Թանգարանային գիշերը Գյումրիում

Արդեն 9-րդ տարին է, ինչ մայիս ամսվա մեջ մեկ օր Հայաստանը թանգարաններ է այցելում գիշերով… «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքն այս տարի անցկացվեց մայիսի 18-ին` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի Խորհրդի հովանավորության ներքո: Հայաստանում միջոցառմանը մասնակցում էր 88 թանգարան: Գյումրին ևս անմասն չի մնում «Թանգարանային գիշեր» ակցիային: Այս տարի միջոցառմանը մասնակցում էին Գյումրիի բոլոր թանգարաններն ու արվեստի կենտրոնները /Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, Մ. Մկրտչյանի, Ավ.Իսահակյանի, Ս. Մերկուրովի, Հովհ. Շիրազի տուն-թանգարաններ, Երանուհի և Մարիամ Ասլամազյանների թանգարան, Գալերի 25 և Ստիլ պատկերասրահներ և այլն/: Բոլոր թանգարաններում անցկացվում էին միջոցառումներ, որոնց մուտքն ազատ էր և որոնց համախմբում էր մեկ ընդհանուր նպատակ` թանգարանային գիտելիքը մատչելի և հասանելի դարձնել բոլորին: Միջոցառման շրջանակներում ընդգրկված էին «Հին քաղաքի լուսանկարներ» ցուցահանդես, «Հին Գյումրիում կիրառվող սպասք», «Ալեքսանդրապոլի տարազը», «Ձեռագործ մանկական հողաթափեր Հովհ.Շիրազի առակների թեմաներով» ցուցահանդեսները, ինչպես նաև երաժշտական համերգներ, դաշնամուրային կատարումներ, հյուրասիրություններ և այլն: Գյումրու Վարպետաց փողոցը լի էր մարդկանցով: Այստեղ են երեք նշանավոր գյումրեցիների` Ֆռունզիկի, Շիրազի և Իսահակյանի տուն-թանգարաննները:

 

 

Արդեն չորրորդ տարին է, ինչ «Թանգարանային գիշեր» ակցիային մասնակցում է նաև Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը: Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի /Ձիթողցոնց տուն/ տնօրինությունը ամենամյա միջոցառումների շարքն անցկացնում է ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների մասնակցությամբ: Թանգարանային օրվա բացումն արդեն քանի տարի է, ինչ սկսվում է ուսանողների կարած ժամանակակից և նորաձև զգեստների ցուցադրությամբ: Ցուցադրության ղեկավարը ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի զգեստի մոդելավորման բաժնի ամբիոնի վարիչ Տաթև Հարթենյանն է, ով միջոցառումներին ներկայացնում է իր ուսանողների մոդելավորած հագուստները: Պոդիումին մասնակցություն են ցուցաբերում տարբեր տարիքի մարդիկ, ցուցադրվում են տարբեր հագուստներ, իսկ միջոցառումն ավելի են գեղեցկացնում փոքրիկ մոդելները: Կարված զգեստների հեղինակները այս տարի դասախոսներ Քնարիկ Միքայելյանի և Տաթև Հարթենյանի ուսանողներն են: Արդեն ավանդույթ դարձած ցուցադրությունը տոն է դարձել գյումրեցիների համար: Այս տարի «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակներում ակադեմիան ունեցավ ևս մեկ մասնակցություն: Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի թանգարանում ԵԳՊԱ գեղանկարչության բաժնի ուսանողները ունեցան աշխատանքների ցուցահանդես, որոնք նկարում էին տեղում: Հումանիտար ամբիոնը օրվան իր մասնակցությունը ցուցաբերեց զեկուցումներով, որոնք կարդացին արվեստաբանները Ստիլ պատկերասրահում: ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղն այս անգամ ևս արդարացրեց միջոցառման կազմակերպիչների, ակադեմիայի և գյումրեցիների սպասելիքները:

 

Գոհար Նավասարդյան, Արվեստաբանության բաժին 3-րդ կուրս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.