Նորամուտ կամ զուգահեռ ուրվագիծ

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահը տրամադրված էր գրաֆիկա 4-րդ և  դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի 2-րդ կուրսի ոսանողներին, որոնց ստեղծագործությունների ցուցադրումով այսօր՝ դեկտեմբերի 5-ին,  բացվեց «Նորամուտ կամ զուգահեռ ուրվագիծ» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է նախագծի ղեկավար Արա Հովհաննիսյանի, համադրող Աննա Գալստյանի և  համակարգող Արա Հայթայանի նախաձեռնությամբ:

ԵԳՊԱ-ի ուսանողուհիներ Լուսին Սարգսյանը սովորում է  գրաֆիկայի բաժնում, իսկ Լուսինե Աբրահամյանը՝ դեկորատիվ կիրառական արվեստի բաժնում: Երկու արվեստագետներին  իրար միահյուսող միաժամանակ տարբեր ոճերի այս ցուցահանդեսում, որն ի դեպ աղջիկներն շատ բծախնդրորեն են պատրաստվել,  ներկայացրել են շուրջ 36 գեղանկարչական և գրաֆիկական  լուծումներով արված աշխատանքներ, որոնք արված են վերջին վեց  ամիսների ընթացքում: Ցուցահանդեսին ներկայացված են հիմնականում թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանքներ և ինքնադիմանկարներ: «Ինքնադիմանկարների միջոցով մենք փորձել ենք բացահայտել մեր ներաշխարհը, հոգեվիճակը»: Ինչ վերաբերում է ուղղվածությանը, Լուսինե Սարգսյանն ասաց, որ, ըստ արվեստաբանների, այդ թվում՝ Աննա Գալստյանի, իր ձեռագիրն ավելի մոտ է ֆուտուրիստական ոճին, իսկ Լուսինե Աբրահամյանինը՝ ավելի մոդեռնիզմին:

Ցուցահանդեսը բացվեց ԵԳՊԱ-ի դասախոսների ոջույնի խոսքով, այնուհետև իրենց ողջույնի և  բարեմաղթանքի խոսքերն ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ՝ Կարեն Աղամյանը։ Նա նշեց, որ շատ ուրախ է տեսնել, թե ինչպես են երիտասարդ արվեստագետներն ջանքեր  գործադրում, ցանկություն ունեն նկարելու և ցուցադրվելու։

«Նորամուտ կամ զուգահեռ ուրվագիծ» այսպես են մեկնաբանում երիտասարդ արվեստագետները. «Մենք նոր մուտք ենք անում արվեստի աշխարհ: Սա մեր առաջին քայլն է, այսինքն նորամուտն է: Ինչ վերաբերում է խորագրի երկրորդ հատվածին՝ «զուգահեռ ուրվագիծ», մենք շատ մոտ ընկերուհիներ ենք, բայց երկու տարբեր մարդիկ ենք, գնում ենք ոչ թե նույն ճանապարհով, այլ զուգահեռ, քանի որ մեր արվեստները տարբերվում են իրարից: Մենք տարբեր արվեստներ ենք ստեղծում և ներկայացնում»:

«Նորամուտ կամ զուգահեռ ուրվագիծ» նախագծի շրջանակում նկարիչներն անցկացնելու են նաև քննարկումներ ուսանողների, դասախոսների, արվեստաբանների  և արվեստասերների հետ:

Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 12-ը:

 

Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ

Լիանա Խաչատրյան

 

 

 

Երկու նույնանուն և միասին ուսանած մարդկանց արվեստի միաժամանակյա ցուցադրությունը ինքնաբերաբար ընդհանուր կետեր է պահանջում գտնել նրանց արվեստում, որը գուցե մի կողմից վնասում է ամեն մեկից ամբողջական տպավորություն ստանալուն, բայց մյուս կողմից նորից վերհիշվում է բազմաթիվ մեծ արվեստագետների փափագը` միավորելու ամբողջ աշխարհի արվեստը և արվեստագետներին: Բուհի կոլեկտիվ ուսումնառությունը և փորձառությունները իրենց հետքը թողեցին նաև նորավարտ նկարիչների այս փուլի վրա.սա իրենց առաջին հանրային ցուցադրությունն է, որը նրանց նույնպես չբաժանեց միմյանցից:

 

 

Ցուցադրվելու պահանջը առաջին հերթին կողքից դիտվելու և ուսումնասիրվելու նպատակ ուներ. աղջիկների մոտ ի սկզբանե դրված է արածին հաշիվ տալու զգացումը, որը համարում եմ շատ կարևոր մաս` արվեստագետ կոչվելու համար: Այդ հաշվետվության զգացողությունը ակամա ներկա է նրանց ինքնադիմանկարներում, որ կազմում է բավականին մեծ մաս նրանց աշխատանքների ցուցակում: Դրանք լուռ հսկիչներն են վկաների (աշխատանքների) շրջապատում:

