Մանուկյան և երիտասարդ արվեստագետներ

Սերունդների հերթափոխը կյանքի շարունակականության հիմքն է: Կյանքը, ինչպես և արվեստը առաջընթաց չէին ունենա, եթե չծնվեին նոր մարդիկ, ի հայտ չգային նոր արվեստագետներ…

Հոկտեմբերի 14-ին Գյումրու Սթիլ ցուցասրահում տեղի ունեցավ Երևանի Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գրաֆիկայի բաժնի ուսանողների և շրջանավարտների խմբակային ցուցահանդեսը: Նրանց մեկտեղ էր հավաքել նկարիչ, դոցենտ, ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի վարիչ, դասախոս Գագիկ Մանուկյանը, ով իր կտավներն այս անգամ ցանկացել էր ներկայացնել տարբեր տարիներին իրեն աշակերտած երիտասարդ նկարիչների հետ:

Սթիլ ցուցասրահի երկու սենյակներում կողք կողքի կախված էին ակադեմիայի տարբեր տարիների գրաֆիկների գործեր, որոնցից յուրաքանչյուրն ասես արտացոլում է մի «ակադեմիական ժամանակաշրջան”: Եվ իրոք, փոխվող սերնդի հետ փոխվում է նաև ակադեմիայի առօրյան, ստեղծագործական շունչն ու թափը, որը յուրաքանչյուր արվեստագետի մոտ արտահայտվում է յուրովի: Ցուցահանդեսին մասնակցել են շուրջ 20 արվեստագետներ ինչպես ակադեմիայի առաջին տարիների շրջանավարտներից (Կարեն Բարսեղյան, Գրիշա Աղաջանյան, Գոհար Սմոյան, Սարգիս Հովհաննիսյան, Լևոն Ֆլջյան, Եվա Հարութ), այնպես էլ նորավարտներից և դեռ ուսանողներից (Գոհար Մարտիրոսյան, Տաթև Հարությունյան, Հովհաննես Սմոյան, Տաթև Հովսեփյան):

Գրաֆիկները միշտ աչքի են ընկնում իրենց նորարարությամբ: Ցուցահանդեսն իրենից ներկայացնում էր գծի, գույնի, ձևի, ոճերի, տարբեր տեխնիկաների ու նյութերի սինթեզ… Սարգիսի գծերը, Գոհարի մեխերը, Տարոնի վառ գույները, Գրիշայի էքսպրեսիան, Տաթևի ապակիները, Լևոնի պիքսելներով դիմանկարները…. այսպիսին է ցուցահանդեսի բազմազանությունը, ակադեմիայի գրաֆիկայի բաժնի ընդհանուր դիմագիծը:

Միջոցառման բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ներկայացուցիչներ մշակույթի բաժնից, ակադեմիայի տնօրեն Համբարձում Ղուկասյանը, նկարիչներ, մտավորականներ, դասախոսներ և ուսանողներ: Աշխատանքների ցուցադրությունն ուղեկցվեց «Երկնային արմատներ” ռոք խմբի երաժշտական կատարումներով: Ցուցահանդեսն անցկացվեց Գյումրու օրը` ևս մեկ տոնական “արվեստային անակնկալ” մատուցելով քաղաքացիներին:

 

Գոհար Նավասարդյան, ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի արվեստաբանության բաժնի 4-րդ կուրսի ուսանող

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.