Խաչքարերի պատճենում Հայաստանում

2013թ-ի սեպտեմբերի 4-ին, ժամը 10:00-ին ԵԳՊ ակադեմիայի հրավերով և Մշակույթի նախարարության հովանավորությամբ «Հայոց խաչքարեր. Տակու-հոն. Խաչքարերի պատճենում Հայաստանում 2012-2016թ» անվանումը կրող ծրագրի շրջանակներում ԵԳՊ ակադեմիայում տեղի ունեցավ ճապոնացի պրոֆ. արվեստագետ Կունիտո Նագաոկայի աշխատանքային փորձառության դասը  քանդակագործության և գրաֆիկայի բաժնի ուսանողների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև քանդակագործության ամբիոնի վարիչ Գետիկ Բաղդասարյանը, ամբիոնի դասախոս Գարեգին Դավթյանը, Գագիկ Ստեփանյանը, միջազգային կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանը և պրոֆեսոր Նագաոկան իր օգնական Իրմտրաուդ Շմիցի և գերմաներենի թարգմանիչ Նաիրա Սուքիասյանի ուղեկցությամբ: Պրոֆեսորը տեսականորեն բացատրեց Տակու-հոն տեխնիկայի կիրառման մանրամասները, այնուհետև գործնականում ցուցադրեց, թե ինչպես է այն օգտագործվում: Գործնական փուլին անցնելուց առաջ պրոֆեսոր Նագաոկան ցուցադրեց և ուսանողներին գործնականում սովորեցրեց պատճենահանման համար անհրաժեշտ բարձիկների պատրաստման եղանակը: Որպես պատճենման նյութ ընտրվել էին երեք տարբեր նյութերից պատրաստված մոդելներ` ԵԳՊԱ բակում տեղակայված Արա Սարգսյանի հուշաքարը (քարից և բրոնզից), ցայտաղբյուրը (քարից) և ծառի կոճղ (փայտից):

 

 

Workshop-ի մասնակիցները մեծ բավականություն ստացան այս ուսուցողական դասից` փորձելով անել ինքնուրույն պատճենահանումներ Տակու-հոն տեխնիկայով, իսկ պրոֆ. Նագաոկան ուրախ էր, որ փոխանցեց ուսանողներին ևս մեկ տեխնիկայով աշխատելու հմտությունները, որը հետագայում անշուշտ կծառայի թե իրենց անհատական գործունեության համար և թե ի նպաստ հայկական ժառանգության պահպանմանը:

Ծրագրի մեկնարկը տրվել է 2011թ.ին և ընթանալու է մինչև 2016թ.: Այն իրականացվում է Մշակույթի նախարարության հետ համատեղ, որի նպատակն է փաստաթղթի տեսքով, ճապոնական բարակ և նուրբ թղթի վրա պահպանել խաչքարերի վրա փորագրված զարդաքանդակների, խորհրդանիշերի, փորագրությունների նրբությունը` ստանալով վերջիններիս ճշգրիտ պատճենները:  Այս ամենի համար կիրառվում է ձեռքով արվող հնագույն չինական-ճապոնական տեխնիկան` Տակու-հոնը, որի կիրառման ընթացքում խաչքարերը մնում են միանգամայն անվնաս: Այս տարի պրոֆ. Նագաոկան Տակու-հոն տեխնոլոգիայի օգտագործման համար արժանացել է կայսրի կողմից մրցանակի:

2013թ. համար որպես ուսումնասիրության վայր ընտրվել էր Նորադուսը, որին մասնակցեցին ԵԳՊԱ մի խումբ ուսանողներ` ինքնուրույն կատարելով խաչքարերի պատճենումներ:

 

Միջազգային կապերի բաժին

 

Leave a Reply