 

Լուսինե Աբրահամյան

[nggallery id=37]

 

Լուսինե Աբրահամյանի կերպարները, ինչքան էլ կառուցվածքային ամուր ուրվագծված են, շաղախված են մթնոլորտի մեջ և տարածական են ընկալվում: Գրեթե բոլոր ֆիգուրները, այն էլ կանացի, գտնվում են ծայրահեղ միայնակության և սառն անտարբերության գոյաբանական հոգեվիճակում, սակայն աշխատանքները չեն անձնականացվում դրանից: Շնորհիվ ֆորմալ փնտրտուքների, հեղինակը կարողանում է անձնական ընկալումները վերափոխել գեղանկարչական միջոցների. կանացի դիմագծերը մասամբ հարթեցվում են, ստանում են լրացուցիչ կոլաժային հավելում, կրճատվում են` ի շնորհիվ էքսպրեսիոնիստական սուր և սեղմ գծերի, ընկնում են գերակա սև տոնի իշխանության ներքո: Ահա այս միջոցների կիրառման շնորհիվ Լուսինեն կրկին անգամ հիշեցնում է մոդեռնիզմի այն հիմնական օրենքներից մեկը, որ կերպարվեստը բնության արտացոլումը չէ: Այս խնդրի ուսումնասիրության մասին է նաև “Ես իմ մեջ” աշխատանքը: Նկարիչը միաժամանակ ներկայանում է նաև որպես բնորդ, որը հղում է կանանց երկրորդական դերին արվեստի պատմության մեջ, սակայն կոնկրետ նկարչի կողմից առաջ քաշված խնդիրն, իմ կարծիքով, ավելի շատ ուղղված է արվեստում ասելիքի (չասելիքի, իմաստի ներկայության) իմաստի բացակյության, բովանդակության (լռության խրթին փոխհարաբերությանը, որը վառ արտահայտված է ֆորմալ առումով դատարկ կտավի և հեղինակի) բնորդի դիրքի տարածության այդ լարված արանքում: Միաժամանակ ցուցադրված են նաև աշխատանքներ, որոնք ուղղակի ստիպում են վայելել գույնի հագեցածությունը և ներդաշնակ կոմպոզիցիան, ինչը նորից հիշեցնում է մեզ արվեստի ինքնավարության մասին:

 

Լուսին Սարգսյան

[nggallery id=34]

 

Լուսին Սարգսյանի աշխատանքների գծային պրկությունը ունի իր բանական բացատրությունը. նա ավարտել է գծանկարի բաժինը, մինչ այդ, Լուսինե Աբրահամյանի հետ միասին, գեղանկարչական կրթություն ստանալով Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում: Հատուկ շեշտ եմ ուզում դնել նրա ինքնադիմանկարների վրա, որոնք, որոշակի վիզուալ ուսումնասիրությունից հետո կորցնում են դիմանկարի ժանրին պատկանելը և վերածվում են տարածական աշխատանքների` ավելի մոտենալով բնանկարի ռելիեֆայնությանը. այտերի և աչքերի ներհակությունները զուգահեռվում են գետերի և աղբյուրների, իսկ ծնոտի և քթի մասերը` լեռնային գոգավորությունների հետ: Կրելով իրենց մեջ անսահման մարդակենտրոն էներգիա` այն անմիջապես տարածվում է ներսից դուրս, ուղղահայաց վիճակից դեպի հորիզոնական վիճակ, այն ժամանակ, երբ դիտողը կանգնում է դրանց առջև: Զուր չէ, որ որոշ իnքնադիմանկարներ, իրենց գունային տարածական ամփոփումներով նմանվում են նրա “ֆուտուրիստական” բնանկարներին, որտեղ աբստրակտ շարժուն ֆորմաները անսահման պտույտից նորից վերադառնում են իրենց նախնական ձևերին` օվալաձև կենսաստեղծ ֆորմաներին (արև, ձու, երկրագունդ): “Արվեստի այն կողմում” կոմպոզիցիոն աշխատանքում ներկայացված է արվեստի գործերի ցուցադրման և դիտողի ընկալման բարդ փոխհարաբերությունը, որոնք, շատ անգամ չեն համապատասխանում իրար որակական մակարդակի առումով:

Չեմ համարում անհրաժեշտ ի մի բերել երկու հեղինակների ցուցադրված աշխատանքների խնդիրները, որը կստվերի շատ այլ առանձնահատկություններ, կամ գուցե կկարևորի մի բան, որն այդքան էլ կարևոր չի տվյալ կոնտեքստում: Գերակա խնդիրը համարում եմ կրթական և ընկերական միասնական ճանապարհ անցած համագործակցությունը, որի ստեղծած արդյունքը որակական առումով էլ ավելի երկար ճանապարհ է խոստանում:

 

Աննա Գալստյան, արվեստաբան

 

Leave a Reply