«Բու» խորագրով ցուցահանդես ԵԳՊԱ-ում

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց վերոհիշյալ բուհի երկրորդ կուրսի ուսանող՝ Վահե Թևոսյանի «Բու» խորագիրը կրող ցուցահանդեսը: Բացմանը ներկա էին ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Նինա Կնդիաշվիլին, բազմաթիվ դասախոսներ, նկարչի ծնողները, ընկերները և նկարչի գործունեությամբ հետաքրքրվողները։

 

 

 

 

Վահե Թևոսյան. նկարիչ, ում գեղարվեստական կամքն իրեն օգնում է գեղանկարչության լեզվով վերարտադրել այսօրվա իրականության ճնշումը, կոպիտ, անկանխատեսելի, երբեմն հասարակության բարոյական հիմքերին հակասող իրականությունը: Երիտասարդ լինելով՝ նա իրականության մարտահրավերը կարծես թե հիացմունքով է ընդունում, բայց իսկական գեղանկարչի զգայունությամբ, ով այդ սաղմնային իրադարձություններում որոշակի իմաստ է փնտրում, որը երբեմն թաքնված ու ողբերգական է լինում: Երբեմն նրան դժվար է դիմադրել այդ ճնշմանը: Նկարիչն ընդունում է իրեն հպատակեցնել փորձող իրականության ճնշումը, դրա հետ պայքարի է բռնվում, պայքար, որն արագ զգացմունքային արձագանք է պահանջում և գեղանկարչական միջոցներով նույնքան արագ ամրագրում՝ այդքան գլխավոր ֆորմալ կատեգորիայով, ինչպիսին գույնն է: Հենց այդ առանձնահատկությունն է, որ անմիջապես աչքի է ընկնում Վ. Թևոսյանի նկարչության մեջ, որտեղ բոլոր մտահղացումները, մոտիվները, թեմաները նկարիչը լուծում է բացառապես գույնի միջոցով, սակայն իր ուրույն անհատական մեկնաբանմամբ: Նա փոխանցում է ձևեր՝ երբեմն անորոշ ուրվագծերով, ծանր, ընդհանրացված քսվածքով, խճճված, թանձր վրձնով: Այդ ոճով կատարված կոմպոզիցիաներն անսպասելիորեն վառ ասոցիացիաներ են առաջացնում: Թվում է՝ նկարիչը պայքարում է անհնազանդ նյութի հետ՝ հաղթելով նրան, մեզ է ցուցադրում նրա դրվատված էությունը, որից ի հայտ է գալիս արդեն մեկ այլ իրականության պատկեր՝ երբեմն նուրբ, հոգևոր (“Ծնունդ”, “Տեսիլք”, “Հրապուրանք”), երբեմն՝ բռնակալական (“Արքա”):

 

 

Հանդիսատեսը, ով հանդիպում է Վ. Թևոսյանի աշխատանքներին, զգում է հեղինակի այդ անհանգիստ հուզմունքը, որը նա ավելի է խորացնում է ֆակտուրայի, գույնի և լույսի էֆֆեկտներով: Այսպես նա նկարում է նաև դիմանկարային կոմպոզիցիաները, որոնցում մեզ գրավում է այդ կերպարների ոչ ժպտադեմ, կենտրոնացված լարվածությամբ լի ուժը (“Տաթևիկ”, “Ճապոնուհի”, “Իտալուհի”): Նրանք հակված չեն կասկածների կամ տատանումների: Նրա դիմանկարային աշխատանքների նուրբ պարզության, դրանց կերպարների հստակ ուրվագծերի մեջ ընթերցվում է ֆիզիկական ու հոգևոր ինքնատիրապետումը:

Վ. Թևոսյանը զարմացնում է իր գեղարվեստական միջոցների շարժունակությամբ, բայց չի ձգտում ճնշել մեզ ճոխ անցումներով: Ակնհայտ է՝ նկարչի համար իրեն շրջապատող կյանքը լի է յուրահատուկ իմաստով, թե՛ մարդու, և թե՛ բնության մեջ ընդդիմադիր սկզբունքների պայքարով, իսկ այդ երևույթի բացահայտումը դեռևս չի էլ սպասվում: Միգուցե այդ է պատճառը, որ նրա գիտակցությունը, փորձելով ներթափանցել իրականության էության մեջ և փոխանցել իր զգացմունքները, հարում է դրամատիկ ընդհանրությունների ձևին: Դիմելով բնանկարներին՝ նկարիչը նպաստավոր տեսանկյուններ չի փնտրում, քանզի նա ավելի շուտ պատկերում է լանդշաֆտից ստացած իր տպավորությունները՝ փոխանցելով անսպառ երկրային հզորությունը և բնանկարները հագեցնելով հարավային գունային ու պլաստիկ շքեղությամբ և լույսի պայթուցիկ բռնկումներով (“Իմ գյուղը”, “Էտյուդ Անապայում”):

Մի շարք աշխատանքներում ուրվագծերի կոշտ պատկերումը թույլ է տալիս մտածել, որ նկարիչը փորձում է պաշտպանել ձևերը ոչնչացումից՝ դրանք պարփակելով ամուր, անխախտելի սահմանների մեջ, ինչը վերացնում է պլաստիկ ձևերի դետալների ու մանրամասների մեջ ընկղմվելու անհրաժեշտությունը:

Իհարկե, դեռևս վաղ է խոսել նկարչի որոնումների միասնականության մասին: Բայց կարելի է չկասկածել, որ նա պատկանում է այն ստեղծագործ անհատականությունների շարքին, ովքեր առանձնահատուկ սրությամբ զգում են իրականությունը: Զգացմունքային պոռթկման գագաթնակետում ծագող հուզումները դառնում են նրա ստեղծագործությունների “սյուժետներ”, ինչը երբեմն հանգեցնում է բացահայտ սուբյեկտիվ բնույթի խափանումների ու տարօրինակ խորհրդանիշերի: Բայց ընդհանուր առմամբ, իր ակտիվ փնտրտուքներում նրա հայացքն ուղղված է դեպի կյանքի առողջ կողմը՝ իր ուժեղ զգացմունքային իմպուլսներով, որոնք պետք է մարմնավորել գեղանկարչության լեզվով: Իսկ այստեղ օգնության է գալիս պրիմիտիվիզմին, էքսպրեսիոնիզմին բնորոշ առանձին հատկությունների օգտագործման ոճաբանի իր նուրբ հոտառությունը, ինչը առավել համապատասխանում է նրա անհատականությանը: Բայց ինքը՝ Վահե Թևոսյանը, ակնհայտորեն զգում է իր խառնվածքի այդ ռիսկային միտումը: Նա լիովին գիտակցում է, արվեստի “ազատության” այսօրվա պայմանները կարող են հանգեցնել արվեստի գաղափարի կազմալուծմանը: Այդ իսկ պատճառով էլ նա իր և իր կյանքի ճանապարհի համար որպես առաջնորդող խորհրդանիշ ընտրել է բուն՝ իմաստուն, զգացմունքային, գիտելիքը գնահատող թռչունին:

Եվ թո՛ղ նկարիչ Վահե Թևոսյանը հուսա և իմանա, որ, չնայած մեր պատմության փուլային անցման բոլոր դժվարությունների, ամենալավն իր համար դեռ առջևում է:

Արվեստաբան` Մարինա Ստեփանյան

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.