Հոբելյանական ցուցահանդես

Այս տարի լրացավ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 15-ամյակը: Իր գործունեության ընթացքում ակադեմիան ծավալել է ակտիվ գործունեություն` շարունակաբար քաղաքին ու հանրապետությանը տալով ձևավորված արվեստագետներ: Ակադեմիայում դասավանդող դասախոսներն ապրում են ակտիվ ստեղծագործական կյանքով, ինչը ուսանողների համար ևսհանդիսանում է օրինակ:

Հոբելյանական տարեդարձին նվիրված` հոկտեմբերի 14-ին Գյումրու Ասլամազյան քույրերի թանգարանում տեղի ունեցավ ակադեմիայի դասախոսական կազմի համատեղ ցուցադրություն, որի գաղափարը ակադեմիայի գոյության ընթացքում ծնված արվեստի գործերը հասարակությանը ցուցադրելն է:

Թանգարանի երեք ցուցասրահներում կողք կողքի ներկայացված էին գյումրեցի ավագ և երիտասարդ սերունդների արվեստագետների աշխատանքները: Իրենց աշխատանքներն էին ներկայացրել ինչպես գրաֆիկներ և գեղանկարիչներ, այնպես էլ քանդակագործներ, մոդելավորողներ և ոսկերիչ-մետաղագործներ: Ցուցահանդեսի գաղափարը մի հարկի տակ էր հավաքել տարբեր ժանրերի և ոճերի, արվեստի տարբեր ճյուղերին պատկանող գործեր:

Գևորգ Սարգսյանի (Ճալա) հազար ու մի ասոցիացիաներ առաջացնող տարեգրությունները, Գարիկ Մանուկյանի ինքնատիպ Գյումրին, Համբարձում և Վահագն Ղուկասյանների վառ գույները, Կարեն Ալեքյանի “Արտացոլվող օպտիմիզմը”, Զավեն Կոշտոյանի Ավետիք Իսահակյանի քանդակը, Տաթև Հարթենյանի աբստրակտ ոճավորումները, Համբարձում Բեգոյանի միանգամից աչքի ընկնող մեծ սիրամարգը (որը, ի դեպ, սիրվեց շատերի կողմից) և այլն, և այլն……սա է Գյումրի քաղաքի ներկայիս արվեստը, ակադեմիայի երկար տարիների ձեռքբերումների հանրագումարը… Արվեստագետների աշխատանքները բազմաժանր են ու տարաբնույթ, մեկը մյուսից տարբերվող, բայց և միանման, քանի որ բացահայտում, պատկերում են գյումրեցուն Գյումրիում, բայց Գյումրին` աշխարհում….

 

Գոհար Նավասարդյան

ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ, արվեստաբանության բաժին, 4-րդ կուրս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.