվեստի մեջ ֆիզիկական օրենքները վերափոխվում են Ուրիշի հայացքի օրենքների, որը ստիպում է խնձորին կախված մնալ բաժակի վրա, ձվին` գլանի վրա, գնդին` ապակե բաժակի վրա և այլն: Առկախման խնդիրը ստիպում է մի պահ մտածել դիտելու և գիտենալու սահմանի ստեղծման վրա, որն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ դիտում ես նկարը: Այնպես ինչպես բառերի տառերի հերթականությունը կապ չունի իմաստի արտաբերման հետ, այնպես էլ առարկաների համադրումը կտավի վրա ոչ մի լրացուցիչ իմաստ չի հաղորդում նկարին: Առարկան այնքանով է պատկեր, ինչքանով որ գտնվում է կտավի հարթության վրա և ոչ մի ֆիզիկական և հոգեբանական օրենք ի զորու չէ քանդել այդ պատկերացումը: Պատկերի և տեքստի հարաբերության լավ օրինակ են հեղինակի այն գործերը, որտեղ համադրված են  ազգային և համաշխարհային արվեստի տարրերը (Պիկասսոյի “Երեք երաժիշտների” ֆիգուրներից վերջինը քամանչա է նվագում, կամ մեկ այլ նկարի սուպրեմատիստական տարածությունը ակտիվանում է  մանրանկարչական կերպարով): Արվեստի տեսակների խեղաթյուրումը կամ տարբեր ազգային մշակութային խորհրդանիշերի միաձուլումը և անսպասելի համադրումը կրկին անգամ հիշեցնում է մեզ, որ կա առարկա կամ օբյեկտ և կա այդ առարկայի պատկերումը կամ սուբյեկտիվացումը, որն է, դարձնում է արվեստը ազգային,  դեմոկրատական, կամ սյուրռեալիստական և այլն:

Անսպասելի համադրումները այս ցուցահանդեսում ամփոփվում են ֆոտոկոլլաժների ցուցադրմամբ, որոնք կրում են ազգային խորհրդանիշերի և ժամանակակից, հետկապիտալիստական, սպառողական մշակույթի տարրերը: Առարկայի վերածումը ապրանքի, իսկ այնուհետև նաև աղբի, արհեստից անցումը դեպի էլեկտրիֆիկացում և արդյունաբերականացում, ազգային ստերեոտիպերի մշակման ռեակցիոն շղթան, գյուղի և քաղաքի փոխհարաբերության խնդիրները ցույց են տալիս հեղինակի պատասխանատվության աստիճանը ազգային, համահայկական և համամարդկային խնդիրների առաջ:

 

Աննա Գալստյան

Արվեստագիտության թեկնածու

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.